30 Նոյեմբեր, Շբ
7 Սիրելինե՛ր, սիրե՛նք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն: 8 Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է: 9 Եւ սրանում երեւաց Աստծոյ սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք: 10 Սրանում է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար: 11 Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց: 12 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել: Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է: 13 Սրանով գիտենք, թէ մենք նրա մէջ ենք բնակուած, եւ նա էլ՝ մեր մէջ. այն, որ նա իր Հոգուց տուեց մեզ: 14 Եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի Փրկիչ լինելու: 15 Նա, ով խոստովանի, թէ Յիսուսն է Աստծոյ Որդին, Աստուած բնակւում է նրա մէջ, եւ նա՝ Աստծոյ մէջ: 16 Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծոյ սէրը, որ նա ունի մեր հանդէպ: Աստուած սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծոյ մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ: 17 Աստծոյ հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետեւ ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում: 18 Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ: 19 Սիրե՛նք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ: 20 Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: 21 Եւ նրանից ունենք այս պատուիրանը. ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը: