Մեծահարուստն ինչո՞ւ չէր ուզում, որ իր եղբայրներն էլ դժոխք գնալու դատապարտվեն:

Որպեսզի իր պատիժն առավել չսաստկանա, քանի որ ինքը, նրանց վատ օրինակ տալով, նրանց մեղքերի պատճառ էր եղել: Նաև Ղազարոսի հանգիստ վիճակին նախանձելով՝ ուզում է, որ նորից աշխարհ գնալով՝ դարձյալ չարչարվի:

Այս պատմությունը բոլորի համար մեծ խրատ է. ունեցվածքի մեծությամբ ու շատությամբ հպարտանալով՝ բնավ մի՛ ուրախացիր, ընդհակառակը, վախեցի՛ր, որ միգուցե մարմնավոր զվարճությունների հակված լինելով՝ մեղքի մեջ ընկնես: Մանավանդ քանի որ ձեռքումդ պատեհություն ունես, աղքատներին ու կարոտյալներին ողորմությո՛ւն տուր, որպեսզի ժամանակին քեզ էլ ողորմություն անող գտնվի: Եթե ճակատագրի բերումով աղքատության կամ ցավի ու փորձանքի մեջ ընկնելու լինես, բնավ մի՛ տրտմիր և ոչ էլ գանգատվիր, այլ Աստծու անհուն ողորմությանն ապավինելով՝ հոժարակամ սիրով համբերի՛ր, որպեսզի սրբերի և արդարների անվախճան հանգստին հասնելու արժանի լինես:

Ահա այս պարագայում իմաստուններն ու հիմարները տարբերվում են իրարից, որովհետև անցավոր աշխարհի ունեցվածքով ու նեղությամբ արքայությունը շահելը իմաստություն է, իսկ աշխարհի զվարճությունների համար դժոխք գնալը հիմարություն է պարզապես: Այս պատճառով արքայությունը ժառանգողները բոլորն էլ  իմաստուն, իսկ դժոխք գնացող բոլորը հիմար են համարվում:

Երբ Հիսուսը, վերոհիշյալ առակները ժողովրդին քարոզելով, դեռ Հորդանանի մյուս կողմում էր գտնվում, այդ ժամանակ Ղազարոս անունով մի մարդ, որին նա սիրում էր, Բեթանիա գյուղում հիվանդ էր: Այդ պատճառով Մարիամ և Մարթա քույրերը, Հիսուսի մոտ մարդ ուղարկելով, թեև տեղեկացնում են իրենց եղբոր հիվանդության մասին, բայց չեն ասում, թե ե՛կ և բժշկի՛ր նրան կամ էլ մի բա՛ն ասա, որ մեր եղբայրը բժշկվի, քանի որ նրա գործած հրաշքները տեսնելով՝ գիտեին, որ եթե կամենա, կարող է նաև իրենց եղբորը բժշկել:

Հիրավի, Ղազարոսի հիվանդությունը Հիսուսին հայտնի էր, սակայն լուրն առնելուց հետո էլ չհրամայեց, որ բժշկվի: Ընդհակառակը, երկու օր ևս մնում է գտնված տեղում, մինչև որ Ղազարոսը մեռնի, որպեսզի երբ հետո գնալով՝ կենդանացնի նրան, իր մեծ զորությունը բոլորին հայտնի դառնա, և ժողովուրդը, իրեն հավատալով, ողորմության արժանանա: Այս պատճառով ասում է. «Այդ հիվանդությունը մահվան համար չէ, այլ Աստծու փառքի համար, քանի որ դրանով Աստծու Որդին պետք է փառավորվի»:

Ստույգ է, որ Ղազարոսն այդ հիվանդությունից մեռավ, բայց որովհետև չորս օրից պետք է հարություն առներ, այդ պատճառով Հիսուսն ասաց, թե մահվան համար չէ, որպեսզի նույն հիվանդությունն ու մահը բնական չկարծվեն: Հետո առաքյալներին ասում է, «Նորից Հրեաստան գնանք», այսինքն՝ Երուսաղեմ: Սակայն քանի որ հրեաները նախկինում ուզել էին քարկոծել նրան (ինչպես ԽԱ. հարցում հիշվեց), նրանք պատասխանում են. «Վարդապե՛տ, դեռ քիչ առաջ քեզ քարկոծել էին ուզում: Նորից այնտե՞ղ պետք է գնաս»: Եվ քանի որ առանց իր կամքի ոչ ոք չէր կարող իր վրա ձեռք բարձրացնել, այդ պատճառով ասում է. «Ով ցերեկով է քայլում, չի սխալվի և չի ընկնի: Գիշերով գնացողը կսայթաքի ու կընկնի»:

Հիսուսն այս պատասխանով կամենում է ասել, թե՝ «Հրեաներից մի՛ վախեցեք. քանի որ մեռնելուս ժամանակը դեռ չի եկել, չեն կարող ինձ սպանել»: Որովհետև Ղազարոսն էլ այդ ժամանակ մեռած էր, նորից ասում է, թե՝ «Մեր բարեկամ Ղազարոսը ննջեց, գնամ արթնացնեմ նրան»: Թեպետ նա այս խոսքով Ղազարոսի մահը իմացնել ուզեց, բայց առաքյալները կարծեցին, թե հասարակ քնի մասին ասաց, որի պատճառով պատասխանեցին, թե՝ «Եթե քնեց, ուրեմն անշուշտ կելնի»: Այն ժամանակ ոչ միայն բացահայտ ասում է, թե Ղազարոսը մեռավ, այլև հայտնում է, որ ինքն ուրախ է դրա համար, որպեսզի երբ գնալով վերակենդանացնի նրան, հավատան իրեն:

