16 Հունվար, Գշ Սուրբ Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր
Ս. Պետրոս Ալեքսանդրիայի Հայրապետ
300 թվականին եղել է Ալեքսանդրիայի եպիսկոպոսը: Եվսեբիոս եկեղեցական պատմիչի կողմից հիշատակվել է որպես. «եպիսկոպոսական տիպար, որքան նշանավոր իր առաքինի վարքով, նույնքան էլ Սուրբ Գրքի իր հմտությամբ»: Նա ազատվեց Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից և ինքն էր, որ հաստատեց եկեղեցական այն կանոնները, որոնց հետևելով, հալածանքների ժամանակ տկարացածները (ուրացողները) և ապա զղջացածները կարող էին վերադառնալ եկեղեցու ծոցը: Երբ Երբ 306 թվականին հալածանքները վերսկսվեցին, Պետրոս եպիսկոպոսը, հեռանալով աթոռից, մի որոշ ժամանակ թաքնվեց: Երբ հալածանքները որոշ չափով մեղմացան՝ վերադարձավ, բայց ի վերջո գլխատվեց 311 թվականին, Մաքսիմիանոսի վերսկսած հալածանքների ժամանակ:
Ս. Վլաս Եպիսկոպոս
Անվան հունական և լատինական տարբերակը Բլասիոս է, իսկ Ֆրանսիական տարբերակը Բլեզ:
Վլասը Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսն էր: Իր կյանքի մաքրությամբ, բարքի քաղցրությամբ, իր համեստությամբ ու իմաստությամբ և, մանավանդ, իր բարեպաշտությամբ նա բոլորի համար սիրելի էր դարձել: Բժշկության և փիլիսոփայության հետևորդ էր, և հետագայում դրանք ամբողջությամբ քրիստոնեական դատին հանձնեց: Անմասն նվիրվում է բարեպաշտական կյանքին, և երբ մտադրվել էր նվիրվել առանձնական ճգնակեցությանը, մահանում է Սեբաստիայի եպիսկոպոսը և բոլորի համաձայնությամբ նա ընտրվում է նրա հաջորդը: Որքան իր խոսքով, առավել իր բարի վարքի օրինակով էր ուսուցանում և դաստիրակում իր ժողովրդին:
Հալածանքների սաստկանալու ժամանակները իր ժողովրդին հանձնարարեց շատ աչքի չընկնել և եթե անհրաժեշտ է լեռները գնալ: Նույնպես վարվեց նաև ինքը՝ գնալով Արգեոս լեռը, սակայն հալածիչ կուսակալի զինվորները գտնում են նրան և քաղաք բերում: Սեբաստիա քաղաքը դեռ չմտած մի որդեկորույս մայր լալահառաչ նրա ոտքերը ընկնելով խնդրում է, որ իր նոր մահացած զավակին վերակենդանացնի: Գթալով մոր արցունքները՝ սուրբը բոլորի ներկայությամբ աչքերը վեր բարձրացրեց և աղոթեց. «Լսի՛ր, Հա՛յր գթության և Աստվա՛ծ մխիթարության, ծառայիդ աղոթքները և վերադարձրո՛ւ այս մանկան կյանքը, որպեսզի բոլորը գիտենան, որ Դու ես կյանքի և մահվան Տերը»: Աղոթքը հազիվ վերջացրած՝ մանուկը վերակենդանացավ իր մոր գրկում (այս մանուկը մահացել էր կոկորդը ձկան փուշ մնալուց, այդ իսկ պատճառով Ս. Վլասի բարեխոսությանն են դիմում հատկապես կոկորդի հիվանդության համար):
Կուսակալը հրամայում է Սրբին, որ զոհեր մատուցի «անմահ աստվածներին»:
-Անմահ աստվածների՞ն,- բացականչում է սուրբը,- այդ ի՞նչ անուն է, որ տալիս եք դևերին, որոնք ձեզ վնաս տալուց բացի այլ բան չեն կարող անել: Իմացե՛ք, որ մե՛կ անմահ Աստված կա՝ ամենակալ և հավիտենական, ես Նրան է, որ պաշտում եմ:
Այս պատասխանից զայրացած դատավորը հրամայեց գանահարել նրան այնքան անգութ և բրտորեն, որ ոչ ոք չէր կարծում, թե որևէ մեկը կենդանի կմնա այդպիսի ձաղկումից հետո: Սակայն երջանկությունը, որը ճառագում էր նրա դեմքից, բոլորին հասկացնել տվեց, որ մի գերագույն ուժ զորացնում է նրան: Բանտ նետվեց: Չարչարանքները շարունակվեցին, թե° բանտում և թե° հրապարակավ: Յոթ կանայք նրա մարմնից հոսող այրունով օծում էին իրենք իրենց, հոգու և մարմնի բժշկություն գտնելու հավատքով: Սրանք էլ մարտիրոսացան և սրանցից ոմանք իրենց մանուկներով հանդերձ: Ի վերջո գլխատվեց Ս. Վլասը, որ միջին դարերում ամենաժողովրդական սուրբերից է եղել:
Ս. Վլասի հիշատակության օրը նշում ենք Ս. Ծննդյան ութօրեքի կամ Վարդավառի հաջորդ առաջին սրբոց օրը, կախված Ս. Զատկից:
Ս. Աբիսողոմ Սարկավագ
Համարվում է Ալեքսանդրիայի Պետրոս Պատրիարքի (300-311) սարկավագը: Նրա նման հոգելից ծերունի էր և նրա նման էլ կնքեց իր կյանքը:
«Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը