22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ամեն տարի Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է Սեբաստիայի սուրբ քառասուն մանուկների հիշատակությունը:
313թ-ը քրիստոնեական պատմության մեջ հայտնի է նրանով, որ Հռոմեական աշխարհի երկու մասերում՝ Արևմուտքում և Արևելքում իշխող Կոստանդիանոս և Լիկիանոս կայսրերը հռչակել էին Միլանի նշանավոր հրովարտակը, որով բացարձակ ազատություն էր շնորհվել քրիստոնյաներին՝ հավատալու այնպես, ինչպես իրենց կրոնն էր թելադրում: Քրիստոնեությունը հավասար իրավունքներ ուներ այլ կրոնների հետ միասին: Հետագայում Լիկիանոսի շեշտվող հակամարտությունը Կոստանդիանոսի դեմ, նրան մղեց գործել հակառակ այն քաղաքականությանը, որ վարում էր Կոստանդիանոսը:
Լիկիանոս կասրը, շեղելով Կոստանդիանոսի հետ իր ստորագրած ազատության հրովարտակը, կրկին սկսեց հալածել քրիստոնյաներին իր սահմաններում: Այսպիսով, արևելքում հալածանքը վերստին փոթորկեց քրիստոնյաների կյանքը: Քրիստոնյաների հանդեպ ծավալվող հալածանքի ալիքը հասնում է Կապադովկիա, ուր կասերական բանակը արևելյան սահմաններն էր պաշտպանում: Այս բանակում ծառայում էին հավատով քրիստոնյա քառասուն մանուկներ, ովքեր պատերազմների ժամանակ իրենց ցուցաբերած քաջությամբ, բացառիկ առաքինությամբ արժանացել էին բանակի և զորապետների գնահատանքին: Խոր հավատքի և փոխադարձ սիրո վրա հիմնված իրենց եղբայրությունը այնքան վսեմ էր և տոկուն, որ տկարների նախանձն էր շարժում:
Հալածանքների սկիզբը
Քառասուն մանուկների քրիստոնյա լինելը հայտնի էր բոլորին: Կապադովկիայի կայսերական բանակի Լյուսիաս դուքսի հրամանով Սեբաստիայի զինվորական դատավոր Ագրիկողայոսը ձերբակալեց քառասուն զորականներին և սկսեց հարցաքննել, մինչ կժամաներ դուքսը: Հարցաքննության ժամանակ դատավորը գովեց և գնահատեց նրանց անցյալի քաջագործությունները և խոստացավ ավելի մեծ փառք ու պատիվ, եթե հնազանդվեն կայսերական հրահանգին և հրաժարվեն քրիստոնեությունից: Այն հարցին, թե ի՞նչ է իրենց անունները, որտեղի՞ց են և ի՞նչ կրոնին են պատկանում, առանց ծննդավայր և անուն նշելու քառասունը միաբերան պատասխանեցին. «Քրիստոնյա՛ ենք, պաշտում ենք Քրիստոս Աստծուն՝ երկնքի և երկրի արարչին, իսկ մեր հայրենիքը՝ անանցական Աստծո երկնային քաղաքն է»: Քաջ զորականներից Կանդիտոսն էլ ասաց. «Եթե ձեր ասածի նման այնքան քաջությամբ պատերազմեցինք երկրավոր թագավորի համար, կարծո՞ւմ եք նույնը չենք անի մեր երկնավոր թագավորի համար»:
Անդրդվելի էին քառասուն մանուկները, անընկճելի էր նրանց կամքը և անհաղթահարելի էր նրանց հավատքը:
Բանտում
Դատավորը սպառնաց նրանց խիստ չարչարանքների ենթարկել և մտածելու ժամանակ տվեց՝ բանտ ուղարկելով: Բանտի առանձնությունը տարբեր իմաստ ունեցավ քառասունի համար, այնտեղ գտան ազատություն իրենց հոգիների համար: Ապա սկսեցին երգել. «Համբարձի զաչս իմ ի լերինս, ուստի եկեսցէ ինձ օգնութիւն» սաղմոսը:
Նույն գիշեր Փրկիչը՝ Քրիստոս, երևաց իրենց բանտի մեջ և ասաց. «Լա՛վ սկսեցիք, ջանացեք լավ էլ ավարտել: Հաղթության պսակը մինչև վերջ համբերողինն է, մի՛ վախեցեք, Ես ձեզ հետ եմ»: Խնդությունը անսահման էր նրանց հոգում, իսկ քաջությունը՝ աննկարագրելի:
Կրկին ատյանում
Բոլոր գովեստներն ու հրապույրները կրկին անօգուտ էին հաղթելու այն հավատքին և հոգու ուժին, որ գիտեր հաղթահարել աշխարհի փորձությունները: Մեծ ապագայի խոստման դիմաց նրանք բարձրաձայն աղաղակեցին. «Մեր ապագան արդեն իսկ որոշված է երկնքում»:
Բոլորը կրկնեցին քառասուն զորականների առաջնորդի հետևյալ խոսքերը. «Ով որ հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհաննես 11:25): Այնուհետև, միմյանց գոտեպնդելով, ասացին. «Ամուր պահենք մեր հավատքը և չվախենա՛նք չարչարանքներից, որոնք կարճատև են. պայքարե՛նք քաջաբար հավերժական պսակին արժանանալու համար»:
Հրաման արձակվեց նրանց նորից բանտարկելու: Իսկ քառասուն զինվորները, որ ազնվական ծագում ունեին, դատավորի անարդար վերաբերմունքի դեմ բողոքեցին՝ ասելով, որ նա իրավունք չունի իրենց չարչարելու, այլ միայն կապադովկյան բանակի դուքսը: Դատավորի հպարտությունը ընկճվեց, և նա սկսեց հարգալից վերաբերվել զինվորներին՝ մինչ դուքսի գալուստը:
Բանտում նրանց գլխավորը՝ Կյուրիոնը, խրախուսեց իր ընկերներին. «Ո՜վ իմ նիզակակից քաջ եղբայրներ, տեղով, ազգով իրարից հեռու էինք, օտար, այժմ հարազատների նման միացած ենք իրար Քրիստոսի կապով: Մեր միությունը այնքան սերտ է, որ մարդիկ մեզ նույն հոր և նույն մոր զավակներն են համարում: Այդ միությունը հավիտենական է, ո՛չ մահը և ո՛չ կյանքը չեն կարող բաժանել մեզ իրարից, որովհետև վախը չի կարող միախառնվել մեր քաջությանը: Ինչպես մեր կյանքում եղանք մե՛կ սիրտ, մե՛կ հոգի, այնպես էլ միասին մե՛կ լինենք մեր մահվան մեջ»:
Յոթ օր նրանք այս մտածումով էին ապրում բանտում մինչ դուքսի ժամանելը:
Այս անգամ դուքսի առջև
Սրբերը նորից կանչվեցին ատյան հարցաքննության: Նրանք չէին դադարում սաղմոսերգելուց: Դուքսը ողջունեց զորականներին, գովեց նրանց քաջությունը և հիշեցրեց նրանց, թե որքան պատիվ և պարգևներ են վայելել իր կողմից: Կայսերական հրամանը գործադրելու պայմանով՝ նա խոստացավ նրանց մեծամեծ պարգևների և պատիվների արժանացնել, իսկ հակառակ դեպքում՝ ոչ պատիվ և ոչ էլ դիրք, այլ տանջանքով՝ մահ:
Դուքսը, տեսնելով, որ խոսքը այլևս ազդեցություն չունի նրանց վրա, հրամայեց նրանց քարկոծման ենթարկել: Քարկոծման ընթացքում շփոթմունք առաջացավ. քարկոծողները սկսեցին իրար քարկոծել: Ապա անմիջապես հրահանգվեց դադարեցնել քարկոծումը և վերստին բանտարկել նրանց: Բանտում Քրիստոսի լուսավոր պատկերի հայտնվելը հոգևոր ուրախություն, ներքին ցնծություն պատճառեց քառասուն մանուկներին:
Վճիռը արձակվեց
Առավոտյան քառասուն մանուկների նորից ատյան կանչվելը ձանձրացրեց նրանց. անիմաստ էր այդ տառապանքը, քանի որ մահը ավելի իմաստ ուներ իրենց համար, քան դատարկ սպասումը: Այդ պատճառով էլ բարկությամբ հարցրեցին դուքսին. «Ինչո՞ւ ես սպասում և ուշացնում որոշումդ. քաջ գիտես և մեկ անգամ ևս կկրկնենք՝ Քրիստոսին չենք ուրանա»:
Վճիռը արձակվեց՝ մահ: Նրանց նետել տվեցին Սեբաստիայի մոտ գտնվող սառցե լիճը և որպես գայթակղություն լճի ափին կառուցեցին բաղնիք՝ ողջ ընթացքում տաքացնելով այն:
Քառասուն մանուկները քաջալերում էին միմյանց և ասում. «Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր, քանզի նրանք երեքով են մարտնչում մեր դեմ` սատանան, դուքսը, և դատավորը: Մենք՝ քառասունս, Քրիստոսի օգնականությամբ կհաղթե՛նք նրանց»:
Այսպես լճի մեջ օրհնում էին Աստծուն: Օդի խստությունից սառեց ջուրը, և սառույցները պատռեցին սրբերի մարմինները, բայց սրրբերը աղոթելուց և Աստծուն փառաբանելուց չէին
դադարում: Ըստ Սբ. Գրիգոր Նյուսացու՝ նրանք այնտեղ երեք օր ու գիշեր մնացին: Սակայն նրանցից մեկը չկարողացավ դիմանալ սաստիկ ցրտին, լճից ելավ, մտավ բաղնիքը և անմիջապես մահացավ:
Երկինքը վկայեց
Գիշերվա երրորդ պահին արևը, ինչպես ամռանը, ծագեց սրբերի վրա: Եվ ջերմությունից հալվեցին ջրերի սառույցները: Զինվորները հսկում էին, որ սրբերից ոչ ոք լճից չփախչի. նրանցից մեկն արթուն էր և նկատելով լույսը՝ ցանկացավ տեսնել, թե որտեղից է սուրբ լույսը ծագում: Նա տեսավ 39 պսակներ, որոնք իջնում էին սուրբ մարտիրոսների վրա, Սուրբ Հոգուց ներշնչվելով, իրեն քրիստոնյա համարեց և, մերկանալով, իրեն նետեց ջրի մեջ՝ լրացնելով նահատակների քառասուն թիվը:
Լուսադեմին նրանց մարմինները ափ հանեցին, հաստ բրերով ջարդեցին բոլորի ոսկորները և խորտակեցին: Եվ դրանից հետո վերջնականապես բարի հավատով սրբերն իրենց հոգիներն առ Աստված ավանդեցին:
Բայց նրանց մեջ Մելիտոն անունով մի պատանի դեռևս կենդանի էր: Նրան հսկողները հավաստիացնում էին նրան, որ կդարմանեն նրա վերքերը, իսկ Մելիտոնի մայրը, մոտենալով, աղաչում ու խրատում էր որդուն` ասելով. «Քաղցրի՜կ որդյակ իմ, մի փոքր համբերիր և կմիանաս սրբերին: Զորացի՛ր, որդյակ իմ, և մի՛ երկնչիր, քանզի ահա Քրիստոսը հասնում է քեզ օգնության»:
Բոլոր սրբերի մարմինները դրեցին մի սայլի վրա և տարան այրելու, բացի Մելիտոնից: Բայց Մելիտոնի մայրը, մոռացած կանացի տկարությունը, վերցրեց որդուն իր ուսերին և վազեց սայլի հետևից: Եվ մինչդեռ մոր ուսերին էր՝ սուրբն ուրախությամբ ավանդեց իր հոգին առ Աստված: Մայրը որդու մարմինը տարավ և դրեց սրբերի կողքին: Մարմինները տարան Ալիս գետի մոտ, և այրեցին, իսկ մնացած ոսկորները մոխրի հետ գետը լցրին: Բայց նրանց նշխարները ցրիվ չեկան, այլ հավաքվեցին մեկտեղ: Եվ երեք օր հետո գիշերով սուրբ վկաները տեսիլքով հայտնվեցին Սեբաստիայի եպիսկոպոսին և հայտնեցին իրենց ոսկորների տեղն՝ ասելով. «Եկ և հանիր մեզ այնտեղից»:
Նահատակների թաղումը կատարվեց մեծ շուքով: Քառասուն մարտիրոսների մասունքների մի մասը Սեբաստիայից տարվում է Կեսարիա և այլուր, իսկ Սեբաստիա քաղաքում կառուցվում է նրանց անունով և 40 գմբեթ ունեցող մի տաճար, որը կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքները: 1170 թ-ին նրանց մասունքները Սեբաստիայից տարվել են նրանց անունով մեկ այլ եկեղեցի, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, դա Քրքլայի ասորական ուղղափառ եկեղեցին է, որ կառուցվել է 6-րդ դարում և գործում է առ այսօր: Սեբաստիայի քառասուն զինվորների նահատակությունը տեղի է ունեցել 320 թ-ին:
Հետագայում նրանց մասին ներբողյաններ են գրել Սբ. Բարսեղ Կեսարացին, Սբ. Գրիգոր Նյուսացին, Սբ. Եփրեմ Ասորին և Սեբաստիայի հայոց Սիսիանոս վարդապետը:
Այս սրբերի տոնակատարության ժամանակ եկեղեցում օրհնվում է կանթեղների ձեթը, իսկ արարողության ավարտին բաժանվում հավատացյալներին, որոնք տանում են իրենց տները՝ որպես հիվանդությունների բուժման միջոց:
Քառասուն մանուկները, կյանքն արհամարհելով, իրենց ծնողներից և որդիներից առավել սիրեցին Տիրոջը: Կյանքով լի տարիքի լինելով՝ նրանք արհամարհեցին ժամանակավոր կյանքը, որպեսզի փառաբանեն Աստծուն. կանգնեցրին ընկածներին, երկմտողներին հաստատեցին, բարեպաշտների ցանկությունը կրկնապատկեցին, նաև արդարության միևնույն պսակով զարդարվեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսով:
Կազմեց Կարինե Սուգիկյանը