Ա Կորնթացիներ 8.5-9.23

8.5 թէպէտ եւ այսպէս կոչուած աստուածներ կան թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ. արդարեւ, կան բազում աստուածներ եւ բազում տէրեր: 6 Բայց մեզ համար միայն մէկ Աստուած կայ՝ Հայր, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէկ Տէր Յիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծուեց ամէն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով: 7 Բայց բոլորի մէջ այս գիտութիւնը չկայ: Ոմանք, մինչեւ այժմ վարժուած լինելով, կուռքերին զոհ արուածը իբրեւ զոհաբերուած են ուտում, եւ որովհետեւ նրանց խղճմտանքը տկար է, պղծւում են: 8 Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծոյ առաջ է կանգնեցնելու: Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի, եւ եթէ ուտենք, ոչնչով չենք աւելանայ: 9 Բայց զգո՛յշ եղէք. գուցէ ձեր այդ ազատութիւնը գայթակղութիւն լինի տկարների համար: 10 Եթէ մէկը տեսնի քեզ՝ այդ գիտութիւնը ունեցողիդ, սեղան նստած մեհեանում, արդարեւ, նա, որի խղճմտանքը տկարութեամբ է պատուած, վերստին չի՞ քաջալերուի կուռքերին զոհաբերուածն ուտելու: 11 Եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս մեռաւ, կորստեան կմատնուի քո գիտութեան պատճառով: 12 Եւ այսպէս, յանցանք գործելով եղբայրների դէմ եւ վիրաւորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդէպ մեղանչում էք: 13 Ուստի, եթէ ուտելիքը պիտի գայթակղի իմ եղբօրը, յաւիտեան միս չեմ ուտի, որպէսզի իմ եղբօրը չգայթակղեմ:

9.1 Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսայ Տէր Յիսուս Քրիստոսին, չէ՞ որ դուք էք իմ գործը ի Տէր: 2 Թէպէտ եւ ուրիշների համար առաքեալ չեմ, բայց յամենայն դէպս ձեզ համար առաքեալ եմ. որովհետեւ իմ առաքելութեան կնիքն իսկ էք դուք ի Տէր: 3 Ուր որ ինձ հարցաքննեն, իմ պատասխանը այս է. 4 մի՞թէ իշխանութիւն չունենք ուտելու եւ խմելու: 5 Մի՞թէ իշխանութիւն չունենք մեզ հետ ման ածելու մեր հաւատացեալ կանանց, ինչպէս որ միւս առաքեալները, Տիրոջ եղբայրները եւ Կեփասը անում են: 6 Միայն ես եւ Բառնաբա՞սն ենք պարտաւոր մեր ապրուստի համար աշխատել: 7 Ո՞վ երբեւէ զինուորութիւն կանի իր ծախսով: Ո՞վ այգի կտնկի եւ նրա պտղից չի ուտի: Ո՞վ հօտ կարածեցնի եւ հօտի կաթից չի խմի: 8 Մի՞թէ մարդկայնօրէն եմ ասում այս բանը. կամ թէ օրէնքն էլ այս նոյնը չի՞ ասում: 9 Մովսէսի իսկ օրէնքում գրուած է. «Կալում աշխատող եզան դունչը չկապե՛ս»: Մի՞թէ միայն եզների համար էր հոգ անում Աստուած: 10 Չէ՞ որ մեզ համար է ասում, քանի որ մեզ համար գրուեց այդ. ով վարուցանք է անում, պէտք է յոյսով վարուցանք անի, եւ ով կալսում է՝ վայելելու յոյսով: 11 Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մե՞ծ բան է, եթէ ձեզնից մարմնաւոր բաներ հնձենք: 12 Եթէ ուրիշները ձեզ վրայ ունեցած իշխանութեամբ վայելում են այդ բաները, որչա՜փ եւս առաւել՝ մենք: Բայց այս իշխանութիւնը ի գործ չդրեցինք, այլ ամէն ինչի համբերում ենք, որպէսզի աւետարանին որեւէ արգելք չլինի: 13 Չգիտէ՞ք, որ նրանք, ովքեր տաճարում պաշտօնավարում են, տաճարից էլ ուտում են: Եւ նրանք, որ սեղանի սպասաւորներն են, սեղանից էլ վայելում են: 14 Նոյնպէս եւ Տէրը աւետարանը քարոզողներին հրամայեց, որ աւետարանից էլ ապրեն: 15 Բայց ես սրանցից եւ ոչ մի բան ի գործ չդրեցի. ոչ էլ գրեցի այս բաները, որ իմ հանդէպ էլ այդպէս լինի: Լաւ է, որ ես աւելի շուտ մեռնեմ, քան մէկն իմ պարծանքը ընդունայն համարի. 16 որովհետեւ եթէ աւետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտաւորութիւն է դրուած ինձ վրայ: Բայց վայ է ինձ, եթէ չաւետարանեմ: 17 Եթէ կամովին եմ անում այդ, վարձ կայ ինձ համար, իսկ եթէ՝ ակամայ, ծանր պարտականութիւն է ինձ յանձնուած: 18 Եւ արդ, ի՞նչ է իմ վարձը. այն՝ որ աւետարանելիս աւետարանը ձրի տամ, որպէսզի աւետարանելու մէջ ունեցած իմ իշխանութիւնը չարաշահած չլինեմ. 19 թէպէտ եւ ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրեցի բոլորի ծառայութեան համար, որպէսզի շահեմ շատերին: 20 Հրեաների հետ եղայ ինչպէս հրեայ, որպէսզի շահեմ հրեաներին: 21 Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները՝ ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաեւ նրանց, որ օրէնքի տակ են: Օրէնքի տակ չեղողների հետ եղայ ինչպէս օրէնքի տակ չեղող մարդ՝ ոչ թէ նրա համար, որ Աստծոյ օրէնքին ենթակայ չէի, այլ՝ Քրիստոսի՛ օրէնքի տակ էի, որպէսզի շահեմ օրէնքի տակ չեղողների: 22 Եղայ տկարների հետ ինչպէս տկար, որպէսզի շահեմ տկարներին: Բոլորի հետ ամէն ինչ եղայ, որպէսզի թերեւս փրկեմ ոմանց: 23 Այս բոլորն անում եմ աւետարանի համար, որպէսզի մասնակից լինեմ նրան:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․