Գրքեր

Հոբ 21:1-34

Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Ակա՛նջ դրէք, ակա՛նջ դրէք խօսքերիս։ Երանի չլինէր ձեզանից եկած մխիթարանքը։ 3Թո՛յլ տուէք դուք ինձ, ու ես կը խօսեմ. գուցէ չայպանէք խօսքերիս համար։ 4Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. եւ ինչո՞ւ պէտք չէ, որ բարկանամ ես։ 5Զարմանում էք դուք՝ նայելով վրաս, ձեռքներդ դրած ծնօտներին ձեր։ 6Հէնց որ յիշում եմ՝ տագնապում եմ ես, քանզի ցաւերն են պատել մարմինս։ 7Այդ ինչպէ՞ս է, որ ամբարիշտները միշտ ողջ են մնում, տարիքը առնում, նոյնիսկ լողում են հարստութեան մէջ։ 8Նրանց սերունդը ըստ ցանկութեան է, եւ զաւակները՝ աչքների առաջ։ 9Նրանց տները՝ երջանկութեան մէջ, եւ ոչ մի տեղից՝ դոյզն ինչ երկիւղ։ Տիրոջից տանջանք չի հասնում նրանց։ 10Նրանց կովերը հաստատ ծնում են, յղիութիւնը երբեք չի վիժում. 11հորթերը նրանց յաւերժական են, ինչպէս գառնուկներ։ Երեխաները խաղում են նրանց աչքերի առաջ՝12ձեռքներին քնար ու սաղմոսարան, ուրախանում են երգերի ձայնից։13Ամբարիշտները կեանքները ահա բարիքների մէջ են աւարտել դեռ, գերեզմաններում հանգիստ ննջել են։ 14Եւ Տիրոջ կ՚ասեն. «Հեռո՛ւ ինձանից. քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա։ 15Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կայ, որ նրան մօտենանք»։ 16Չի նայում բնաւ ամբարիշտների արարքներին նա. սրանց ձեռքին են բարիքները բիւր։ 17Սակայն կը մարի ամբարիշտների ճրագը նոյնպէս. նրանց կը հասնի կործանումը մեծ. զայրոյթից վրէժի երկունքը կը բռնի նրանց։ 18Ու կը լինեն յարդ՝ հողմի բերանին, կամ թէ չէ փոշի՝ մրրիկից քշուող։ 19Իր ունեցուածքը վերջ կը տայ մի օր իր որդիներին. կը հատուցի եւ ճանաչել կը տայ Տէրը հէնց իրեն։ 20Նրա աչքերը կը տեսնեն անշուշտ իր սպանուելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատուի նա։21Զուարճութիւնը իր տան մէջ է միշտ, իր հետ. կեանքի ամիսներն արդ կը կտրուեն։ 22Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է հանճար, գիտութիւն, քանի որ ինքն է քննում ու դատում իմաստուններին։ 23Խիստ բարեկեցիկն ու երջանիկը ստոյգ կը մեռնի սաստիկ անզգամ լինելու համար։ 24Իր որովայնը ճարպակալած է. ու քամուելու է իր ուղն ու ծուծը։ 25Դառնութիւնն հոգու կը սպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից։ 26Կը ննջեն նրանք, բոլորը մէկտեղ, երկրի ընդերքում. ծածկել է նրանց փտութիւնն համակ։ 27Եւ հիմա գիտեմ, որ յանդգնութեամբ հասել էք վրաս։ 28Հիմա դուք կ՚ասէք, «Իշխանի տունը այն որտե՞ղ է որ. ո՞ր յարկի տակ են ամբարիշտները բնակւում հիմա»։29Դուք դա հարցրէ՛ք լոկ անցորդներին ճանապարհների. նրանց նշաններն օտար ցոյց մի՛ տաք։ 30Չարն շտապում է դէպի այն օրը անդարձ կորստեան. քշւում է դէպի օրը հատուցման։ 31Ո՞վ է պատմելու նրա առաջին՝ իր վարքի մասին, արածի համար ո՞վ է, որ պիտի հատուցի նրան։ 32Եւ ինքը դէպի գերեզման ուղղուեց. անքուն անցկացրեց-մնաց տապանում. ձորի խիճերը քաղցր թուացին։ 33Նրա յետեւից կ՚երթան բոլորը, իսկ առջեւից էլ՝ մարդիկ բիւրաւոր։ 34Եւ ինչո՞ւ էք դուք զուր տեղը ջանում ինձ մխիթարել. ձեզանից կեանքում հանգիստ օր բնաւ չեմ ունենայ ես»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․