Ադամի հանցանքների համար ի՞նչ պատիժ տրվեց:

Անհնազանդության պատճառով նրա անձի մեջ մարմնավոր ցանկությունները այլևս հոգուն չհնազանդվելով, իսկույն մեղքի խլրտոց զգաց և ամոթի պատճառով թզենու տերևներով ծածկվելու անհրաժեշտությունը ունեցավ:

Իրեն տրված չափից ավելի գիտություն ստանալով՝ Աստծո նման բարին ու չարը իմանալ ուզելու փոխարեն, իր ունեցած սուր հիշողության զորությունը տկարացավ և մահվան վճիռ արձակվեց: Աստծուն կասկածելով՝ փոխարենը սատանայի գերին դարձավ: Պտղի գեղեցկությունը և համեղությունը ախորժելով՝ մարմնի կամ անձի վրա տեսակ-տեսակ ախտերի ենթարկվելով հանդերձ, ստիպված եղավ ապրուստն էլ տքնելով ձեռք բերել: Վերջապես կնոջ սերը Աստծո պատվիրանից բարձր համարելու համար էլ դրախտից արտաքսվելով՝ աշխարհի վիշտը կրելու դատապարտվեց:

Արդարև բոլոր մարդիկ, տղամարդիկ և կանայք, հիշյալ պատիժներին և ախտերին ենթարկվեցին, սակայն կանաց սեռին նաև ցավով զավակ ծնելու պատիժը տրվեց (Ծննդ. Գ 7): Այս պատճառով կինը պարտավոր է իրեն վիճակված նեղություններին և տրտմություններին ամեն կերպ համբերելով՝ միշտ իր ամուսնուն հնազանդ լինել: Երբեք մի՛ ասա, թե մենք ոչ մի բանից տեղյակ չլինելով հանդերձ, միայն Ադամի պատճառով ենք այսքան նեղություն կրում: Այո՛, մեղք գործողը Ադամն էր, սակայն պատիժը տվողը Աստված է, և Նա արդարադատ լինելով՝ ոչ ոքի չի զրկում և անիրավություն չի անում, մեկի հանցանքի փոխարեն երբեք ուրիշին չի պատժում: Սրա մեջ մի խորին գաղտնիք կա, որի մեջ մարդու միտքը անկարող է թափանցել: Միայն այսքանը գիտենք, որ Ադամը մարդկության նախահայրն էր, հետևաբար իր սերունդը ևս իր հետ մեղավոր համարվեց (Սաղմ. ՃԵ 6): Օրինակ՝ եթե ծնողները բորոտ լինեն, բնականաբար նրանց սերունդը նույնպես բորոտ կլինի, ինչպես նաև թունավոր որթատունկի գինին նույնպես թունավոր է լինում:

Հիշի՛ր, ինչպես որ դու ոչ մի բանից տեղյակ չլինելով մեղավոր դարձար, նույնպես էլ՝ ոչ մի բանից տեղյակ չլինելով փրկության արժանացար: Որովհետև մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, Ադամից մեզ ժառանգություն հասած հոգևոր մահից, այսինքն սկզբնական մեղքից մեզ փրկելով, Ադամի կորցրածը վերստին մեզ շնորհեց: Մանավանդ, որ Նրա շնորհներով շատ այլ ուրիշ հոգևոր բարիքներ մեզ վիճակվեց (Հռոմ Ե 14): Սակայն մարմնի մահը և աշխարհի ցավերն ու վշտերը մնացին, որպեսզի մարդը աշխարհում նրանց գոյությամբ կարողանա առաքինություններին վարժվել և կատարելության մեջ  զարգանալ և այլևս երբեք Աստծո հրամաններին և օրենքներին դեմ չգործի: Ուրեմն, ո՛վ մարդ, Ադամին մի՛ մեղադրիր, այլ հակառակը՝ Հիսուս Քրիստոսից, մեր Տիրոջից գոհ և շնորհակալ եղիր, և մեղքից հեռու մնա, որպեսզի դժոխքի տանջանքների չդատապարտվես:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․