Գրքեր
13 Նոյեմբեր , Եշ Ս. Գուրիասի, Ս. Սամունասի, Ս. Աբիբ սարկավագի, Ս. Ռոմանոս մենակյացի, Ս. Մանուկ խոստովանողի և Ս. Հյուսիքոս զինվորի հիշատակության օր

Ս. Գուրիասն ու Ս. Սամունասը եդեսացի երկու քահանաներ էին Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305): Նրանց ձերբակալում են որպես քրիստոնյաներ, բերում քաղաքի դատավորի մոտ, կուռքերի առջև խնկարկելու և կայսեր պատկերին երկրպագելու հրաման տալիս: Մերժում ստանալով` նրանց մեկ ձեռքի վրա կախում են: Երբ հոդերը խախտվում են, կրկնում են իրենց հրամանը: Ժխտական պատասխան ստանալով` ձեռք ու ոտք կապած նետում են խոր փոսը: Տեսնելով չարչարանքներն անօգուտ են` գլխատում են 4-րդ դարի սկզբում:

Ս. Աբիբ սարկավագը ծառայում էր Եդեսիայի եկեղեցում 4-րդ դարի սկզբներին: Հալածանքների ժամանակ շրջելով գյուղերում` նա քարոզում էր Աստծո խոսքը և քաջալերում նրանց, ովքեր հալածանքի էին ենթարկվում: Իմանալով այդ մասին` Լիկիանոս կայսրը հրամայում է ձերբակալել նրան, ինչը, սակայն չի հաջողվում: Իսկ երբ Ս. Աբիբ սարկավագը լսում է, որ իր մորն ու ազգականներին բանտարկել են, հոժարակամ հանձնվում է իշխանություններին: Չկարողանալով նրան համոզել ուրանալ Քրիստոսին`դատավորը նրան կրակով այրելու հրաման է տալիս: Սուրբը նախ աղոթում է, ապա նետվում է կրակի մեջ և ավանդում հոգին 312 թվականին: Նրան թաղում են այն տապանի մեջ, որտեղ ամփոփված էին նույն քաղաքում նույն օրերին նահատակված Ս. Գուրիաս և Ս. Սամոնաս քահանաների աճյունները: Դիոկղետիանոսի հալածանքների շրջանում Ռոմանոս անունով կրոնավորը, ով ձերբակալվելով` դատվում էր իր հավատի համար, դատավորին ասում է. «Մինչև իսկ եթե որևէ մանկան հարցնես, թե ո՞րն է ճիշտ` երկնքի ու երկրի Արարիչ միակ Աստծուն թե՞ բազում աստվածներին պաշտելը, քեզ ճիշտ պատասխան կտա»: Արդարև, կանչում են պատահական մի մանկան, ով վերոհիշյալ հարցմանը պատասխանում է. «Մարդկանց Աստված կոչվածը մեկ պետք է լինի. մեր պաշտած Աստված միածին Որդի ունի, Ով Հոր հետ մեկ է»: Զայրացած դատավորը իսկույն հրամայում է սպանել անմեղ մանկանը: Դեպքը տեղի է ունենում 304 թվականին:

Ս. Հյուսիքոս զինվորը չարչարվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Եղել է զինվորական, կայսեր մերձավորը, Քրիստոսին հավատալու համար ջրասույզ է արվել` պարանոցին քար կապված:

www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․