6 Հոկտեմբեր, Կիր
Պատասխան – Հրեշտակները չեն կարող գոյացաբար իրենց միացնել մարմինը՝ առանց անձնավոր միության, քանզի սա հատուկ է միայն Աստծո զորությանը: Կարող են նաև պատահաբար մարմին վերցնել, իրենց հետ միավորել և այդ մարմինը շարժել: Բայց ընդհանրապես իրենց մարմինն օդից են կազմում՝ խառնելով հաստ գոլորշիներին, որ մութ և փայլուն են և ճշմարիտ գույն ու ձև ընդունելով՝ մարմնավորի տեսք են տալիս: Իսկ երբ աներևութանան՝ իսկույն օդ և գոլորշի դառնալով, այդ մարմինը կցնդի: Այսպես է կարծում Վասկվեսը: Սրանից հայտնի է դառնում, թե այն մարմինները, որոնցով երևում են հրեշտակները, իրական չեն, այլ զուտ տեսանելի մի բան, ինչպես երբեմն ամպի մեջ են զանազան ձևեր երևում:
Արդ՝ այսպիսի մարմնով հրեշտակը չի կարող սովորական կենդանի էակներին բնորոշ գործ կատարել, ինչպես, օրինակ, ուտել, խոսել և այլն: Քանզի այսպիսի գործերի համար կենդանի մարմին է հարկավոր, իսկ հրեշտակը չի կարող մարմին կենդանացնել, այլ կարող է միայն այնպիսի գործեր կատարել, որ չկասկածենք դրանց ճիշտ կամ սուտ լինելուն:
Այսպիսի մարմինները ճշմարտապես հաստ և թանձր չեն, ինչպես ուրիշ մարմինները: Եվ երբ շոշափում ենք, հնարավոր է, որ կարծենք, թե ճշմարիտ մարդկային մարմիններ չեն, բայց իրենք ինչպես ուզեն, այնպես կարող են ցույց տալ: Ինչպես մեր հոգին մարդկային մարմնի մեջ երբեմն թույլ, երբեմն ուժեղ է ցույց տալիս մարդկային զգացումները, այնպես և հրեշտակները թույլ են տալիս Աբրահամին շոշափել իրենց, երբ ոտքերն է լվանում (Ծննդ. 18:4), և երբ Ղովտի ձեռքից բռնելով՝ հանում են Սոդոմ քաղաքից (Ծննդ. 19:16):