12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Ոչ միայն Աստվածաշունչ Գրքից, այլև սուրբ հայրերից վկայություն կբերեմ, թեև շատ երկար կլինի: Բայց նախ՝ Աստվածաշունչ Մատյանից: Եսթերի գրքում գրված է. «Տե՛ր Աստված, Թագավոր Ամենակալ, Քո հրամանին է սպասում ամեն ոք. ոչ ոք չի կարող ընդդիմանալ Քեզ» (Եսթեր 13:9), դարձյալ՝ «Մի՞թե կացինը կբարձրանա առանց փայտահատի կամ սղոցը վերև կելնի առանց որ մեկը ձգի այն» (Եսայի 10:15), «Ինչպես ջրի հոսանքը, այնպես էլ թագավորի սիրտն Աստծո ձեռքին է: Նա ո՛ր կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն» (Առակ. 21:1): Եթե թագավորի սիրտը Աստծո ձեռքում է, ուրեմն Նրա ձեռքում են նաև բոլոր մարդկանց սրտերը. «Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանոթ չեն» (Հոբ 12:24): Սամբելի թագավոր օծվելուց հետո Սուրբ Գիրքը Սավուղի մասին այսպես է ասում. «Աստված նրան ուրիշ սիրտ տվեց» (Ա Թագ. 10:9): Եվ Աստվածաշնչում եղած բոլոր վկայություններից գլխավորը Հովհաննու ասածն է. «Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրա չեղավ ոչինչ, որ եղել է» (Հովհ. 1:3):
Անդրադառնանք Սուրբ Հայրերի վկայություններին, որոնք այդ նախաշարժության ստուգության մասին են վկայում: Սուրբ Օգոստինոսն ասում է. «Աստված մարդու կամքի համաձայն է անում, որը կամենում է և երբ կամենում է»: Կոռնելիոսն այսպես է ասում. «Աստծուց՝ իբրև առաջին շարժողից, շարժվում է ամեն ինչ. եթե չշարժի առաջնագույնը, ոչինչ բնավ ոչ մի կերպ չի շարժվի»:
Անդրեասն այսպես է ասում. «Աստվածային զորությանն անծանոթ մերձեցումը և մեր կամքի սքանչելի շրջումն ու հակումը»: Սուրբ Դիոնեսիոս Արիսպագացին ասում է. «Սկիզբն է միմիայն, որից ելնում է ամենայն զորություն, ամենայն ունակություն, ամենայն ներգործություն և շարժում»: Սուրբ Ամբրոսիոսն ասում է. «Աստված է ամեն ինչի կենագործողը, շարժիչն ու շարժելով և կառավարելով»: Սուրբ Բարսեղն ասում է. «Աստված բնության Տերն է, և նրան չի կարող դիպչել մի այլ ազգ, բացի Իր խոստացածից, որովհետև ամեն ինչի ունակ է, և ըստ Իր կամքի փոփոխում է ամեն ինչ»: Եվ Ոսկեբերանն ասում է. «Ամեն ինչ, Աստծո անաշխատ Ձեռքից հաստատված ու շարժված, տնօրինվում է մեր փրկության համար»: Թողնենք ուրիշ վկայությունները, որ այնքան շատ են Սուրբ Գրքի մեջ: