12 Հոկտեմբեր, Շբ
Բարեկենդանը պահքի սկիզբն է, իսկ Բուն բարեկենդանը՝ Մեծ պահքի սկիզբը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում: Իսկ Բուն բարեկենդան նշանակում է ամենամեծ բարեկենդան, որին հաջորդում է Մեծ պահքը, որն ամենաերկարն ու տևականն է:
Բուն բարեկենդանը Մեծ պահքի յոթ կիրակիներից առաջինն է: Այն մեզ հիշեցնում է մարդկային առաջին երջանկությունը: Այս օրը նվիրված է դրախտի հիշատակին, որի փափկության մեջ նախածնողները՝ Ադամն ու Եվան, ապրում էին անմեղ ու երջանիկ կյանքով մինչև դրախտից վտարումը: Առաջին մարդը դրախտում Տիրոջից պատվիրան ստացավ. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդոց 2:16-17): Ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը դրախտի մեջտեղումն է, խորհրդանշում է պահքը:
Դրախտային կյանքը Ադամի ու Եվայի համար երանական կյանք էր, բարի կենդանություն՝ Աստծո ներկայությամբ: Չկար ոչինչ, որ տրտմեցներ մարդուն, ընդհակառակը, նա ապրում էր անսպառ երկնային հավիտենական ուրախության մեջ, քանի որ վայելում էր Աստծո անմիջական ներկայությունը: Սակայն մարդը, մեղանչելով, կորցրեց այն բարի կենդանությունը, որը վայելում էր դրախտում: Նա սկսեց ապրել մարմնական կյանքով:
Բուն բարեկենդանը մարդուն հիշեցնում է իր երջանիկ վիճակը, իսկ Մեծ պահքը՝ խորհել տալիս, թե ինչպե՞ս է կորցրել այն և մատնանշում դրան վերադառնալու միջոցն ու ճանապարհը:
Բարեկենդանի օրը, բնականաբար, չենք կարող այն անցկացնել այնպես, ինչպես նախամարդը դրախտում: Մարդը չի կարողանում իր ուրախությունը դրսևորել միայն հոգեպես, այլ հաճախ հոգևորին շաղկապում է մարմնականը, նյութականը, այդ պատճառով աշխարհը մեր հոգևոր այս ուրախությանը միախառնում է սեղանների ճոխություն ու վայելքներ, իսկ այդ շռայլությանը որպես հակակշիռ՝ Եկեղեցին հորդորում է չափավորություն:
Երբեմն մարդիկ Մեծ պահքից առաջ Բուն բարեկենդանին, հաշվի առնելով պահքի երկարաձգվող շրջանը, ճոխ սեղանները զարդարում են չափից ավելի կերակուրների բազմազանությամբ, որի արդյունքը բնավ հաճելի լինել չի կարող: «Որդյա՛կ, եթե մեղր գտնես, չափո՛վ կեր. չլինի թե հագենաս և փսխես» (Առակներ 25:16):
Սողոմոն իմաստունը մեղրի մասին է խոսում, բայց մենք պետք է ընդհանրացնենք, քանի որ ամեն ինչի մեջ չափն է գովելի, և անչափը՝ պարսավելի: Եթե ցանկանում ենք իրոք ուրախ լինել բարեկենդանի օրը, պետք է խուսափենք ծայրահեղություններից և ընտրենք ոսկե միջինը:
Բուն բարեկենդանի շարականները պատմում և նկարագրում են նախածնողների դրախտային փափուկ կյանքը, այն գոհունակ և զվարթ հոգեվիճակը, որ վայելում էին դրախտում Ադամն ու Եվան: Այս շարականների առանցքը «դրախտի փափկությունը», «դրախտի զվարճությունը» և Ադամի երջանիկ վիճակն է կազմում: Հիշատակվում է նաև Քրիստոսը որպես երկրորդ Ադամ, որ Իր միջոցով մարդկանց արժանի դարձրեց «դրախտի փափկության»: Բուն բարեկենդանի շարականները «զվարճության», «ուրախության» և «դրախտի երջանկության» մասին են խոսում:
Բուն բարեկենդանի նախորդ շաբաթ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում փակվում են բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, որոնք բացվում են Սբ. Զատկի ճրագալույցի Պատարագին: Մեծ պահքի ընթացքում վարագույրը բացվում է միայն Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ, Սբ. Մարիամ Աստվածածնի ավետման, Տեառընդառաջի տոներին, եթե դրանք հանդիպում են Մեծ պահքի օրերին:
Բուն բարեկենդանի կիրակի երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է Մեծ պահքը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը