25 Նոյեմբեր, Բշ
Երջանկություն փնտրող դերձակը թագավորական կնիքով թանկարժեք մատանի է գտնում: Անչափ ուրախանում է: Քիչ հեռվում տեսնում է` մի խումբ մարդիկ զառեր խաղարկելով և դրանց թվերը ճիշտ կանխատեսելով դրամ են վաստակում: Նրանցից մեկը մեծ խաղագումարներ էր ձեռք բերում: Դերձակը որոշում է մասնակցել և թանկարժեք մատանին խաղարկության մեջ դնել` շատ դրամ վաստակելու ակնկալիքով:
Ազնվականի հագուստով մեկն ասում է նրան.
-Տեսնում եմ, որ օտարական ես, սակայն քեզ բարեկամ պիտի համարեմ, քանի որ թագավորական կնիքով մատանի ունես: Արդ, խորհուրդ եմ տալիս, որ այս խաղի մեջ չմտնես. տանուլ կտաս և մատանին, և ունեցածդ ամբողջ դրամը: Այժմ պետք է ընտրություն կատարես` կամ խաղալ, կամ այստեղից ինձ հետ հեռանալ...:
Դերձակը մի ակնթարթ նայում է խաղով ոգևորությամբ տարված մարդկանց և որոշում միանալ նրանց: Այդ ընթացքում պարտվում է` և կորցնում մատանին, և իր ամբողջ գումարը: Այնուհետև իրեն խորհուրդ տվող մարդուն դժգոհությամբ ասում.
-Ինձ կոչեցիր բարեկամ, սակայն հենց սկզբից հաջողություն չմաղթեցիր այս խաղում ու լավատես չեղար իմ ընտրության համար: Ուստի, դու ինձ բարեկամ չես, այլ` թշնամի…
Ազնվականի հագուստով մարդը պատասխանում է.
-Քո գտած մատանու տերն եմ` թագավորն այս երկրի: Իսկ խաղում հաջողակ մարդն իմ աճպարարն է, որ ճարպկությամբ բոլորին հիմարացնում է և հաղթում: Այժմ քո բարեկա՞մն եմ, թե՞ թշնամին…
Երբ տեղին է և չես ընտրում, նշանակում է` կորցնում ես, երբ տեղին չէ ու ընտրում ես, կրկին նշանակում է` կորցնում ես…
Հաճախ մարդիկ Աստծու խորհուրդները և պատգամներն անտեսում են` գնալով իրենց ցանկությունների ետևից և բարեկամ համարելով իրենց ցանկությունները…
Հովհաննես Մանուկյան