28 Նոյեմբեր, Եշ
4 Հունիս, Գշ Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերի հիշատակության օր
Սուրբ Նունե կույս
Նունեն հանդիսանում է Վրաստանի լուսավորիչը, որտեղ իր անունը ընդհանրացած է «Նինո» ձևով: Հռիփսիմյանց կույսերից մեկն է համարվում, որը հրաշքով ազատվում է նրանց նահատակության ժամանակ և երկնային ազդումով գնում է Վրաստանի մայրաքաղաք Մծխիթա, որտեղ շարունակում է այն բարեպաշտական և ճգնավորական կյանքով ապրել, որով ապրում էր իր ընկերուհիների հետ Հայոց Վաղարշապատ մայրաքաղաքի մոտակայքում: Ինքն իրեն ներկայացնում է, որպես ճորտերի, կամ ստրուկների դասակարգին պատկանող մի կին և իր բարեգործություններով շահում է իր շրջապատի մարդկանց համակրանքը: Իր հռչակը և կրոնական գործունեությունը սկիզբ են առնում այն ժամանակ, երբ մի կին անբուժելի հիվանդությամբ տառապող իր որդուն նրա մոտ է բերում, որպեսզի նա, եթե որևէ դեղ կամ դարման գիտի, կիրառի իր որդուն առողջացնելու համար: Նունեն վստահեցնում է, որ ինքը չգիտի նյութական որևէ դեղ կամ դարման, բայց հաստատում է, որ իր պաշտած Աստծո որդին՝ Հիսուս Քրիստոսը, այսպիսի շատ հիվանդներ է բժշկել և հավատում է, որ նրան էլ կբժշկի: Ուստի սկսում է աղոթել և արդարև, ի մեծ ուրախություն մոր և հավաքվածների, փոքրիկը հանկարծակի բուժվում է: Լուրը նաև հասնում է Վրաստանի Նանա թագուհուն, որը ծանր հիվանդ էր: Թագուհին իր մոտ է հրավիրում, որպես ստրուկ համարվող կնոջը, որն իր հերթին պատասխանում է, թե նման փարթամ վայրերում թափառելու համար ինքը չի կարող թողնել իր ճգնարանը: Թագուհուն տանում են նրա մոտ, որն իրոք իր աղոթքներով բուժում է նրան: Թագուհին, իրեն խորապես երախտապարտ զգալով, փորձում է թանկարժեք նվերներ նվիրել, որոնք, սակայն, Նունեն մերժում է, բայց սկսում է Ավետարանը քարոզել՝ հաստատելով, որ ոչ թե ինքը, այլ Քրիստոս է բուժել թագուհուն և թե Քրիստոս պատրաստ է բուժել նաև նրա հոգու հիվանդությունները, եթե նա քրիստոնյա դառնա: Թագուհին համաձայնվում է:
Երբ թագուհու ամուսինը՝ Միհրան թագավորը, պալատ է վերադառնում՝ չափազանց ուրախանում է և հրամայում, որ թանկագին նվերներ ուղարկեն օտարուհուն: Թագուհին, կանխելով, ասում է, որ այդ կինը նվերներ չի ընդունում, «բայց մեր երախտագիտությունը հայտնած կլինենք նրան այն ժամանակ, երբ երկուսս էլ պաշտենք նրա քարոզած Աստծուն, որի զորությամբ, ինչպես ասում էր նա, ես բժշկվեցի»: Սակայն թագավորն այդ պահին շատ լուրջ չի վերաբերվում թագուհու ասածին: Բայց մի օր որսորդության ժամանակ ինքը և իր ընկերները թանձր մառախուղի մեջ են ընկնում և սարսափահար, տարակուսած սկսում են այս ու այն կողմ դեգերել: Թագավորը կորցնում է իր ուղղությունն ու ճանապարհը: Իր աստվածներին օգնության է կանչում, սակայն իրավիճակի ոչ մի փոփոխություն չի նշմարվում: Հանկարծակի մտաբերում է իր թագուհուն բուժած Աստծուն, Նրան է դիմում և ուխտում է, որ եթե իրեն ազատի այս թանձր խավարից՝ կհավատա և կհետևի Նրան: Հանկարծակի, այդ անթափանցելի մշուշն ինչպես արագորեն սկսել էր, այդպես էլ ցրվեց և թագավորը բարեհաջող վերադարձավ պալատ: Թագուհուն պատմում է եղելությունը և երկուսով գնում են Նունեի մոտ: Թագավորը Նունեին խնդրում է, որ իրեն էլ պատմի իր Աստծո և Նրա որդի Հիսուս Քրիստոսի մասին: Նունեի քարոզն ունկնդրելուց հետո թագավորն էլ է հայտարարում իր քրիստոնյա դառնալու պատրաստակամության մասին: Պալատ վերադառնալով իր մոտ է հրավիրում ամբողջ երկրի մեծամեծներին և թագուհու հրաշքով բժշկության և իր հետ կատարվածի մասին պատմելուց հետո, ինքն էլ իր հերթին սկսում է քարոզել իր սովորած Քրիստոսի մասին: Հաստատում է իր համոզմունքը, որ ճշմարիտ Աստվածը Քրիստոսն է և ճշմարիտ կրոնը Քրիստոնեությունը; Մեծամեծերից շատերն էլ են համոզվում և հավատում: Այնուհետև Նունեի խորհրդով, ըստ վրացական աղբյուրների, պատգամավորներ են ուղարկվում Կոստանդիանոս թագավորի մոտ, իսկ ըստ Հայկականի, Ս. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատի մոտ, որպեսզի հոգևորականներ ուղարկեն, որոնք շուտով հասնելով և թագավորին, թագուհուն, ամբողջ արքունիքը և ժողովրդից հազարավորներին Կուր գետում մկրտելով՝ լրման են հասցնում Նունեի սկսած գործը: Այս դեպքերից հետո Նունեն շարունակում է իր առաքելությունը երկրի բոլոր անկյուններում և վերջ ի վերջո խաղաղ մահվամբ վախճանվում է և իր գերեզմանի վրա մի փառավոր եկեղեցի է կառուցվում, որն այժմ Վրաստանի մեծ ուխտավայրերից մեկն է:
«Սրբոց Բառարանում» Նունեն հիշատակվում է, ասելով, որ նա մահացել է 340 թ.-ին և տոնվում է դեկտեմբերի 15-ին: Իսկ մեր ձեռքի տակ եղած Հայսմավուրքներում հանգամանորեն նշվում է, որ նա հիշատակվում է հոկտեմբերի 28-ին: Սակայն Վրացական վկայաբանությունները նրա տոնը նշում են հունվարի 14-ին: Հայ եկեղեցին նրան հիշատակում է Կաթողիկե եկեղեցու տոնին հաջորդող երեքշաբթի օրը, Մանե կույսի հետ միասին, որը քանի որ ապրել և մահացել է Հայաստանում՝ զետեղել ենք «Հայազգի Սուրբեր» հատորում:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը
Սուրբ Մանեե կույս
Կարճ է Մանեի վարքը: Հռիփսիմյանց կույսերի խմբից էր, որոնք երբ Հռոմից դուրս եկան շուրջ 70 հոգի էին: Հավանաբար ճանապարհին ոմանք մահացան և ոմանք էլ զանազան տեղեր մնացին և միայն 37 հոգի հասան Վաղարշապատ և նահատակվեցին: Ճանապարհին այլ տեղեր գնացողներից միայն երկուսի անուններն են մնացել պատմության մեջ: Սրանցից մեկն էր Նունեն, որը Աստծո նախախնամությամբ առաջնորդվեց դեպի Վրաստան և եղավ նրանց առաքելուհին ու նրանց ամբողջական դարձի պատճառը, ինչպես, որ տեսանք «Համաքրիստոնեական Սուրբեր» հատորում:
Երբ Հռիփսիմյան կույսերը հասան Հայաստան, նրանցից Մանեն, Աստվածային ազդեցությամբ, բաժանվում է իր ընկերուհիներից և գնում Եկեղյաց գավառը, որի կենտրոնը Երզնկան էր: Այնտեղ Սեպուհ կոչված լեռան վրա մի հարմար քարայր գտնելով, որոշում է այնտեղ ճգնողական կյանք վարել: «Սա մտքով լուսավորված, հոգևոր ճանապարհին տեղյակ անձ էր և Աստծո Հոգու շնորհներով ամրացված էր (Լիակատար): Այնտեղ, ենթարկվելով ամռան տապին և ձմռան ցրտին, սիրով և համբերությամբ երկար ժամանակ հրեշտակային կյանք էր վարում: Սակայն Աստվածային մխիթարությունը, որով լցված էր նա, մոռանալ էր տալիս բնության կողմից պատճառած նեղությունները: Եվ այսպես աղոթքով ու ճգնությամբ երկար տարիներ Աստվածամերձ կյանք էր ապրում:
Շատ տարիներ հետո, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ առանձնության փափագ զգաց, քայլերն իրեն առաջնորդեցին դեպի Դարանաղյաց լեռները, նա էլ իր հերթին նշմարեց Սեպուհ լեռան քարայրը, որտեղ ճգնում էր Մանեն: Սակայն ծերացած կույսը հեռվից ձայն տվեց. «այժմ մի մոտենա, այլ երեք օր հետո արի»: Արդարև երբ Լուսավորիչը երեք օր հետո վերադարձավ, սրբուհուն արդեն վախճանված գտավ, որին սաղմոսներով և օրհնություններով, թաղեց նույն այրի մեջ, ինչպես ժամանակին թաղել էր նրա ընկերուհիներին իրենց նահատակված վայրերում, ինքն էլ շարունակեց ճգնել նույն քարայրի մեջ, որը հետագայում կոչվեց «Մանյա այր»
Տոնվում է Նունե կույսի հետ Կաթողիկե տոնի հաջորդ երեքշաբթի օրը, իսկ Հայսմավուրքները նշում են հոկտեմբերի 29-ին:
«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը