Երկու քաղաքացիներ իրենց մեղքերը քահանային խոստովանելիս, մեղքերի ևս երկու տեսակ խոստովանեցին, որոնք թեպետև ըստ իրենց շատ ծանր մեղքեր են, սակայն սովորաբար վաճառականների մոտ թեթև են համարվում կամ չնչին. այն է` սուտ խոսելն ու սուտ երդվելը: Եվ ասացին.
- Հա՛յր, ոչ մի բան չենք կարող գնել կամ վաճառել, եթե սուտ չասենք կամ սուտ չերդվենք:
Խոստովանահայրը նրանց ասաց.
- Այդպիսի մեղքերը ծանրագույն են և Փրկչի կողմից արգելված. այնտեղ, որտեղ ասում է. «Ձեր խոսքը լինի` այոն` այո, և ոչը՝ ոչ» (Մատթ. Ե 37):
Եվ նրանք պատասխանեցին.
- Այդ պատվիրանը չենք կարող առևտրում պահել:
Քահանան նրանց ասաց.
- Անսացե՛ք իմ խրատին և լավ հաջողություն կունենաք:
Սուտ մի՛ ասեք և սուտ մի՛ երդվեք, այլ երբ կամենում եք մի բան վաճառել, այնչափ գովեք:
Եվ նրանք խոստացան մեկ տարի այդպես փորձել, ինչպես որ քահանան էր պահանջում:
Այդ տարի, սատանայի հնարքով, որ միշտ բարուն հակառակ է, ոչինչ վաճառել չկարողացան: Մի տարի անց խոստովանահոր մոտ դարձան` ասելով.
- Մեր հնազանդությունն այս տարի մեզ մեծ վնաս հասցրեց, քանի որ մարդիկ մեզնից երես դարձրին, և առանց երդման ոչինչ չկարողացանք վաճառել:
Այդժամ քահանան ասաց.
- Մի՛ երկնչեք, քանզի դա փորձություն է, հաստատո՛ւն եղեք ձեր սրտերում, որ ոչ մի ներհակություն, ոչ մի աղքատություն ձեզ այդ ուխտադրությունից հետ չդարձնի, և Տեր Աստված էլ ձեր ունեցվածքը կօրհնի:
Նրանք էլ խոստացան, թե`
- Աստծո կարողությամբ խրատդ ու Աստծո պատվիրանը մեր կյանքի բոլոր օրերում կպահենք, եթե անգամ մուրալու հարկ լինի:
Զարմանք. Աստված անմիջապես վերացրեց այդ փորձությունը, և մարդիկ սկսեցին նրանց դիմել առավել, քան մյուս վաճառականներին: Եվ ոչ շատ օրեր հետո այն աստիճան հարստացան, որ մինչև իսկ իրենք էին զարմանում:
Եվ դառնալով իրենց խոստովանահոր մոտ` նրան գոհություն հայտնեցին, որ նրա փրկարար խրատով նման մեծամեծ հանցանքներից ազատվեցին և երկրային ունեցվածքով բարգավաճեցին:
Հայելի վարուց