12 Հոկտեմբեր, Շբ
Չզղջացին, ընդհակառակը, սաստիկ հպարտ և համառ լինելով՝ ավելի չարացան: Հաջորդ օրը քահանայապետներն ու փարիսեցիները, Պիղատոսին դիմելով, զինվոր խնդրեցին Հիսուսի գերեզմանը երեք օր պահպանելու համար, որպեսզի հանկարծ աշակերտները, գիշերով նրա մարմինը գողանալով, չասեն, թե հարություն առավ, քանի որ Հիսուսը շատ անգամ էր ասել, որ խաչը ելնելով՝ երեք օր հետո հարություն պիտի առնի:
Բացի այդ, որպեսզի ոչ մեկի կողմից խարդախություն չլինի, զինվորների հետ մեծ զգուշությամբ գերեզմանի դուռն էլ կնքեցին: Եվ որովհետև Մարիամ Մագդաղենացին ցանկանում էր զմռսել Հիսուսի մարմինը, երբ լսեց, որ գերեզմանը պահպանելու համար զինվորներ են նշանակված, շաբաթ երեկո՝ արևը մայր մտնելուց հետո, մյուս Մարիամի հետ գալիս է գերեզմանը տեսնելու, որպեսզի հաջորդ օրը, երբ գա զմռսելու, ներս մտնելու համար հարկ եղածը կարգավորի:
Հիրավի, զինվորների վարքագծին նայելով, քանի որ բազմաթիվ էին և մեծ զգուշությամբ էին պահպանում, ակնհայտ էր, որ դժվար էր լինելու իրենց մտադրությունն իրականացնելը: Այդուամենայնիվ շաբաթը անցնելուց հետո Հակոբի մայր Մարիամի և Սողոմեի հետ գնում են ու անհրաժեշտ նյութերը պատրաստում: Սակայն քանի որ կեսգիշերից հետո Հիսուսը հարություն էր առած եղել, ներս մտնելու դժվարություն բնավ չմնաց, որովհետև նույն միջոցին երկիրը շարժվեց, և հրեշտակը ձյունի պես ճերմակ հանդերձներով հայտնվեց փայլակի նման ու գերեզմանի դռան քարը մի կողմ գլորելով՝ դրա վրա նստեց: Իսկ պահապաններն այս սարսափելի երևույթը տեսնելով՝ այն աստիճան խռովվեցին ու վախեցան, որ մեռելի կերպարանք ստացան:
Երբ նրանք, այսպես բոլորովին շփոթված, մոռացության էին մատնված, կիրակի օրը շատ վաղ՝ դեռ արևը չծագած, Մարիամ Մագդաղենացին միայնակ գերեզման եկավ, և տեսավ, որ կափարիչ վեմ քարը հեռացված է: Կարծելով, թե Հիսուսի մարմինն այնտեղից վերցրել են, մեծ տրտմությամբ իսկույն վերադառնում է Պետրոս և Հովհաննես առաքյալներին տեղեկացնելու, որովհետև չգիտեր, որ հարություն է առել:
Այդ ժամանակ Պետրոսն ու Հովհաննեսը, մեծապես զարմացած, իսկույն ուղղվում են դեպի գերեզմանոց: Երիտասարդ լինելով՝ Հովհաննեսը թեև Պետրոսից առաջ է տեղ հասնում, բայց ներս չի մտնում, այլ միայն կռացած դեպի ներս նայելով՝ տեսնում է պատանքը, որ այնտեղ էր: Ապա երբ Պետրոսը գալիս է ու մտնում գերեզման, տեսնում է պատանքն ու գլխի վարշամակը, որ պատանքի հետ չէր, այլ առանձին ծալված-դրված էր մի կողմում: Այդ ժամանակ Հովհաննեսը նույնպես ներս է մտնում և հավատում է, որ Հիսուսի մարմինը գողացված է: Ոմանք ասում են, թե Հովհաննեսը հավատում է, որ հարություն է առել, որովհետև դեռ չգիտեին, թե հարություն պիտի առնի: Ուստի վերադառնալով գալիս են մյուս առաքյալների մոտ: Մարիամ Մագդաղենացին ևս նրանց հետ է գնում:
