Գրքեր
25 Օգոստոս, Գշ Սբ. Հովակիմի և Աննայի՝ Սբ. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օր

Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից, մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծու հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու  բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, որն ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է  լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են <<Յուղաբեր>>, որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման շտապ գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․