3 Դեկտեմբեր, Գշ
Ո՛չ, հետ չի դառնում: Հիրավի, նա արժանի էր պատժի, սակայն Աստված, ողորմած լինելով, դարձյալ օգնում է այդ անուղղելի թագավորին, որպեսզի Իր աստվածային զորությունը տեսնելով` չար ճանապարհից հետ դառնա: Այդ ժամանակ Դամասկոսում գահակալող ասորիների թագավորը, որը հայտնի էր Ադերի որդի անվամբ, շրջակա երկրների թագավորների հետ միավորվելով, անհամար զորքով Աքաաբի դեմ է շարժվում և պաշարում Սամարիան, և այսպիսի մի պատգամ ուղարկում նրան. «Արծաթդ և ոսկիդ, կինդ և երեխաներդ և ամենը, ինչ ունես, ինձ է պատկանում»:
Թեև այդպիսի առաջարկ կամ պայման բացարձակապես անընդունելի և անհանդուրժելի էր, բայց քանի որ իսրայելացիների երկրում երեք և կես տարի անընդմեջ սով էր եղել, ու դրա պատճառով Աքաաբը և´ պաշարի, և´ զորքի առումով գրեթե ամբողջովին անպատրաստ էր, որի համար էլ թշնամին իրեն թույլ է տալիս այդպիսի հանդուգն լրբությամբ պատգամ ուղարկել: Աքաաբը, տեսնելով, որ ճարահատեալ վիճակում է և հուսալով, որ գուցե խոնարհ պատասխանով հնարավոր լինի թշնամուն հետ դարձնել, այսպես է ասում. «Ինչպես որ ասացիր՝ ես և իմ ունեցվածքը քեզ ենք պատկանում»: Սակայն ասորիների արքան, այս խոնարհ պատասխանից է´լ ավելի համարձակություն ստացած, առանց պատերազմելու Սամարիան կողոպտելու տենչով, նորից պատգամաբեր է ուղարկում Աքաաբի մոտ` ասելով. «Վաղը մարդիկ կուղարկեմ, որ քո և հպատակներիդ տներում ինչ հավանեն, վերցնեն և ինձ բերեն»: Երբ Աքաաբը, քաղաքի ծերունիներին հավաքելով, նրանց հաղորդում է թշնամու պատգամները, նրանք պատասխանում են. «Մի՛ ընդունիր նրա առաջարկը»:
Թեև սույն ծերունիները գիտեին, որ թշնամին զորեղ է, այնուհանդերձ, առանց պատերազմի թշնամուն անձնատուր լինելը մեծ նախատինք և անպատվություն համարելով, թագավորին խորհուրդ են տալիս մերժելու այդպիսի ամոթալի պայմանը: Սակայն Աքաաբը դարձյալ խոնարհությամբ պատասխանում է. «Ինչպես նախապես խոստացել եմ, քեզ կգոհացնեմ, սակայն թույլ չեմ տա, որ քաղաքը կողոպտես»: Սույն վճռական պատասխանից ասորիների թագավորն իր կուռքերի անուններով երդվում է, որ Սամարիան կործանելու զորություն ունի, և եթե Սամարիայի ամբողջ հողերը աղյուս և պատնեշներ լինեն, և իր զորքը ընդամենը մի- մի բուռ հող վերցնի դրանից, դարձյալ բավական չէ:
Իհարկե, սույն խոսքերով նա ցանկանում է Աքաաբին վախեցնել, սակայն սա պատասխանում է, որ դեռևս չհաղթած` ավելորդ է այդպես մեծաբանել: Ադերի որդին, այս պատասխանը լսելով, իսկույն հրամայում է քաղաքի շուրջը պարիսպ կանգնեցնել, թեև նույն պահին ինքը և իր հետ միավորված թագավորները կերուխումի և ժամանցի էին անձնատուր եղել: Երբ Աքաաբը տեսնում է, որ պատնեշի կառուցումն առաջ է ընթանում, և ինքն անկարող է որևէ կերպ արգելելու, սկսում է լրջորեն խորհել և անհանգստանալ իր վիճակի համար, և ահա Աստծուց մի մարգարե գալով հայտարարում է. «Մի՛ վախեցիր, այդ ամբողջ զորքի բազմությունը, որ տեսնում ես, Աստված քո ձեռքը պիտի հանձնի, որպեսզի իմանաս, որ ամեն ինչի տերը Նա է»:
Ուշադրությո´ւն դարձրու, որ Աքաաբը չի աղոթում Աստծուն, սակայն Աստված Իր ողորմությունը և զորությունը ցույց տալու համար հատուկ մարգարե է ուղարկում, որպեսզի Իսրայելի թագավորն Իր զորությունն ու գթությունը գիտակցի: Մանավանդ թշնամին, իր զորքի բազմության վրա հույս դնելով, իր կուռքերի անուններով է երդվում, որ կարող է իր զորությամբ հաղթել, ուստի Աքաաբի ձեռքով ցանկանում է պատժել նրանց, որպեսզի իմանան Իսրայելի Աստծու զորությունը: Աքաաբը Աստծու ուղարկած մարգարեից տեղեկանում է, թե ինչպես պիտի շարժվի, որ կարողանա հաղթանակել, և Իսրայել երկրի մեծամեծները, որոնք այդ պահին Սամարիայում էին, որոշում են, որ իրենք կարող են երկու հարյուր երեսուն մարդ տալ, և իսրայելացիների միջից էլ յոթ հազար քաջասիրտ մարդկանց ընտրելով` կեսօրին դուրս են գալիս քաղաքից:
Երբ ասորիների զորքը տեսնում է իսրայելացիներին, տեղեկացնում են իրենց թագավորին, որն իր վրանում հարբեցողության էր տրվել. սա հրամայում է նրանց ողջ բռնել և իր մոտ բերել` կարծելով, որ նրանք կա´մ բարեկամության, կա´մ թշնամության պատճառով են քաղաքից դուրս եկել: Սակայն երկու կողմերն իրար հանդիպելու ժամանակ իսրայելացիները հարձակվում են թշնամու վրա և սկսում հարվածել. նույն պահին Աքաաբը մի այլ յոթ հազարի հետ հանկարծ օգնության է հասնում, և ասորիները շփոթված սկսում են փախչել:
Այդ ժամանակ իսրայելացիները, նրանց հետապնդելով, այնպես են կոտորում թշնամու զորքը, որ Ադերի որդին հազիվ երեք մարդկանցով կարողանում է ազատվել: Այսպիսով, իսրայելացիները թշնամու բանակի ողջ ունեցվածքը կողոպտելուց հետո հաղթանակի փառքով և մեծ ուրախությամբ վերադառնում են Սամարիա: Վերոհիշյալ մարգարեն, որն Աքաաբին հաղթանակ էր խոստացել, նորից ներկայանում է Աքաաբին` ասելով. «Քաջալերվի՛ր և իմացի՛ր, որ Ադերի որդին մյուս տարի դարձյալ պիտի հարձակվի, ուրեմն պատրա´ստ եղիր»:
Արդարև, ինչքան էլ ասորիները մեծ կորուստներ են ունենում, և նրանց թագավորն էլ խայտառակ վիճակում փախչելով է Դամասկոս հասնում, սակայն դարձյալ կարողանում է անհամար զորք հավաքել և հաջորդ տարի վերստին Աքաաբի վրա հարձակվել, որպեսզի անցյալ տարվա վրեժը լուծի: Քանի որ նախորդ տարվա պատերազմի վայրը լեռնային էր, այս անգամ որոշում է դաշտավայրում պատերազմել: Նաև որովհետև նրա մարդկանցից ոմաք հասկացնում են, որ իսրայելացիների Աստվածը լեռների Աստված է, դաշտերինը չէ, և եթե նրանց հետ դաշտում պատերազմեն, անպայման կհաղթեն:
Այս խոսքով նրանք Աստծու ամենազոր, ամենիշխան և ամենուրեք լինելն են ժխտում, որը, կարելի է ասել, Նրա գերագույն տերությանը հայհոյելն է, քանի որ հայհոյություն է ուրանալ, ինչ Աստված ունի, և դավանել, ինչ չունի*: Երբ մեկ տարին լրանում է, վերը հիշատակվածի համապատասխան` ասորիների թագավորն իր բանակը դաշտում է տեղակայում: Թեև Աքաբը նույնպես իր զորքը նրա հանդիման էր կանգնեցրել, սակայն յոթ օրն անցնում է առանց պատերազմի, ութերորդ օրը վերոհիշյալ մարգարեն, Աստծու հրամանով Աքաաբի մոտ գալով, ասում է. «Որովհետև ասորիները ասացին, որ իսրայելացիների Աստվածը լեռների Աստված է, դաշտերինը չէ, սրա պատճառով Աստված նրանց քո ձեռքը պիտի մատնի, որպեսզի հասկանան, որ ամեն ինչի Տերն Աստված է, ամենակարող է, Նրա իշխանությունը ամենուրեք է»:
Այդ ժամանակ Աքաաբը, հարձակվելով թշնամու վրա, Աստծու զորությամբ նրա հետևակ զորքից հարյուր հազար մարդ է կոտորում, մյուսները փախչելով գնում են և գունդ-գունդ ապաստանում Ափեկ քաղաքի պարիսպների ներքո, որն այդ պահին փլվելով` քսանյոթ հազար մարդ էլ այնտեղ է կորչում: Ասորիների թագավորը, իր բանակի այսպիսի բեկումը տեսնելով, թեև փախչում է քաղաք և ազատվում, սակայն ցանկանալով թաքնվել, երկյուղից սենյակից սենյակ է մտնում: Նրա նախարարներից ոմանք նրան ասում են. «Իսրայելի թագավորը գթառատ սիրտ ունի, եթե քուրձ հագնես, մեր պարանոցներից էլ պարաններ կապելով` նրա մոտ տանես, թերևս ների». որովհետև այլ կերպ նրանց փրկությունն անհնարին էր:
Արդարև, երբ նրանք կատարում են այս մտադրությունը, Աքաաբը անմտաբար հայտարարում է. «Եթե Ադերի որդին դեռևս ողջ է, իմ եղբայրն է»: Նրա այսպիսի պատասխանից հետո հայտնում են, որ ողջ է և այնտեղ է գտնվում, ուստի անմիջապես կանչել է տալիս և այդ անզգամ թշնամուն ընդունում է իր կառքում: Ահա այս եղանակով ազատվելով` ասորիների թագավորն ուրախացած խոստանում է վերադարձնել Իսրայելի քաղաքները, որ իր հայրն էր նախկինում գրավել: Նաև խոստանում է իսրայելացի վաճառականներին Դամասկոսում ազատ վաճառականության թույլտվություն շնորհել, ինչպես ասորիներն են Սամարիայում նույն արտոնությունը վայելում: Վերջապես խոստանում է այլևս իսրայելացիների դեմ չպատերազմել և միշտ բարեկամ մնալ իսրայելացիների թագավորին:
Հիրավի, հիշյալը, նեղ դրության մեջ ընկնելով, այդ խոստումներն է տալիս: Աքաաբը նույնպես իր այդ հաղթանակից հետո, թշնամուն այդպիսի նկուն վիճակում տեսնելով, և՛ իր փառքի, և՛ շահի համար հպարտ, նրան սպանելու փոխարեն ազատ է արձակում: Սակայն քանի որ Ադերի որդին նախկինում հայհոյել էր Աստծու գերագույն Տերությունը, ուստի մահվան էր արժանի, և այդ ամբարիշտ մարդուն ազատ թողնելը բացարձակապես հակառակ էր Աստծու փառքին և արդարությանը:
Իսկ Աքաաբի նպատակը ոչ թե Աստծու Փառքն ու արդարությունն էին, այլ միմիայն իր անձնական փառքն ու շահը, և դրա պատճառով Աստված բարկանալով Ադերի որդու փոխարեն Աքաաբին է մահվան դատապարտում, սակայն նախապես մարգարե ուղարկելով` ցանկանում է Աքաաբին հայտնել նրա հանցանքը, որպեսզի մարդիկ խրատվելով Աստծու հրամաններին հակառակ չկանգնեն: Արդ, մարգարեներից մեկը, Աստծով ներշնչված, իր ընկերներից մեկին առաջարկում է վիրավորել իրեն, և երբ նա չի համաձայնում, պատասխանում է. «Աստծու հրամանը չլսելուդ համար ինձնից բաժանվելուց հետո առյուծը սպանելու է քեզ»:
Արդարև, նրան իր մարգարե ընկերոջից հեռանալուց հետո ճանապարհին առյուծ է հանդիպում, և գազանն անմիջապես սպանում է նրան: Իսկ մարգարեն, մի այլ մարդ գտնելով, առաջարկում է վիրավորել իրեն, սա էլ, մարգարեին ապտակելով, վիրավորում է, մարգարեն, երեսը ծածկելով, կանգնում է ճանապարհին: Այդ պահին, երբ Աքաաբը, հաղթանակից ուրախ, զվարթ, Սամարիա էր վերադառնում, այդ վայրից անցնելու ժամանակ մարգարեն խոսքը թագավորին է ուղղում և բարձրաձայն ասում. «Տե՛ր իմ, ծառադ զորքի հետ պատերազմի գնաց, մեկ` ինձ, մեկ ուրիշի ցույց տալով, ասաց. «Այս մարդուն հսկի՛ր, եթե փախչի, նրա փոխարեն անձդ կամ քո փրկագինն եմ պահանջելու», արդ, ծառադ այլ կողմ նայելիս այդ մարդը խույս տվեց և փախավ»»:
Աքաաբը, այս պատմությունը լսելով, պատասխանում է. «Ահա հանցանքդ խոստովանելով` քեզ մատնեցի՛ր, քանի որ հայտնի է, որ սպանել ես նրան»: Այն ժամանակ մարգարեն, դեմքի ծածկոցը մի կողմ տանելով, հայտնում է. «Քանի որ դու Ադերի որդուն ազատ արձակեցիր, նրան, ով մահվան էր արժանի, նրա փոխարեն դու պիտի մահանաս, նրա ժողովրդի փոխարեն քո ժողովուրդը պիտի մահանա»: Աքաաբը, այս մարգարեական խոսքը լսելով, շատ է տխրում և կոտրված սրտով է Սամարիա մտնում: Քանի որ հասկանում է, որ նա մարգարե է, ուստի նրա գուշակած պատիժն ու արտասանած վճիռը, ուշ թե շուտ, անպաճառ պետք է կատարվեն:
* Աստվածաբաների խոսքի համաձայն՝ Աստծու հատկանիշներն ուրանալը և Նրան օտար հատկանիշներ վերագրելը հայհոյություն է: