Գրքեր
7 Մարտ, Շբ, Մեծ պահքի Ի օր Սրբոցն Երուսաղեմի Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր

Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը: Սբ. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ` գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Սբ. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Սբ. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձունին մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Սբ. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար: Միմյանց կապված են Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը, ուսանելով Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց իր ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը: Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Սբ. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Երուսաղեմի հայրապետը հայտնի քարոզիչ էր:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․