Այնուհետև Հիսուսը Բեթանիա է գալիս, երբ Ղազարոսը չորս օրից ի վեր արդեն մեռած և թաղված էր, և բազմաթիվ հրեաներ ևս այնտեղ էին Մարիամին ու Մարթային մխիթարելու համար: Մարթան լսում է, որ Հիսուսը եկել է, և Մարիամին տանը թողնելով՝ իսկույն ընդառաջ է գնում Հիսուսին ու ասում. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս չէր մեռնի: Սակայն գիտեմ, որ Աստծուց ինչ որ խնդրես, կշնորհի քեզ»: Հիսուսը նրան պատասխանում է. «Եղբայրդ հարություն կառնի»:

 Մարթան Հիսուսի այս խոսքը վերջին դատաստանի օրվա մասին հասկանալով՝ ասում է. «Գիտեմ, որ նա հարություն պիտի առնի, բայց հարության օրը»: Հիսուսը պատասխանում է. «Ես եմ հարությունը և կյանքը: Ով որ հավատա ինձ, թեև մեռնի իսկ, կապրի, և եթե կենդանի է, բնավ չի մեռնի»: Հիսուսն այս խոսքերով իր աստվածությունն է հայտնում, ինչպես նաև այն, որ իրեն հավատացողը  անվախճան կյանքի պիտի հասնի հոգով: Եվ երբ հարցնում է Մարթային, թե հավատո՞ւմ է արդյոք, նա իսկույն խոստովանում է՝ ասելով. «Այո՛, ես հավատացած եմ, որ դու ես Քրիստոսը (Մեսիան)՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»:

Ապա քրոջը՝ Մարիամին գաղտնի լուր է ուղարկում, թե վարդապետը եկել է և քեզ է կանչում: Նա էլ իսկույն գնում է, իսկ տանը գտնվող հրեաները, կարծելով, թե Մարիամը գնում է գերեզմանին լալու, իրենք էլ նրա հետևից գնում են:  Երբ Մարիամը գալիս և տեսնում է Հիսուսին, նրա ոտքերին փարվելով՝ արտասվալից աչքերով ասում է. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս չէր մեռնի»: Հիսուսը, տեսնելով, որ նա և նրա հետ եղած հրեաները լաց էին լինում, ինքն էլ տրտմությունից արտասվում է և հարցնում. «Որտե՞ղ եք դրել նրան»: Նրանք պատասխանում են. «Տե՛ր, ե՛կ և տե՛ս»:

Ճիշտ է, Հիսուսը գիտեր, թե Ղազարոսը որտե՛ղ էր թաղված, բայց այդ հարցը տվեց աշխարհին հայտնելու համար, որ ինքը կատարյալ մարդ է: Այդ նույն մտքով պիտի հասկանալ նրա տրտմելն ու արտասվելը: Սակայն հրեաները սկսեցին ասել. «Տեսե՛ք՝ որքա՜ն է սիրում նրան»: Իսկ ոմանք էլ ասում էին. «Մի՞թե նա, որ ի ծնե կույր մարդու աչքերը բացեց, չէր կարող խանգարել, որ սա չմեռնի»: Երբ Հիսուսը գերեզման եկավ, հրամայեց, որ նրա վրա դրված քարը վերցնեն, որովհետև այդ գերեզմանը այրի նման էր, և վրան մի մեծ քար էր դրված: Այդ ժամանակ Մարթան հայտնում է, թե մեռյալը չորս օր է, ինչ թաղված է և հոտած կլինի: Հիսուսը պատասխանում է. «Ես քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնենս»:

Արդարև, քանի որ Մարթան դրանից առաջ նրան Աստծու որդի էր ճանաչել և խոստովանել էր, որ նրա կամքը կկատարվի, ինչ էլ որ լինի, և քանի որ Հիսուսն էլ խոստացել էր նրան, որ եղբայրը հարություն պետք է առնի, այդ պատճառով հարկավոր չէր ասել, թե՝ հոտած է: Բայց սրա հետ կապված գաղտնի խորհուրդ էլ կա, որովհետև նախքան մեռելներից Ղազարոսի հարություն առնելը նրա հարությունը կանխավ հայտնելով՝ Հիսուսը հաստատեց, որ իր խոստմանը հավատարիմ է, և սա մեծ քաջալերություն եղավ բոլոր իրեն հավատացողներին:

Ահա երբ վերոհիշյալ քարը գերեզմանի վրայից վերցրին, Հիսուսը, դեպի երկինք նայելով, գոհություն է հայտնում Հայր Աստծուն և հենց որ ասում է, թե՝ «Ղազարո՛ս, արի դո՛ւրս եկ», մեռյալն իսկույն դուրս է գալիս իր պատանքով: Հիսուսն ասում է. «Արձակե՛ք նրան և թողե՛ք, որ գնա»:  Այս մեծ հրաշքը տեսնողներից  շատերը հավատացին Հիսուսին, բայց ոմանք էլ նախանձից և ատելությունից շտապեցին ու իրենցից ավելի չար ու նախանձ փարիսեցիներին պատմեցին հրաշալի իրողությունը:

 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․