28 Նոյեմբեր, Եշ
27 Օգոստոս, Գշ Սուրբ Աստվածածնի ծնողների՝ Սուրբ Հովակիմի և Աննայի և Յուղաբեր կանանց հիշատակության օր
Հովակիմ և Աննա
Նորկտակարանյան սրբերի շարքն այս այր և կին երկու արդար հոգիներով է բացվում, որոնք իրենց հավատքով և ոգով գրեթե ոչնչով չեն տարբերվում Աբրահամից և Սառայից, կամ Սամվել մարգարեի ծնողներ Եզկանայից և Աննայից: Երեք դեպքում էլ այրերն արդար, ուղիղ և աստվածավախ մարդիկ են: Երեք պարագաներում էլ կանայք բարեպաշտ, բայց ամուլ են: Երեք պարագայում էլ, մյուսը հետո կտեսնենք, Աստծուց խոստացված զավակներ պիտի ունենային:
Հովակիմը և Աննան նորկտակարանյան սրբերի շարքերն են անցել, միայն Քրիստոսի նախնիները՝ պապը և տատը, լինելու պատճառով, մոր կողմից: Քանի որ նրանք Նոր Կտակարանում չեն հիշատակվում:
Նրանց մասին տեղեկություններ ենք քաղում «Նախաավետարան»-ից, կամ «Հակոբի Գիրք» կոչված մի գրությունից, որը թեև Սուրբ Գրքի կանոնում չի ընդգրկվել, բայց միշտ հաճույքով կարդացվել է նախկին քրիստոնյաների կողմից: Գիրքը Հիսուսի մանկության վերաբերյալ գողտրիկ դրվագներ է իր մեջ ներառում, որոնք իրենց չափազանցված և մանկական երևակայությունով հաստատում են, որ առավելաբար վառ երևակայության ծնունդ է: Սակայն մյուս կողմից կարելի է մտածել, որ այդ գիրքը վավերական ավանդության որոշակի տարրեր և արձագանքներ է պարունակում: Այս գիրքը կարծես թե գրել է Հակոբոս Տեառնեղբայրը, սակայն գիտնականները կարծում են, որ գրվել է 150 թ.-ին, մի հրեա քրիստոնյայի կողմից: Ըստ այս գրքի՝ Հովակիմը, Դավթի ցեղից, բարեպաշտ և մեծահարուստ մեկն էր, իսկ Աննան քահանայական ցեղից համեստ և երկյուղած մի կին էր:
Մի օր, երբ Հովակիմն Աստծո տաճարում մյուսների հետ իր ընծան էր մատուցում, պաշտոնակատար քահանան ասաց, որ ինքը պիտի բոլորից հետո ներկայանա, քանի որ զավակ չունի: Սրանից Հովակիմը շատ վիրավորվեց, թողեց տաճարը և իր հովիվների հետ ուղղակի լեռը բարձրացավ. «և մտադրվեց տուն չվերադառնալ և ոչ էլ ուտել կամ խմել, մինչև որ Աստված իրեն չայցելեր»: Աղոթքն իր համար կերակուր դարձրեց, իսկ արցունքը՝ ըմպելիք; Երբ Աննան իր ամուսնու տնից հեռանալու մասին իմացավ, ինքն էլ սգավորի զգեստ հագավ և ինքն իրեն ապաշխարության նվիրեց: Մի օր Աննան աղոթելու համար պարտեզ էր գնացել, աչքերը վեր բարձրացրեց և տեսավ թռչուններին, որոնք, բույն շինած, իրենց ձագուկներին էին կերակրում, այս տեսարանից Աննայի սիրտը փլվեց և լալով ասաց Աստծուն. «Վա՜յ ինձ, թռչուններից էլ ստորակարգ եղա, նրանք իրենց ձագուկները ունեն, իսկ ես զրկված եմ անգամ մի զավակի շնորհից»: Եվ այսպես լալահառաչ երկար աղոթեց: Այդ ժամանակ Աստծո հրեշտակը երևաց նրան և ասաց, որ իր աղոթքները լսվել են և ահա Աստված իրեն մի մանուկ պիտի շնորհի, որի անունը ամբողջ աշխարհով մեկ պիտի տարածվի: Աննան ուխտ արեց, որ եթե երեխա ունենա, տղա, կամ աղջիկ, Աստծուն պիտի ընծայի:
Նույն տեսիլքն ու նույն ավետիսը նաև Հովակիմին էր տրված, որն ուրախությամբ լցված, իր արջառներից և ոչխարներից լավագույներն ընտրեց, որպեսզի ընծայի Աստծո Տաճարին և նվիրաբերի քահանաներին, բազմաթիվ մատաղներ մորթելով աղքատների համար, վերադարձավ տուն: Աննան հղացավ և մի հրեշտակային մանուկ ծնեց, քանի որ նորածինը լույսի պես մի աղջիկ էր, «որով օրհնվեցին բոլոր ազգերը», Մարիամ անվանակոչեցին, որը նշանակում էր լուսավորյալ:
Կաթից կտրվելուց հետո նրան Աստծո տաճարին ընծայեցին:
Ըստ ավանդության, Հովակիմը չի տեսել իր թոռնիկին՝ Հիսուսին, իսկ Աննան տեսել, երջանկացել և քիչ ժամանակ հետո խաղաղությամբ վախճանվել է;
Հովակիմի և Աննայի հիշատակը, Հայ Եկեղեցին կատարում է Յուղաբեր կանանց հետ, Վերփոխման իննօրեքին հաջորդող երեքշաբթի օրը: Նրանց տունը մինչ այսօր գտնվում է Երուսաղեմում, թեև այն եկեղեցու է վերածված, բայց ասողներ կան, որ նրանց տունը եղել է Բեթղեհեմում, կամ Նազարեթում:
Հայ Եկեղեցին գեղեցիկ շարականներ է հորինել ի պատիվ Հովակիմի և Աննայի, որոնց մեջ հաստատվում է, որ այն օրհնությունը, որն Աստծուց տրվեց «Աստվածազույգ այրերին և կանանց», լիովին իրականացավ Հովակիմի և Աննայի վերաբերյալ:
Հիշվում է նաև, որ հին ուխտի արքայական և քահանայական «գավազանները» Հովակիմով և Աննայով միացան, որոնց միակ պտուղը Ս. Կույսը եղավ: Եվ եզրակացնում է շարականը.
«Ի (հ)յամուլ երկրէ (Հովակիմից և Աննայից) այսօր բուսավ մեզ
բարեբեր բույսն բարի, շուշան հովտաց, ծաղիկն դաշտաց.
Միամայրն Մարիամ, արմատ Տնկոյն անմահության:
Աղաչանոք սոցա խնայա ի մեզ»:
Յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացի, Կղեովպայի կին Մարիամ, Սողոմե, Հովհաննա և ուրիշներ
Հիսուսի քարոզչության ընթացքում նրան ոչ միայն Առաքյալներն ու աշակերտներն էին հետևում, այլև որոշ կանայք: Սրանց հիմնական գործը՝ Հիսուսին և Նրա հետևորդներին նյութական ծառայությամբ օգնելն էր: Ավետարանի խոսքերով. «սրանք Հիսուսին ծառայում էին իրենց ինչքերով»: Առհասարակ ունևոր և երախտագետ պատվարժան կանայք էին, որոնցից ոմանք «բժշկվել էին զանազան հիվանդություններից և չար դևերից»: Սրանց մեծ մասը Հիսուսին հետևեց Գալիլեայից դեպի Երուսաղեմ վերջին և երկարատև ճամփորդության ժամանակ, որտեղ Ավագ Շաբաթվա վերջին դեպքերի ականատեսները եղան, հատկապես Նրա խաչելության և թաղման: Ի վերջո նրանք էին Հիսուսի հրաշալի հարության ավետաբերները: Եկեղեցու կողմից բոլորը «յուղաբեր կանայք» են կոչվում, քանի որ սրանք էին, որ կիրակի առավոտյան, իրենց պատրաստած անուշահոտ յուղերով, Քրիստոսի մարմինը օծելու համար, փութաջանորեն գերեզման շատապեցին:
Սրանցից ամենանշանավորը Մարիամ Մագդաղենացին է, որը Գալիլեա ծովակի եզերքում գտնվող Մագդալա քաղաքից էր: Նախապես դիվահար և ջղագար մի կին էր, որից Հիսուսը «յոթ դև էր հանել»: Խմբի առաջնորդն ու ամենաանձնանվեր անդամը կարելի է համարել նրան: Այս կնոջ անձնվիրությունը վարձատրվեց, քանի որ նա էր այն հարուցյալ Փրկչին առաջինը տեսնողը և Առաքյալներին հարության ավետիսն առաջինը բերողը:
Երկրորդը՝ մյուս Մարիամը, ծանոթ է նաև որպես Հակոբի և Հովսեփի մայր Մարիամ և նաև Կղեովպայի Մարիամը: Հակոբը և Հովսեփը, որպես որոնց մայր ներկայանում է այս Մարիամը, նույն «տեառնեղբայր» կոչված երիտասարդներն են: Իսկ Կղեովպասը Մարիամի ամուսինն էր: Այստեղ բացահայտորեն երևում է, որ «տեառնեղբայր» կոչվածները, հակառակ բողոքականների այն կարծիքի, թե Հիսուսի հարազատ եղբայրներն էին, Մարիամից և Հովսեփից ծնված, այլ մայր և հայր ունեին: Իսկ Հակոբին և իր եղբայրներին տրված «տեառնեղբայր» կոչումից պետք է եզրակացնել, որ Հիսուսին շատ մոտ ազգականներ էին: Ազգակցական այդ կապը ավետարաններում չի լուսաբանվում: Ամենատրամաբանական ավանդությունն այն է, ըստ որի Հովսեփը և Կղեովպան եղբայրներ էին և «տեառնեղբայր»-ները Հիսուսի «հորեղբորորդիներ»-ն են: Արդարև արևելքում երկու եղբայրների զավակները միմյանց եղբայրներ են համարվում, քանի որ նրանք նույն ընտանիքին են պատկանում, շատ հաճախ նույն տանիքի տակ են ապրում և նույն ազգանունն են կրում:
Յուղաբեր անվանված մեզ հայտնի երրորդ կինը Սողոմեն է, Հակոբոս և Հովհաննես Առաքյալների մայրը և ձկնորսապետ Զեբեդեոսի կինը: Հովհաննեսի Ավետարանում Սողոմեն անվանվում է նաև «Նրա մոր քույրը», այսինքն Հիսուսի մոր՝ Մարիամի քույրը: Բնականաբար այս բացատրությունը ֆիզիկական իմաստով չպիտի հասկանալ, այլ բարոյական: Քանի որ Հիսուսը մորը հանձնել էր Հովհաննեսի խնամքին, որով էլ Սողոմեն և Ս. Կույսը Խաչելությունից հետո իրենց կյանքը միասին անցկացրեցին, ուստի իրավամբ իրար քույրեր եղան և բոլորի կողմից էլ այդպես ճանաչվեցին: Ավանդությունը Ս. Կույսի և Սողոմեի մեջ որևէ ազգակցական կապ է ցանկանում տեսնել:
Միայն Ղուկասի Ավետարանում, Յուղաբեր կանանց մեջ, հիշվում է նաև «Հովհաննան և ուրիշներ»: Հովհաննան Հերովդեսի հարյուրապետներից Քուզայի կինն էր: Այս հարյուրապետը նույնացվում է այն «թագավորազն»-ի հետ, որի մահվան դուռը հասած որդուն Հիսուս բժշկեց և դրանից հետո ինքը և իր ամբողջ ընտանիքը հավատացին Նրան (Հովհ. 4:46-54): Այս ազնվական կինը, ի նշան երախտագիտության, իր ինչքերից սիրով բաժին էր տալիս Հիսուսին ու Նրա խմբին և նրանց հետ Երուսաղեմ էր եկել:
Նրանց վախճանի, կամ այլ գործունեության մասին ոչինչ չի ասվում Նոր Կտակարանում: Իրենց մասին եղած ավանդություններն էլ այդքան ստույգ և վստահելի չեն:
Այս ազնիվ կանայք, որոնք իրենց Վարդապետի խաչելությամբ և մահվամբ իրենք իրենց բոլորից ավելի խոցված զգացին, միաժամանակ եղան երջանկագույն հոգիները, քանի որ մեռելներից վերստին կենդանություն առած իրենց Աստվածային Տիրոջը առաջինը տեսնելու բախտն ունեցան:
Սրանք իրենց խմբով, Հոգեգալստյան նախօրեին ներկա էին նաև վերնատանը և այն 120 հոգիներից բաղկացած խմբի մասն էին կազմում, որը Քրիստոնեական Եկեղեցու կորիզը կազմեցին և միասնաբար ստացան Ս. Հոգին Պենտեկոստեի օրը:
Նրանց հիշատակը կատարվում է «Յուղաբեր Կանայք» հավաքական անվան ներքո, Հովակիմի և Աննայի հետ միասին, վերափոխման տասներորդ օրը:
«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը