26 Դեկտեմբեր, Եշ
- Հա՛յր, մի կին ինձնից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի: Ամուսինը լքել է նրան, իր հետ տարել երեխային և կապվել է երկու ուրիշ կանանց հետ:
- Ասա՛ նրան, որպեսզի որքան հնարավոր է համբերի, աղոթի և ամուսնուն բարությամբ վերաբերվի: Թող սպասի և ինքն առաջինը ամուսնալուծության համար չդիմի: Մի մարդ շատ վատ էր վարվում իր կնոջ հետ, ծեծում ու նեղացնում էր նրան, իսկ կինն այդ ամենին համբերությամբ ու բարությամբ էր վերաբերվում, մինչև որ չմահացավ համեմատաբար երիտասարդ տարիքում: Երբ նրա մահից մի քանի տարի անց, նրա աճյունը հանեցին գերեզմանից, ապա բոլորն անուշահոտություն զգացին*: Ներկա գտնվողները զարմացան: Տեսնո՞ւմ եք, այս կյանքում այդ կինն ամեն ինչին համբերությամբ էր վերաբերվել և այդ պատճառով էլ արդարացվել էլ մյուս կյանքում:
Նման մեկ այլ դեպք էլ կա: Մի աշխարհիկ կյանքով ապրող երիտասարդ՝ զգացմունքներ ուներ մի աղջկա հանդեպ, որը հոգևոր կյանքով էր ապրում: Որպեսզի աղջիկն իր զգացմունքներին փոխադարձաբար պատասխաներ, նա նույնպես փորձում էր հոգևոր կյանք վարել, եկեղեցի գնալ: Նրանք ամուսնացան: Բայց անցան տարիներ և նա վերադարձավ իր նախկին աշխարհիկ կյանքին: Նրանք արդեն հասուն երեխաներ ունեին, մեծը համալսարանում էր սովորում, մի դուստրը՝ մասնավոր դպրոցում, մյուսը՝ գիմնազիայում: Բայց ոչինչ հաշվի չառնելով՝ այդ մարդը շարունակում էր անբարո կյանք վարել: Նա շատ լավ վաստակում էր, սակայն գրեթե ողջ գումարը ծախսում էր իր հաճույքների վրա: Խեղճ կինը ստիպված էր խնայողություններ անել ամեն ինչում, որպեսզի իրենց տնային տնտեսությունը փրկեր կործանումից: Իր խորհուրդներով նա օգնում էր երեխաներին ճիշտ ուղղու վրա մնալ: Նա չէր մեղադրում ամուսնուն, որպեսզի երեխաները նրա հանդեպ թշնամանքով չլցվեին և հոգեպես չվնասվեին, ինչպես նաև, որպեսզի նրանք էլ չտարվեին այն կյանքով, որ հայրն էր վարում: Երբ ամուսինը տուն էր գալիս ուշ գիշերին, կնոջ համար համեմատաբար հեշտ էր լինում արդարացնել նրան երեխաների աչքում, ասում էր, որ նա շատ աշխատանք ուներ: Բայց ի՞նչ ասեր խեղճ կինը, երբ օրը ցերեկով ամուսինը տուն էր գալիս իր սիրուհու հետ: Գիտե՞ք թե ինչ էր անում այդ անաստված մարդը: Չնայած նա արժանի չէր մարդ կոչվելու, քանի որ մարդկային ոչինչ չուներ: Նա զանգահարում էր իր կնոջը, բազմազան ուտեստներ էր պատվիրում և իր սիրուհիներից որևէ մեկի հետ գալիս էր ճաշելու: Դժբախտ մայրը՝ ցանկանալով պահպանել երեխաներին վատ մտքերից, նրանց ուրախությամբ էր ընդունում: Նա այնպես էր ներկայացնում, իբրև թե ամուսնու սիրուհին իր ընկերուհին էր և ամուսինն ուղղակի իր մեքենայով նրան իրենց տուն հյուր էր բերել: Նա երեխաներին ուրիշ սենյակ էր ուղարկում՝ դասերը սովորելու, որպեսզի հանկարծ որևէ անբարո տեսարանի ականատես չլինեն, քանի որ ամուսինը՝ ուշադրություն չդարձնելով երեխաներին, նույնիսկ նրանց ներկայությամբ էր իրեն անպարկեշտություններ թույլ տալիս: Եվ դա օրեցոր կրկնվում էր: Մերթ ընդ մերթ նա հայտնվում էր նոր սիրուհու հետ: Գործն այնտեղ հասավ, որ երեխաները սկսեցին հարցնել մորը. «Մայրիկ, մի՞թե այսքան ընկերուհի ունես»: «Դրանք ուղղակի հին ծանոթներ են»,-պատասխանում էր նա: Բացի այդ, ամուսինը նրան ծառայից էլ վատ էր վերաբերվում՝ շատ դաժան ու անմարդկային կերպով: Դուք միայն պատկերացրեք, այդ կինն ամեն օր ծառայություն էր մատուցում երկու անասունների, որոնք անարգում էին իր տունը, իսկ ինքն անընդհատ բարի մտքեր էր սերմանում իր երեխաների մեջ: Եվ դա այն պարագայում, երբ նա չէր էլ կարող ակնկալել, որ այդ դժբախտությունը երբևէ ավարտ կունենա, որպեսզի ասի ինքն իրեն. «Ոչի՛նչ, մի քիչ էլ կհամբերեմ» և դրանով մխիթարվի: Այդ մղձավանջը շարունակվում էր մի քանի տարի: Սակայն, քանի որ այդ անիծյալ մարդը շատ արտոնություններ էր տվել չարին՝ իրեն իշխելու համար, սկսեց իր վրա ընդունել սարսափելի դիվական ներգործություններ: Նա սկսեց իրեն խելագարի պես պահել, կորցնել ինքնատիրապետումը, մեղադրել բոլորին ամեն ինչում: Եվ ահա մի օր էլ, մեղավոր կրքից արբած, նա մեծ արագությամբ սլանում էր մեքենայով և անդունդն ընկավ: Մեքենան ամբողջովին ջարդուփշուր եղավ, իսկ ինքը շատ լուրջ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Բժիշկներն արեցին այն ամենն՝ ինչ ի զորու էին և ուղարկեցին նրան տուն: Նա հաշմանդամ դարձավ: Սիրուհիներից և ոչ մեկը նրան այցելության չեկավ, որովհետև մեծ փողեր այլևս չուներ, իսկ դեմքն էլ այլանդակվել էր: Նրա բարի կինն էր միայն, որ հոգատարությամբ խնամում էր նրան՝ առանց մեկ բառով անգամ հիշեցնելու նրա անառակ կյանքի մասին: Այդ մարդն ուղղակի ցնցված էր և դա փոխեց նրան հոգեպես: Նա անկեղծորեն զղջաց, խնդրեց, որպեսզի հոգևորականի հրավիրեն իր մոտ, խոստովանեց իր մեղքերը, մի քանի տարի քրիստոնեավայել ապրեց՝ հոգում խաղաղություն ունենալով և ննջեց Տիրոջով: Նրա մահից հետո որդին սկսեց զբաղվել հոր գործով և ապահովել ընտանիքը: Այդ մարդու երեխաները շատ համերաշխ էին ապրում, որովհետև իրենց մորից ժառանգել էին բարի սկզբունքներ: Այդ կինը հերոսուհի-մայր է: Որպեսզի ընտանիքը փրկեր քայքայումից, իսկ իր երեխաներին՝ դառը թախիծից, նրանց բոլորի փոխարեն խմեց դառը գավաթները: Նա պահպանեց ընտանիքը քայքայումից, փրկեց իր ամուսնուն և ինքն էլ երկնային պարգևի արժանացավ: Թող Աստված այս կնոջը լավագույն տեղը հատկացնի Իր Արքայությունում:
* Հունաստանում ննջեցյալների աճյունները 3-4 տարի անց հանում են գերեզմանից, լվանում ոսկորները և տեղավորում հատուկ հանգստարանում: Եթե ննջեցյալի աճյունը քայքայված չի լինում, ապա նորից են թաղում գերեզմանում և ավելացնում են աղոթքները՝ ննջեցյալների հոգու հանգստության համար:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի