Կատարելություն

Մի այգեպանի որդի, խնձորենու ծառի տակ նստած, Ավետարան է կարդում` հասնելով այն տողերին, թե կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ... Ծառից կարմրահաս խնձոր է ընկնում: Երիտասարդը վերցնում է, զամբյուղի մեջ դնում: Այնուհետև նայում է ծառին, որոշում հավաքել բոլոր հասուն պտուղները: Հաջողությամբ մի քանի զամբյուղ արագ լցնում է խնձորներով և ասում.

- Տե՛ր իմ, գոհ եմ, որ ինձ լուսավորեցիր` ցույց տալով կատարելության ուղին: Կաշխատեմ կարճ ժամանակում հավաքել բոլոր պտուղները և մինչ մայրամուտը գործն ավարտին հասցնել:

Արագ-արագ սկսում է զամբյուղները խնձորներով լցնել ու ժամանակ առ ժամանակ արեգակի տեղաշարժին ուշադրություն դարձնել: Մի դև նկատում է այս մարդու շտապողականությունը, բարձրանում ծառի վրա և ճյուղերը փոքր-ինչ շարժում: Հասուն պտուղներն անձրևի նման թափվում են: Այգեպանի որդին մեծ փութաջանությամբ գետնին թափված խնձորները լցնում է զամբյուղները և հիացմունքով շունչ առնում`նայելով իր աշխատանքի արդյունքին: Դևը չարամտորեն ամբողջ ուժով թափահարում է ծառի մյուս ճյուղերը, ակնթարթորեն անցնում մի այլ խնձորենու ծառի վրա և սրա ճյուղերն էլ շարժում և այսպես ամբողջ այգու ծառերի ճյուղերը ու պտուղներով ծածկում այգու գետնածածկ կանաչը...

Երիտասարդը, շնչակտուր և ուժասպառ լինելով, շվարած ասում է.

- Տե՛ր Աստված, ինձ երկու ձեռք ես տվել, այլևս չեմ հասցնում խնձորները հավաքել և իմ գործը կատարյալ ավարտին հասցնել:

Երկնքից մի ձայն է լսվում.

- Ավետարանի պատգամները կարդալով ըստ քո ցանկությունների մի հասկացիր, այլ պարզապես հետևիր այդ պատգամներին. ես չասացի կատարյալ գործեր արեք, այլ կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ և զուր տեղը ձեզ փորձության մի մատնեք...

 

Հովհաննես Մանուկյան

10.07.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․