Երբ սրանք գերեզմանից հեռացան, շատ չանցած՝ մյուս կանայք, որոնք ուրբաթ երեկո Հիսուսի մարմինը օծելու համար պատրաստել էին անհրաժեշտ անուշահոտ յուղն ու խունկը, գերեզման են գալիս և դուռը բաց գտնելով՝ թեպետ ներս են մտնում, բայց նրա մարմինն այնտեղ չեն գտնում, և մինչ զարմանախառն երկյուղով լցված սպասում էին, մարդկային կերպարանքով երկու հրեշտակ, լուսապայծառ հանդերձներով նրանց երևալով, ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Նա այստեղ չէ, հարություն առավ: Հիշե՛ք, որ Գալիլեայում ձեզ ասաց, որ խաչը ելնելով՝ երրորդ օրը հարություն պետք է առնի»: Այս մասին Հիսուսի նախապես ասածը մտաբերելով՝ նրանք իսկույն գնում են և առաքյալներին ու նրանց հետ գտնվող բոլոր աշակերտներին պատմում են, ինչ տեսան և լսեցին:
Վերոհիշյալ կանանց՝ գերեզմանից հեռանալուց անմիջապես հետո Մարիամ Մագդաղենացին, որ տեղյակ չէր նրանց գալստյան մասին, դարձյալ գերեզման է գալիս: Եվ երբ դրսում կանգնած լաց է լինում ու կռանալով ներս է նայում, այն տեղում, որտեղ պառկած էր Հիսուսը, սպիտակ հանդերձներով երկու հրեշտակներ է տեսնում, որոնցից մեկը նստած էր գլխի կողմում, մյուսը՝ ոտքերի: Հրեշտակները նրան հարցնում են, թե ինչո՛ւ է լալիս: Մարիամը, կարծելով, թե նրանք մարդիկ են, պատասխանում է. «Իմ տիրոջն այստեղից վերցրել են, ու չգիտեմ, թե ո՛ւր են դրել նրան»:
Մինչ Մարիամն այս պատասխանն էր տալիս հրեշտակներին, ինքը Հիսուսն է երևում պարտեզում: Հրեշտակները, նրան տեսնելով, հարգանքի մի շարժում են անում: Երբ Մարիամը շրջվելով նայում է, թեև տեսնում է Հիսուսին, բայց կարծում է, թե պարտիզպանն է: Հիսուսը նրան հարցնում է, թե՝ «Ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»* Մարիամը շտապում է պատասխանել. «Տե՛ր, եթե դու ես վերցրել նրան, ասա՛ ինձ, որ ես վերցնեմ նրան»:
Հիրավի, Մարիամը, սրտառուչ և սաստիկ սիրով ու արտասուքով որոնելով Հիսուսին, գտավ նրան, սակայն որովհետև չճանաչեց, Հիսուսը որոշեց՝ նրա անունը տալով՝ ինքը հայտնի նրան, որպեսզի իր հարություն առնելն իմանալով՝ մխիթարվի: Այդ ժամանակ Մարիամը նրան ճանաչելուն պեսվարդապետ կոչեց ու կամեցավ ոտքերին փարվել՝ կարծելով, թե ուրիշ անգամ այլևս տեսնել չի կարողանա:
Սակայն Հիսուսը, որ քառասուն օր երկրի վրա պետք է մնար իր հարությունը հաստատելու համար, նրան արգելում է իրեն մոտենալ և պատվիրում է, որ իսկույն գնա և առաքյալներին տեղեկացնի, որպեսզի նրանք ևս մխիթարվեն ու քաջալերություն ստանան: Այդ պատճառով եղբայր անունն է տալիս նրանց: Մարիամը, հետևելով Հիսուսի պատվիրանին, շտապում է անմիջապես գնալ ու պատմել առաքյալներին և մյուս աշակերտներին, որ ինքը տեսել է Տեր Հիսուս Փրկչին՝ միաժամանակ նրանց հաղորդելով նրա մխիթարական ու քաջալերիչ խոսքերը:
Երբ Մարիամ Մագդաղենացին առաքյալներին պատմում էր Հիսուսի հարության մասին, այդ նույն ժամանակ Հակոբի մայրը՝ Կղեոպասի Մարիամը, և Սողոմեն արևագալի ժամանակ, ինչպես նաև ուրիշ կանայք գերեզման են գալիս առանց իրարից տեղեկություն ունենալու, և որովհետև գիտեին, որ գերեզմանի դուռը փակված է մի վեմ քարով, այդ պատճառով ճանապարհին միմյանց հարցնում էին, թե ո՛վ պետք է քարը շրջի իրենց համար, քանի որ այն շատ մեծ էր, և իրենք չգիտեին, որ հրեշտակն արդեն գլորել էր այն:
Երբ սրանք գալով տեսնում են քարը մի կողմ դրված, ներս են մտնում և գերեզմանի աջ կողմում սպիտակ հանդերձով մի երիտասարդ տեսնելով, որ հրեշտակ էր, սաստիկ վախենում են, բայց հրեշտակն ասում է նրանց. «Մի՛ վախեցեք, գիտեմ, որ Նազովրեցի Հիսուսին եք փնտրում: Նա հարություն առավ, այստեղ չէ: Ահա՛ նրա տեղը, որտեղ դրեցին նրան, ուստի գնացե՛ք և ասացե՛ք նրա աշակերտներին ու Պետրոսին, որ ձեզնից առաջ Գալիլեա է գնում, և այնտեղ կտեսնեք նրան, ինչպես որ ձեզ արդեն ասված է»:
Ճիշտ է, հրեշտակի այս խոսքերը լսելով՝ վերոհիշյալ կանայք շատ ուրախացան, բայց նախապես իրենց զգացած երկյուղի պատճառով ասես խույս տալով՝ այն աստիճան աճապարանքով գնացին, որ ճանապարհին իրենց տեսած երևույթի մասին ոչ մի խոսք չփոխանակեցին, ոչ էլ ուրիշներին որևէ բան ասացին: Երբ այսպես երկյուղով պաշարված գնում էին, նրանց սիրտը հանդարտեցնելու համար Հիսուսը հայտնվեց նրանց՝ ասելով՝ «Ողջ եղե՛ք», իսկ նրանք, Հիսուսի ոտքերն ընկնելով, երկրպագություն մատուցեցին նրան:
Եվ ինչպես որ հրեշտակն էր ասել, նույնն էլ Հիսուսն է ասում նրանց. «Մի՛ վախեցեք, գնացե՛ք , ասե՛ք եղբայրներիս, որ Գալիլեա գնան ինձ տեսնելու համար»: Թեպետ այդ երջանիկ կանայք, Հիսուսի հարությամբ ուրախացած, նրա պատվերի համաձայն գնալով, պատմում են առաքյալներին, բայց սրանք, կանանց խոսքերը շաղակրատանք համարելով, չեն հավատում նրանց, ինչպես չհավատացին նաև Մարիամ Մագդաղենացուն:
Այդ ժամանակ Պետրոսը նորից գնում է գերեզման, որպեսզի իրողությունը քննելով ստուգի: Երբ այնտեղ պատանքից բացի այլ բան չտեսնելով՝ զարմացած ինքն իրեն հարցնում է, թե ի՛նչ եղավ, ու այսպիսի խոհերով միտքը զբաղված՝ վերադառնում էր, Հիսուսը նրան էլ է երևում ճանապարհին (Ա Կորնթ. 15:5):
Այդ օրը երկու անձինք, որոնք աշակերտել էին Հիսուսին, Էմմավուս գյուղը գնալու ժամանակ ճանապարհին միմյանց հետ խոսում էին պատահած այս բոլոր դեպքերի մասին, և ահա Հիսուսը, ճանապարհորդի կերպարանքով մոտենալով նրանց, հարցնում է. «Ինչի՞ մասին եք խոսում և վիճաբանելով հանդերձ՝ տրտմած եք»: Այս ասելով՝ ընկերանում է նրանց: Սակայն նրանք չեն ճանաչում նրան, և աշակերտներից մեկը, որի անունը Կղեովպաս էր, ասում է Հիսուսին. «Միայն դո՞ւ ես Երուսաղեմում, որ չգիտես, թե ի՛նչ դեպքեր են տեղի ունեցել այնտեղ»: Իսկ նա, ձևացնելով, թե չգիտի, հարցնում է, թե ի՛նչ է պատահել, որպեսզի նրանք իրենց բերանով խոստովանեն:
Երկու աշակերտները հերթով սկսում են պատմել Հիսուսի մեծ և հրաշագործ զորության մասին, թե ինչպես իրենք հույս ունեին, որ նա պետք է փրկեր Իսրայելի ժողովրդին, որ քահանայապետները երեք օր է, ինչ նրան խաչելով՝ սպանեցին, և որ հատկապես կանանցից ոմանք տեղեկացրին իրենց, որ նա հարություն է առել: Այդ ժամանակ Հիսուսը հայտնում է նրանց, որ ըստ Սուրբ Գրքի ինքը պարտավոր էր չարչարվելով մեռնել և այդպես մտնել իր փառքի թագավորությունը: Այս հայտնում է, որպեսզի նրանք իրենց հավատքի մեջ չգայթակղվեն:
Այսպես խոսելով երբ գյուղին են մոտենում, Հիսուսը, գյուղ մտնել չկամենալով, առարկում է, թե հեռավոր մի տեղ պետք է գնա, բայց նրանք ասում են. «Ուշ է, մեզ մոտ մնա»: Եվ նրանց ստիպումով գյուղ մտնելով՝ նրանց հետ սեղան է նստում: Ապա հացն առնելով՝ օրհնում է ու կտրելով՝ տալիս նրանց, որով նրանք ճանաչում են նրան, սակայն Հիսուսն իսկույն աներևութանում է: Սրանից երկու աշակերտներն այնքան են ուրախանում, որ կերակուրը չկերած՝ իսկույն աճապարանքով Երուսաղեմ են գալիս առաքյալներին ավետիս տալու համար:
Սակայն որովհետև Հիսուսին Գալիլեայում տեսնելու պատվեր էր տրվել, ենթադրվում է, թե առաքյալները և ուրիշներ այդ ժամանակ հավաքված էին մի տան մեջ, որ գտնվում էր Ձիթենյաց լեռան մոտ գտնվող Գալիլեա կոչված տեղում: Այս պատճառով վերոհիշյալ Կղեովպասն ու նրա ընկերը, Գալիլեա գնալով, առաքյալներին պատմում են Հիսուսի հարության և Սիմոնին երևալու մասին, քանի որ նույն օրը լսել էին, թե նրան էլ է երևացել:
Մինչ նրանք այսպիսի խոսակցությամբ էին զբաղված, ահա Հիսուսն էլ նրանց մեջտեղում է կանգնում և ողջույն տալով ասում է. «Ես եմ, մի՛ վախեցեք»: Բայց որովհետև դուռը փակված էր, կարծելով, թե երևացողը ոգի է, սաստիկ վախենում են: Հիսուսը քաջալերում է նրանց՝ ասելով. «Ինչո՞ւ եք խռովվում, և ինչո՞ւ են ձեր սրտերում տարբեր մտքեր ծնվում: Տեսե՛ք ձեռքերս ու ոտքերս, իմացե՛ք, որ ես նույնն եմ: Ոգին մարմին ու ոսկոր չունի, ինչպես տեսնում եք, որ ես ունեմ»:
Այս ասելով՝ ձեռքերն ու ոտքերն է ցույց տալիս նրանց, որպեսզի մեխերի վերքերը տեսնելով՝ հավատան: Այդուամենայնիվ նրանք, չափազանց ուրախության պատճառով տակավին չհավատալով, հիացման մեջ էին: Հիսուսը ճշմարտապես հարություն առած լինելը նրանց ցույց տալու համար հարցնում է, թե կերակուր ունե՞ն: Երբ մի կտոր խորոված ձկան հետ մեղր են տալիս, այն վերցնելով՝ նրանց ներկայությամբ սկսում է ուտել և մնացորդը նրանց տալով՝ ասում է (ինչպես որ նախապես ասել էր, թե իր մասին Սուրբ Գրքի բոլոր գրվածքները պետք է կատարվեին, այս անգամ էլ կրկին հիշեցնելով՝ ասում է, թե բոլորը կատարվեցին). «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում և երկրի վրա: Ինչպես որ հայրս ինձ ուղարկեց, ես էլ ձեզ կուղարկեմ, որպեսզի գնաք և բոլոր ազգերին ապաշխարություն ու թողություն քարոզեք»:
Այս խոսքն ասելու ժամանակ փչեց նրանց վրա՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքին թողություն տաք, թող թողություն տրվի նրան, և եթե չտաք, թող չտրվի»: (այս մասին տե՛ս նաև ԼԶ. հարցում):