6 Հոկտեմբեր, Կիր
Պատասխան – Թեպետ հարցն այսպես է մեկնում շարականը, թե Սուրբ Հոգին, ջրերի վրա շրջելով, արարածների էր ստեղծում, բայց խորհրդավոր մի մեկնություն ևս ներկայացնեմ քեզ:
Քանի որ Սուրբ Հոգին գիտության աղբյուր է, Նա է մեզ ուսուցանում իմաստության և գիտության տարատեսակները, Նա է աստվածային անթարգմանելի խորհուրդները հայտնում մեզ: Նա է միշտ ուսուցանում մեզ, թե այդ խորհրդների ժամանակ ինչ պետք է ասել, քանզի Ինքն է միայն աստվածային խորին խորհրդների քննողն ու դրանց մեջ հմտացածը:
Ահա՛ քեզ օրինակ. ստեղծված մարդու մտքի խորհուրդը ոչ ոք չգիտի, բացի նրանում եղող հոգուց: Իսկ անստեղծ Աստծո խորին խորհուրդը մարդն անկարող է իմանալ: Միայն Աստծո Հոգին գիտի: Այդ պատճառով Միածին Որդին ասում էր աշակերտներին. «Երբ որ գա Նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ»: (Հովհ. 16:13):
Եվ որովհետև Աստծո խորքն անքննելի է՝ ըստ սրբազան Առաքյալ Պողոսի, նույնպես և անքննելի Սուրբ Հոգին կարող է քննել, իմանալ և ուսուցանել իր կամարարներին: Ահա՛ Սուրբ Հոգու՝ ջրերի վրա շրջելը բացատրվում է այսպես. լինելով Աստծո խորին խորհրդների վրա՝ տարածում էր դրանք հավատացյալների մտքերում՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակության: