Ս. Ակիփսիմոս եպիսոկոպոսը, Ս. Հովսեփ քահանան և Ս. Այիթալա սարկավագը նահատակվել են 4-րդ դարում: Ս. Ակիփսիմոսն ազգությամբ պարսիկ էր: Նա Ս. Հովսեփ քահանայի և Ս. Այիթալա սարկավագի հետ ձերբակալվում է Շապուհ Բ արքայի` քրիստոնյաների դեմ կիրառած հալածանքների ժամանակ: Նրանց տանում են Արբելա քաղաքը` դատվելու արևի գերագույն քուրմ Արդախի մոտ, սակայն նրանք հրաժարվում են երկրպագել արեգակին և կրակին: Նրանց նետում են մի մութ գուբ, ուր մնում են երեք տարի: Այնուհետև սրբերին ուղարկում են Մեդիա` հանձնելով Շապուհ արքայի դատին, ուր և Քրիստոսի սուրբ վկաներն ընդունում են նահատակության անթառամ պսակը: Ըստ վարքագրական աղբյուրների` Ս. Ակիփսիմոսը գլխատվում է, իսկ Ս. Հովսեփն ու Ս. Այիթալան` քարկոծվում: Ս. Պղատոնը ծնվել է Անկյուրիայում` քրիստոնյա բարեպաշտ ընտանիքում: Դեռ մանկուց սնվել և դաստիարակվել է Ս. Ավետարանի պատվիրաններով: Վաղ տարիքից զրկվելով ծնողներից` նա վաճառում է իր ողջ ունեցվածքը, դրամը բաժանում աղքատներին և կարիքավորներին` նվիրվելով հեթանոսներին դարձի բերելուն և Աստծո խոսքը տարածելուն: Քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում է և անասելի տանջանքների մատնվում: Դատավորը ոչ մի կերպ չի կարողանում նրան ետ պահել քրիստոնեությունից և կուռքերին զոհ մատուցելուց, ուստի հրամայում է սրբին գլխատել: Ս. Պղատոնը նահատակվել է 4-րդ դարի առաջին քառորդում: