12 Հոկտեմբեր, Շբ
Մեր Տեր Հիսուս Քրիստոս փրկության Ավետարանում պատգամում է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»(Մատթ. Զ(6) 21), և իսկապես դա այդպես է:
Մեծ ունեցվածքի տեր մի մարդ` չափազանց ագահ, արծաթասեր ու անհագ, որը երբեք աղքատներին ողորմություն չէր տալիս, բարեգործություն չէր անում, ոչ էլ կարոտյալների պետքերն էր հոգում, այնպես պատահեց, որ հանկարծակի մեռավ: Նրա բարեկամներն ու ազգականները կարգադրեցին նրան հերձել, որպեսզի տեսնեն, թե ինչն էր նրա հանկարծահաս մահվան պատճառը: Եվ երբ հերձեցին նրան և սիրտը չգտան, սարսափահար եղան: Ապա բոլորն էլ գնացին այն սենյակը, որտեղ գանձն էր պահում, բացեցին պահարանը և ահա հանգուցյալ մարդու սիրտը գտան սատանայի ձեռքերում, որ վիշապակերպ նստել և պատառոտում էր այն: Եվ նայողներին ասաց.
- Այս ոսկին ու արծաթն այն գինն են, որոնց դիմաց ձեր բարեկամը վաճառել է ինձ իր սիրտը. իրավամբ այն իմ սեփականությունն է, ինչ կամենամ, այն էլ կանեմ:
***
Մի ծերունի քաղաք գնաց` իր ձեռագործ աշխատանքները վաճառելու: Պատահեց, որ մահամերձ վիճակում գտնվող մի մեծահարուստի դռան առջև նստեց: Եվ ահա տեսավ սևակերպ ձիեր և սևադեմ ու սարսափազդու հեծյալներ, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռքում հրեղեն գավազան ուներ: Հասնելով մեծահարուստի դռանը, ձիերից իջնելով՝ բոլորն էլ արագորեն տուն մտան: Հիվանդը, նրանց տեսնելով, սկսեց Աստծուն աղաղակել. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»: Իսկ նրանք ասացին.
-Ա՞յժմ հիշեցիր Աստծուն, երբ արեգակը մայր մտավ: Ինչո՞ւ Նրան չէիր փնտրում կյանքիդ բոլոր օրերին, քանի դեռ արևը ծագում էր: Այլևս ո՛չ հույսի, ո՛չ էլ մխիթարության բաժին կա:
***
Մի մեծահարուստ շատ ունեցվածք էր դիզել, բայց ոչ առանց մեղքերի: Երբ վերջին շնչին հասավ, մերձավորները նրան հորդորում էին, որպեսզի մտածի իր հոգու փրկության մասին: Բայց նա նման խոսքեր լսել չէր ախորժում, այլ մանավանդ մահճի մեջ այս ու այն կողմ շրջվելով` ափսոսում էր, ի խորոց սրտի լացում, կոծում և ողորմելի ձայնով ողբում` ասելով.
-Ավա՜ղ, ի՜նչ մեծ չարչարանքով ջանացի, որ ունեցվածք ձեռք բերեմ, և ահավասիկ ուրիշները պիտի ժառանգեն ու վայելեն իմ գանձերը: Օ՜, ունեցվածք իմ, օ՜, հարստություն իմ, օ՜, մխիթարություն իմ սրտի, ո՞ւմ ձեռքը պիտ ընկնեք, ո՞ւմ պիտ թողնեմ ձեզ:
Եվ այսպիսի խոսքեր ասելով` վախճանվեց:
***
Մի կին կեղծ աստվածպաշտությամբ էր ապրում. գիշերուզօր աղոթում էր և անդադար ուխտատեղիներ այցելում: Այսպիսի կերպարանված առաքինությամբ ապրելով` մարդկանցից բազմաթիվ իրեր էր վերցնում և մշտապես շատ ոսկեղեն հավաքում, և ինչ որ աստվածասեր քրիստոնյաները տալիս էին՝ քրիստոնյա գերիներին ազատելու համար, նա քսակի մեջ էր դնում, իսկ ինչ տալիս էին կարոտյալների պետքերի համար, արկղի մեջ էր պահում: Այդ կինն իր սենյակում խորը փոս էր փորել, այնտեղ մի մեծ կարաս տեղադրել: Իրեն տրված իրերն այդտեղ էր պահում, վրան էլ քար դնում: Ավա՜ղ անիծյալ ագահությանը, թե ինչպե՛ս է կուրացնում մարդկանց և խավարն ընկղմում: Բայց կարճ ասած` երբ կարասը լցվեց դրամով, և կնոջ մահվան ժամանակն էլ հասավ, ինչպես որ մեռած էր աստվածատուր հոգով, նաև մարմնով մեռավ ու թաղվեց: Թաղման արարողակարգից հետո քահանաները կնոջն սպասավորած աղջկան հարցրին.
-Քո տիկինն ի՞նչ էր անում այդքան դրամը, որ նրան էին տալիս:
Նա էլ պատասխանեց.
-Երբեք չեմ տեսել, որ աղքատներին ինչ-որ բան տար, և չգիտեմ, թե որտե՛ղ էր պահում այն դրամը, որ մարդկանցից էր վերցնում: Միայն գիտեմ, որ ինչ նրան տալիս էին, սենյակ էր տանում և այլևս դուրս չէր հանում: Քահանաները, այս լսելով, զարմացան և փութաջանորեն սկսեցին փնտրել և ահա լսեցին դրամի ձայնը: Քարը գլորելով` մեծ քանակությամբ դրամ գտան, և զարմանալով կնոջ խորամանկության վրա` այս ամենը հայտնեցին եպիսկոպոսին: Իսկ եպիսկոպոսը, սաստիկ բարկանալով, հրամայեց բացել գերեզմանը և ամբողջ դրամը թափել մեռած մարմնի վրա` ասելով.
-Ինչ հավաքեցիր, քե՛զ թող լինի, իսկ Քրիստոսի աղքատներին ոչինչ թող չպակասի:
Դրանից հետո մի քանի գիշեր գերեզմանից ձայներ էին լսվում և սաստիկ լաց ու կոծ: Եվ այս ողբերի մեջ պարզ լսելի եղավ հետևյալ ձայնը. «Վա՜յ ինձ` եղկելիիս, վա՜յ ինձ` ամենաթշվառիս, քանզի այս ոսկին այրում և տոչորում է ոսկորներս»:
Այսպիսի ձայներ լսվեցին երեք գիշեր ու ցերեկ: Եվ շրջակա մարդիկ, չկարողանալով տանել այն, գնացին քահանայի մոտ և նրա հրամանով բացելով տապանը` տեսան, թե ինչպե՛ս էր ոսկին հալվել, կարծես հնոցի մեջ, իսկ կնոջ բերանը՝ պատվել կրակե բոցով: Այնժամ քահանան աղոթեց Աստծուն, որ նրա մարմնի տանջանքները թեթևանան, որովհետև նրա չարությունը հայտնի էր դարձել մարդկանց առ ի զգուշություն: Այնուհետև ծածկեցին գերեզմանը, և կնոջ ձայնն այլևս չլսվեց:
Հայելի վարուց