14 Նոյեմբեր, Եշ
24.21 Այն օրը Աստուած իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրայ, իսկ երկրում՝ երկրի թագաւորների վրայ: 22 Եւ պիտի հաւաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մէջ, պիտի պաշարեն ամրոցները եւ շատ սերունդներ անց պիտի պատժեն նրանց: 23 Ու պիտի հալուի աղիւսը, կործանուի պարիսպը, քանզի Սիոնի լեռան վրայ եւ Երուսաղէմում Տէրն է թագաւորելու եւ փառաւորուելու ծերերի առաջ:
25.1 Տէ՛ր Աստուած իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ: 2 Այո՛, Տէ՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը յաւիտենապէս չվերաշինուի: 3 Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկուած մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ, 4 որովհետեւ բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշուառութիւնից տանջուածին՝ ապաւինութեան յարկ՝ չար մարդկանցից փրկելով նրանց: 5 Դու ծարաւածների համար ապաւէն ես եւ զրկուած մարդկանց համար՝ ոգի այն ամբարիշտների դէմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ՝ իբրեւ Սիոնին ծարաւի տոչորուած մարդկանց: 6 Զօրութիւնների Տէրն այնպէս պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախութիւն վայելեն, գինի խմեն, օծուեն մրուրից մաքրուած իւղով եւ հանգեն այս լեռների վրայ: 7 Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տէրն այս խորհուրդն ունի: 8 Մահը զօրացաւ եւ կուլ տուեց, բայց Աստուած բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խօսեց.