Սկիզբ
Սուրբ Պատարագի երկրորդ մասը՝ Ճաշու պաշտոնը կամ Երախայից (չմկրտվածների) Պատարագը սկսվում է թափորից հետո, երբ պատարագիչը կրկին խորան է բարձրանում և տևում է այնքան ժամանակ, մինչ սարկավագն ազդարարում է. «Մի ոք յերախայից, մի ոք ի թերահաւատից և մի ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս»: Կոչվում է Ճաշու պաշտոն, որովհետև կազմում է ժամերգության մասերից մեկը (Ճաշու) և Վերջին Ընթրիքի նմանողությամբ Պատարագի այս հատվածում Սուրբ Գրքից ընթերցումներ են կատարում: Ճաշու պաշտոնը խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը:
Սուրբ Պատարագի այս մասը սկսվում է Աստծու թագավորության հռչակմամբ: Սարկավագի «Օրհնեա Տէր»-ին պատարագիչը պատասխանում է. «Օրհնեալ Թագաւորութիւնն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Ճաշու պաշտոնի առաջին ենթաբաժինը կոչվում է Սկիզբն, որի կենտրոնական գաղափարն է, որ քրիստոնյաները՝ Քրիստոսի անունով միացած մեկ մարմին են կազմում եկեղեցու մեջ, որն աստվածային ճշմարտության գանձարանն է:
Սկիզբ-ի օրհնությունը հավաստում է, թե եկեղեցին Աստծու Թագավորությունն է: Այն հիշեցնում է մեզ Քրիստոսի մկրտությունը, երբ հայտնվեց և փառավորվեց օրհնյալ Սուրբ Երրորդությունը՝ հատկանշելով նաև մեր Տիրոջ առաքելության և Թագավորության սկզբնավորությունը:
Այս ընթացքում, հավատացյալները պետք է ջանան իրենց մեջ արթնացնել այն գիտակցությունը, թե Աստծու Թագավորության հպատակներն են և միևնույն ժամանակ Քրիստոսի Մարմնի անդամները, որ հավաքվել են սրբազան նպատակի՝ Աստծու պաշտամունքի շուրջ, քանի որ եկեղեցու միջոցով են սովորում Թագավորության օրենքները և իրենց մտքերը լուսավորող Աստծու խոսքը:
Դպիրները երգում են ժամամուտ «Միածին Որդի եւ Բանդ Աստուած եւ անմահ Էութիւն», կամ ուրիշ ժամամուտ՝ օրվա խորհրդի համաձայն: Ժամամուտ նշանակում է մուտք ժամու Սուրբ Պատարագի: «Միածին Որդի եւ Բանդ Աստուած»-ը, որ 535թ-ին գրել և Սուրբ Հաղորդության մեջ ներմուծել է Հուստինիանոս կայսրը, մեզ մոտ միայն արտասանում են, ի տարբերություն բյուզանդական Պատարագի, որ երգում են:
Ժամամուտից հետո սարկավագը, կրկին բարձր ձայնով դիմելով քահանային, ասում է. «Օրհնեա Տէր»: Քանի որ պատարագիչ քահանան Քրիստոսի ներկայությունն է խորհրդանշում, իսկ սարկավագը՝ քահանայի և ժողովրդի միջնորդը, «Օրհնեա Տէր» ձայնելով, սարկավագը պատարագիչ քահանային ուզում է ասել, թե. «Տե՛ր, դու, որ այս պահին Քրիստոսի ներկայությունն ես խորհրդանշում, օրհնիր մեզ և մեր աղոթքները ներկայացրու Աստծու առաջ»: Քահանան տալիս է իր օրհնությունը և ապա օրհնությամբ տալիս խաղաղություն՝ «Խաղաղութիւն ամենեցուն», այն խաղաղությունը, որ տվեց Քրիստոս Իր աշակերտներին՝ ասելով. «Խաղաղություն եմ թողնում ձեզ. Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից:
Մի՛ խռովվեք և մի՛ վախեցեք» (Հովհաննես 14:27): Եվ որպեսզի պատարագիչը նույնպես մասնակից լինի նույն օրհնության, դպիրները գոհունակությամբ երգում են. «Եւ ընդ հոգւոյդ քում»: Սարկավագը հրավիրում է ժողովրդին Աստծուն երկրպագել. «Աստուծոյ երկիրպագեսցուք», իսկ դպիրները ամբողջացնում են միտքը՝ «Առաջի քո, Տէր» ասելով, այսինքն՝ Տե՛ր, Քո առջև ենք երկրպագում:
Սարկավագի խնդրանքին իբրև պատասխան՝ պատարագիչն աղոթում է. «Տէր Աստուած մեր, որոյ կարողութիւնդ անքնին է եւ փառքդ անհասանելի…» աղոթքը: Այս աղոթքի մեջ նա խնդրում է Աստծուց, որ Իր առատ մարդասիրությամբ խնամքով նայի այս ժողովրդին և այս սուրբ տաճարին՝ խնդրելով Նրա առատ ողորմությունն ու գթությունն իր ու աղոթակից ժողովրդի համար: Աղոթքից հետո մինչ դպիրները երգում են ճաշու սաղմոսն ու շարականը՝ ըստ օրվա խորհրդի, քահանան, փոքր-ինչ սեղանից հեռու կանգնելով, ծածուկ, այսինքն՝ ցածր ձայնով, իր աղոթքն է շարունակում՝ խնդրելով Աստծու օրհնությունը, ողորմությունն ու զորությունը հավատացյալ ժողովրդի համար: «Տէր Աստուած մեր…» ծածուկ այս աղոթքում, ինչպես մեկնում է Ներսես Լամբրոնացին, քահանան խնդրում է հաստատուն պահել և չարի կապանքներին չհանձնել քրիստոնյաներին, քանի որ Տիրոջն ենք պատկանում, և Նրա հոտն ենք: Խնդրում է նաև, որ Տերը չթողնի նրանց, ովքեր իրենց հույսը դրել են Տիրոջ վրա: Եվ Տիրոջ այն խոսքի համեմատ, թե՝ «Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթեոս 18:20), պատարագիչը խնդրում է, որ Աստված իրենց հետ լինի, քանի որ եկեղեցում հավաքվածները ժողովվել են Տիրոջ անունով: Իսկ Հովհաննես Արճիշեցին ծածուկ այս աղոթքը մեկնելիս նշում է, որ քահանան բոլորի անունից խնդրում է, որ Աստծու կամքն իմանանք և Նրա վկայության ճանապարհներին իմաստուն լինենք, քանի որ սրանք են, որոնք առաջնորդում են մեզ դեպի հավիտենական կյանք:
Այս ծածուկ աղոթքով ավարտվում է Սուրբ Պատարագի երկրորդ մասի՝ Ճաշու պաշտոնի առաջին ենթաբաժինը՝ Սկիզբ-ը և սկսվում է Ճաշու մուտք-ը:
Ճաշու մուտք
Մինչ դպիրները երգում են ճաշու շարականի վերջին տունը՝ պատարագիչ քահանան, երեք անգամ երկրպագելով Սուրբ Սեղանի առջև, իր ձեռքն է վերցնում Սուրբ Ավետարանը և ծածուկ ասում հետևյալ աղոթքը. «Տե՛ր Աստված մեր, որ Քո փառքի սպասավորության համար երկնքում կարգեցիր հրեշտակների և հրեշտակապետների դասերն ու զինվորությունները, այժմ արժանացրու մեր մուտքի հետ մտնել նաև սուրբ հրեշտակներին և լինել մեզ պաշտոնակից և փառաբանակից Քո բարերարությանը»: Այս պահից սկսում է Ճաշու պաշտոնի հաջորդ ենթաբաժինը՝ Ճաշու մուտք-ը: Հովհաննես Արճիշեցին վերոնշյալ ծածուկ աղոթքը հետևյալ կերպ է մեկնում. «Ինչպես երկնքում իմանալիների դասերը Քեզ են սպասավորում, այնպես և այստեղ՝ Եկեղեցում, որը երկինք է երկրի վրա, Քո նույն պաշտամունքի մեջ նաև մեզ են սպասավորակից լինում»: Ծածուկ այս աղոթքն ավարտվում է բարձրաձայն ասված «Զի քո է կարողութիւն» աղոթքով: Քահանան, համբուրելով Սուրբ Ավետարանը, վերցնում և տալիս է սարկավագին, որն այն վերցնելով ժողովրդի ուշադրությունը հրավիրում է «պռօսխումէ» գոչելով: «Պռօսխումէ» հունարեն բառ է, նշանակում է ուշադրություն: Սարկավագը հանդիսավոր վեր է բարձրացնում Սուրբ Ավետարանն՝ ի տես ժողովրդի և պտտվում Սուրբ Սեղանի շուրջը՝ հյուսիսային կողմից գալով հարավային կողմ: Առաջանում է բեմի ծայրը և դասի մեջ գտվող ընթերցողին համբուրել է տալիս: Պատարագիչն օրհնում է համբուրողին, իսկ ավետարանակիրն Ավետարանը Սեղան է վերադարձնում: Այս վերաբերումը նշանակում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանական քարոզության սկզբնավորությունը, և ինչպես Մովսեսը Սինա լեռան վրա Աստծու պատգամները վերցնելով բերեց ժողովրդին, նույնպես սարկավագը վերցնելով Ավետարանը քահանայի ձեռքից, որ օրինակն է հավիտենական երկնավոր քահանայի, բերում է ժողովրդին՝ կարդալու համար Աստվածային պատգամները: Այս վերաբերումի ժամանակ դպիրները երգում են «Երեքսրբեան»-ը՝ ասելով. «Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ», որով ուզում է ասել՝ թեև սուրբ, հզոր և անմահ Աստված ես Դու, և փրկիչը մարդկության, սակայն բավական չհամարեցիր միայն մարդ լինել և հավասարվել մեզ, այլև անարգ և հետին մահն ընդունեցիր մեզ համար, որ խաչն է: Արդ այնքան անպատմելի խոնարհությանդ համար, ողորմի՛ր մեզ: «Երեքսրբեան»-ը Սուրբ Երրորդության երկրորդ Անձին ուղղված փառաբանություն է: Ավետարանը վեր է բարձրացվում՝ նվիրագործելու այս փառաբանությունը:
«Երեքսրբեան»-ի ժամանակ քահանան հետևյալ ծածուկ աղոթքով միանում է ժողովրդի սրբասացությանը. «Աստվա՛ծ սուրբ, որ հանգչում ես սրբերի մեջ և սերովբեներն երեքսրբյան ձայնով գովում են Քեզ, քերովբեները փառաբանում ու երկնային բոլոր զորություններն երկրպագում. որ անգոյությունից բոլոր արարածները գոյացրիր. որ ստեղծեցիր մարդուն ըստ Քո պատկերի նմանության ու զարդարեցիր նրան բոլոր շնորհներով և սովորեցրիր փնտրել իմաստություն ու զգոնություն: Չանտեսեցիր մեղանչածին, այլ դրեցիր նրա վրա փրկարար ապաշխարությունը. Դու արժանի արեցիր մեզ՝ Քո նվաստ և անարժան ծառաներին այս պահիս, կանգնել Քո սրբության սեղանի փառքի առաջ և Քեզ արժանի երկրպագություն ու փառաբանություն մատուցել:
Դո՛ւ, Տե՛ր, ընդունիր մեր՝ մեղավորներիս բերանից այս երեքսրբյան օրհնությունը և Քո քաղցրությամբ պահիր մեզ. թողություն տուր մեր բոլոր հանցանքներին՝ կամա և
ակամա: Սրբի՛ր մեր հոգին, միտքն ու մարմինը և շնորհիր մեզ սրբությամբ պաշտել Քեզ մեր կյանքի բոլոր օրերին, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի և բոլոր Քո սրբերի, որոնք սկզբից ի վեր հաճելի եղան Քեզ: Քանզի սուրբ ես, Տեր Աստված մեր և Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:
Եվ միասին ավարտում են աղոթքն ու «Երեքսրբեան»-ը:
Ըստ Ներսես Լամբրոնացու՝ քահանան ծածուկ այս աղոթքում հիշում է Եսայի և Եզեկիել մարգարեների տեսիլքները (Եսայի 6:1-4; Եզեկիել 1): Պատարագիչն ակնարկում է, որ Տիրոջն է շնորհը, որ այդ պահին Նրա առջև կանգնած աղոթում է, այլապես մարդ իրենով չէր կարող այդ համարձակությունն ունենալ: Եվ քահանան, միանալով սրբասացությանը, փառաբանում է Աստծուն և թողություն խնդրում իր կամա և ակամա մեղքերի համար: Խնդրում է շնորհ՝ պաշտելու Տիրոջը հավիտյանս, խնդրելով Սբ. Աստվածածնի և սրբերի բարեխոսությունը:
«Երեքսրբեան»-ից հետո սկսում է «համաշխարհական քարոզը»: Սարկավագի առաջնորդությամբ ժողովուրդը աղոթում է ամբողջ աշխարհի խաղաղության և Սուրբ եկեղեցու հաստատության, ուղղափառ եպիսկոպոսների, հայրապետի, վարդապետների, քահանաների, ինչպես նաև ննջեցյալների համար: Սկսելով հիշատակումը քահանայապետից մինչև թագավորը՝ ավարտվում է զինվորական դասերով: Նաև պատվիրվում է հիշել Տիրամորն ու բոլոր սրբերին և նրանց միջոցով Տիրոջը խնդրել: Յուրաքանչյուր խնդրանքից հետո դպրաց դասը դիմում է Աստծուն՝ ասելով. «Տեր ողորմիր»: Այս քարոզը վերջանում է մի հրավերով, որ ամեն մարդ աղոթի իր համար և, նաև՝ միմյանց համար՝ անկեղծ ու եղբայրական սիրով տոգորված:
Մինչ սարկավագները քարոզում են, քահանան ծածուկ ասում է հետևյալ աղոթքը. «Տե՛ր Աստված մեր, ընդունիր Քո ծառաների բազկատարած աղաչանքները և ողորմիր Քո առատ ողորմությամբ: Առաքիր Քո գթությունը մեզ և համայն ժողովրդին, որ ակնկալում են քեզնից առատ ողորմություն»: Պատարագիչ քահանան ծածուկ աղոթքից հետո այս անգամ բարձրաձայն աղոթում է՝ ասելով. «Որովհետև ողորմած ու մարդասեր Աստված ես, Քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»: Որից հետո սկսում է Ճաշոց Գրքի ընթերցումը:
Ճաշու ընթերցումներ
Սուրբ Պատարագի ընթացքում կարդացվում են հատվածներ Հին ու Նոր Կտակարաններից: «Համաշխարհական քարոզ»-ից հետո, երբ քահանան աղոթում է «Որովհետև ողորմած ու մարդասեր Աստված ես…» աղոթքը, դպիրներից մեկը գալիս է դասի մեջտեղը և գրակալի վրա դրված Ճաշոց Գրքից ընթերցում հատվածներ այդ օրվա հատուկ մարգարեներից և առաքելական թղթերից: Այս ժամանակ ժողովուրդը նստած լսում է: Ընթերցումները կապված են որևէ ծիսական տոնի կամ շրջանի հետ: Դպիրը ընթերցումները կատարում է երեսով դեպի ժողովուրդը: Աստվածաշնչից այս ընթերցումները ժողովրդին խրատելու, բարին հորդորելու համար են: Նախ ընթերցվում է մարգարեկան գրքից, ապա՝ առաքելական թղթերից, քանի որ ինչ մարգարեները նախապես կանխագուշակեցին, առաքյալները եղան դրանց ճշմարտապես ականատեսները, հետևաբար՝ Քրիստոսի կյանքի ու խոսքի կենդանի վկաները հանդիսացան: Ճաշու ընթերցումների ժամանակ, եթե պատարագիչը եպիսկոպոս է, երկրպագում է Սեղանին և ապա բազմում աթոռին:
Մարգարեական և առաքելական ընթերցումների ավարտին սարկավագը ձայնում է. «Ալէլուիա, օրթի», որով ազդարարվում է ոտքի կանգնել նախքան Ավետարանի ընթերցումը: Օրթի հունարեն բառ է, նշանակում է ոտքի կանգնել: Իսկ ալէլուիա-ն նորամուտ է, Խորհրդատետրում այն չկա գրված: Ալէլուիա-ն թարգմանվում է «Օրհնեցե՛ք Աստծուն»: Պատարագիչ քահանան խորանից դառնում է դեպի ժողովուրդը և «Խաղաղութիւն ամենեցուն»-ով խաչակնքում ժողովրդին, որին դպիրները պատասխանում են. «Եւ ընդ հոգւոյդ քում», այսինքն այն խաղաղությունը, որ տվեցիր մեզ, նաև քո հոգու հետ թող լինի: Սարկավագը կրկին պատվիրում է. «Երկիւղածութեամբ լուարուք»: Իսկ հետո Սուրբ Ավետարանը ձեռքին, դառնում է ժողովրդի կողմը և հայտնում, թե որ ավետարանչից պիտի կարդա, օրինակ՝ «Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի»: Այս խոսքով հայտարարում է, թե Աստծունն է խոսքը և ոչ թե մարդունը, որի համար էլ մեծ երկյուղով պետք է լսել աստվածային պատգամները: Դպիրները, որպես ժողովրդի կողմից գոհունակության արտահայտություն, փառք են տալիս Աստծուն՝ ձայնելով. «Փա՜ռք Քեզ, Տէր Աստուած մեր»: Ժողովուրդը փառք է տալիս Աստծուն, որ արժանացնում է խոսել Իր հետ: Սարկավագը զգուշացնում է պատրաստակամ լինել աստվածային խոսքերը լսելու՝ ասելով. «Պռօսխումէ», այսինքն՝ ուշադրություն: Դպիրները ընդունելի ձայնով պատասխանում են՝ «Ասէ Աստուած», այսինքն՝ պատրաստ ենք լսելու, թող խոսի Աստված: Այնուհետև սարկավագը բեմից ընթերցում է Սուրբ Ավետարանի օրվա հատվածը՝ դեմքով շրջված դեպի ժողովուրդը: Այս ժամանակ ժողովուրդը ոտքի է կանգնում: Ավետարանի ընթերցումը հիշեցնում է մեզ Աստծու առատ ու անչափ սերը մարդկանց հանդեպ, քանի որ Նա տվեց մեզ ոչ միայն խաղաղություն, այլև աշխարհ ուղարկեց Իր Միածին Որդուն մեզ համար: Քրիստոս Իր խոսքերով, վարդապետությամբ, խաչելությամբ ու հրաշափառ հարությամբ մեզ երախտապարտ թողեց: Իսկ այդ բոլորը մեզ պատգամում է Ավետարանը, որից հատվածներ են կարդացվում ամեն Պատարագի:
Ավետարանի ավարտին ժողովուրդը իր գոհունակությունն ու երախտագիտությունն է հայտնում Աստծուն դպիրների հաղթական երգով. «Փա՜ռք Քեզ, Տէր Աստուած մեր»:
Սարկավագը Սուրբ Ավետարանը ձեռքին շրջվում է դեպի արևելք՝ խորան, պատարագիչ քահանայի կողքին և Սուրբ Ավետարանը վեր բարձրացրած, բարձրաձայն արտասանում Հավատո հանգանակը:
Հավատո հանգանակ
Սուրբ Ավետարանը կարդալուց և «Փառք Քեզ, Տէր Աստուած մեր»-ից անմիջապես հետո, բարձրաձայն և հանդիսավոր արտասանվում է «Հավատո հանգանակ»-ը, որպես մի սրբազան ուխտ, երդում, որով հայտնում ենք մեր քրիստոնեական ուղիղ և ճշմարիտ հավատքի ուղղափառ դավանությունը: Այն քրիստոնեական հավատի, նրա ողջ դավանության հակիրճ շարադրանքն է, պաշտոնական հայտարարությունը եկեղեցու վարդապետության կարևոր կետերի, որովհետև անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Սուրբ Պատարագին ունենան նույն աստվածաբանական համոզումը: «Հանգանակ» բառը՝ կցված «հավատին», նշանակում է, որ այն անհատական դավանություն չէ, այլ հավաքական:
Հավատո հանգանակը կոչվում է նաև «Հավատամք»՝ ըստ իր գրաբարյան սկսվածքի, որ նշանակում է «հավատում ենք»: Հանգանակում ամփոփված է քրիստոնեական եկեղեցու դավանանքը՝ երկնքի և երկրի արարիչ Աստծու և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մարդեղության, առաքելության, քարոզության, փրկագործ չարչարանքների, խաչելության, թաղման, հարության և համբարձման, Սուրբ Հոգու գալստյան ու վերջին դատաստանի մասին եղած վարդապետության, ինչպես նաև ընդհանրական և Առաքելական Սուրբ եկեղեցու հաստատման վերաբերյալ: Այն բովանդակում է տասը կետեր.
1. Աստված,
2. Որդի,
3. Հոգի,
4. Եկեղեցի,
5. Մկրտություն,
6. Մեղք,
7. Մեռելների հարություն,
8. Հավիտենական դատաստան,
9. Երկնքի արքայություն,
10. Հավիտենական կյանք:
«Հավատո հանգանակ»-ն ասվում է ընթերցումներից անմիջապես հետո, որպեսզի հավատացյալների միտքը ճշգրիտ կերպով կենտրոնանա Սուրբ Գրքի ճշմարտությունների վրա: Այս պահին ձայնակցում է ողջ ժողովուրդը հոտնկայս և ձեռնամած՝ ձեռքերն իրար միացրած ի նշան համաձայնության՝ վերստին հաստատվելով իր հավատի խոստովանության մեջ: Երբ «Հավատո հանգանակ»-ը միաբերան արտասանվում է, բարեպաշտ ժողովուրդը պետք է եկեղեցու ուսուցումների մասին վերանորոգի իր միտքը, իր հավատքը եկեղեցու հիմնական ուսուցումների համաձայն և ամենայն խոնարհությամբ քրիստոնեական այդ հավատքի պարտավորություններին ու պահանջներին ենթարկվի: Հավատացյալները պետք է ջանան նաև զորացնել ու ամրապնդել վճռականությունը՝ քրիստոնեական հավատքը դարձնելու իրենց կյանքի առաջնորդ, և լուսավորեն իրենց միտքը հավատքից բխող ճշմարիտ լույսով:
«Հավատո հանգանակ»-ը, քանի որ կազմվել է Նիկիայի (325թ.) տիեզերական ժողովի ընթացքում, 318 հայրապետների կողմից, ուստի կոչվում է նաև «Նիկիական հանգանակ»: Այդ ժողովին մասնակցել է նաև Սբ. Գրիգոր Լուսավորչի որդին՝ Սբ. Արիստակես կաթողիկոսը: Այնուհետև «Հավատամք»-ը վերահաստատվել և լրացվել է Կ. Պոլսի երկրորդ տիեզերական ժողովում (381թ.): «Հավատամք»-ի ժամանակ սարկավագը խնկարկում է խորանը, դպիրներին և ժողովրդին:
«Հավատամք»-ով եկեղեցին հայտարարում է քրիստոնեական հավատքի հիմնական դավանանքը՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու, այսինքն՝ Սուրբ Երրորդության մասին: Հայ եկեղեցին, որպես ավանդապահ եկեղեցի, «Հավատամք»-ը պահպանել է նույնությամբ՝ վերջավորությանը միայն ավելացնելով Սբ. Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Իսկ մեք փառաւորեսցուք…» հատվածը, որ կարդում է քահանան:
«Հավատամք»-ը Սուրբ Պատարագի մեջ ներմուծվել է 473թ.-ին Անտիոքի Պետրոս «Թափիչ» պատրիարքի կողմից: 511թ.-ին այն որդեգրվել է Կ.Պոլսի կողմից, իսկ 589թ.-ին՝ ընդունվել Արևմուտքում:
Հովհաննես Արճիշեցին բոլոր բարիքների սկիզբը և ավարտը համարում է հավատքի ճշմարտությունը: Եվ «Հավատո հանգանակ»-ի իր մեկնության մեջ նշում է, որ ովքեր պատրաստ են սարսափելի խորհուրդը կատարելու և հաղորդվելու նրա հետ, նախ ուղիղ հավատի խոստովանությունն են դավանում, ապա նոր արժանի դառնում այս աստվածային խորհրդակատարությանը: Իսկ թե ինչպիսի օրինակով է պետք իմանալ դավանությունը, նշում է. «Վայել է հավատքով, իմանալի մտքով Աստծուն ճանաչել անեղ և սկիզբը եղածների»:
Այս արարողությունների ընթացքը մեզ ավելի է մոտեցնում Պատարագի Սուրբ Խորհրդին և հավատացյալները ներկա են գտնվում աստվածային խորհրդին՝ նախապես քրիստոնեական հավատքի հանգանակը ընդունելով և խոստովանվելով:
«Հավատո հանգանակ»-ին հաջորդում է հերետիկոսներին նզովելն ու Աստծուն փառաբանելը: Նզովքում շեշտվում է, որ Քրիստոսի և Սուրբ Հոգու աստվածության մերժումը մեծագույն մոլորություն է և տանում է կորստյան: Ուստի նզովքին հաջորդում է Սուրբ Երրորդության ուղղափառ հավատի ամփոփ խոստովանությունը՝ երկրպագությամբ:
Անսխալ ձևակերպված և սրբագործված դավանական ճշմարտությունների շնորհիվ «Հավատո հանգանակ»-ը դարեր շարունակ քրիստոնեությունը զերծ է պահում հոգևոր ճանաչողության մեջ էական անհամաձայնություններից՝ փարատելով շփոթություններն ու տարաձայնությունները: Ուստի այն կազմվեց ոչ միայն եկեղեցու հավատը միասնական պահելու, այլև ժամանակի զանազան հերձվածողական ուսմունքներին ուղղափառորեն հակադրվելու համար:
Այս «Հավատամք»-ին հետևելով՝ երկու ուրիշ հավատամքներ էլ են խմբագրվել մեր եկեղեցում. մեկը՝ Ժամագրքի սկզբում՝ «Խոստովանիմք եւ հաւատամք ամենակատար սրտիւ» սկսվածքով, որ Առավոտյան ժամերգությունից առաջ ասում է ժամարար քահանան, նաև՝ քահանայական կոչման արարողության մեջ ընծայյալն այս «Հավատամք»-ով է տալիս իր դավանությունը:
Մյուսն էլ՝ հակիրճ, գրվել է Մկրտության կանոնի մեջ՝ «Հաւատամք յԱմենասուրբ Երրորդութիւնն» սկսվածքով, որն ասում է մկրտության եկողը, եթե չափահաս է, իսկ եթե փոքրիկ է, պետք է ասի նրա կնքահայրը:
Այսպիսով, «Նիկիական հանգանակ»-ը արտասանելով, ժողովուրդը խոստովանում է ուղիղ հավատքի դավանանքը և որից հետո կարող է արժանի լինել աստվածային խորհրդին մոտենալու:
Աղոթք ընթերցումներից հետո
Սուրբ Պատարագի երկրորդ մասը՝ Ճաշու պաշտոնը, վերջանում է «Հավատամք»-ին հաջորդող «Խաղաղականք» կոչված երկար քարոզով, որ ասում է սարկավագը («Եւ եւս հաւատով աղաչեսցուք եւ խնդրեսցուք»): Այս քարոզը ժողովրդին պատվիրում է, թե ինչ պետք է խնդրի Աստծուց: Պատարագիչ քահանան էլ իր հերթին միաժամանակ աղոթում է ծածուկ և ժողովրդի համար խնդրում այն, ինչ որ սարկավագը հանձնարարում է խնդրել ժողովրդին: «Խաղաղականք» քարոզում խնդրվում է Սուրբ Հոգու պարգևները, որպեսզի հավատացյալները հոգեպես և բարոյապես զորանան՝ պայքարելու չարի դեմ աշխարհում: Հավատացյալները այս պահին պետք է ուշադիր, ներամփոփ վիճակի մեջ լինեն և պատրաստ՝ աստվածային սիրո և զոհաբերության մեծ խորհուրդին մասնակիցը դառնալու:
«Խաղաղականք» կոչված քարոզի մեկնության մեջ Խոսրով Անձևացին նշում է, թե ինչո՞ւ ենք ասում և՛ «աղաչենք», և՛ «խնդրենք». «Եւ եւս հաւատով աղաչեսցուք եւ խնդրեսցուք ի Տեառնէ Աստուծոյ եւ ի Փրկչէն մերմէ Յիսուսէ Քրիստոսէ ի ժամուս պաշտաման եւ աղօթից, զի արժանի ընդունելութեան արասցէ…»: Այստեղ ցույց է տրվում, որ մեծ պաղատանքով է պետք խնդրվածքները կատարել և սրտի մտքով ու եռանդալից ջերմությամբ աղաչել: Սովորեցնում է, թե ծառայելով պետք է խնդրել պետքերը: Եվ եթե այսպես աղոթենք, որ և՛ Աստծու համար հաճելի լինի, և՛ մեզ՝ օգտակար, ոչ միայն հիմա, այլև ամեն ժամ մեր աղոթքները և խնդրվածքները կմտնեն Նրա տերության առաջ: Աղոթքն ավարտվում է «Ապրեցրո՛ւ և ողորմի՛ր մեզ, Տե՛ր» խոսքով:
Սարկավագի քարոզից հետո քահանան էլ իր կողմից ասում է «Տէր մեր և փրկիչ Հիսուս Քրիստոս…» ծածուկ աղոթքը՝ ուղղված Հիսուս Քրիստոսին: Խոսրով Անձևացու մեկնության համաձայն՝ ծածուկ այս աղոթքում ցույց է տրվում Քրիստոսի անբավ ողորմությունը և Նրա պարգևների անչափ առատությունը: Հատկապես շեշտվում է Քրիստոսի կամավորաբար չարչարանքների կրումը. «Դո՛ւ, որ մեր մեղքերի համար այս ժամին կամովին համբերեցիր խաչի չարչարանքներին ու մահվանը»: Անձևացին մեկնում է, որ նույն երրորդ ժամին էր, որ Քրիստոս խաչվեց և նույն ժամին էր, որ Սուրբ Հոգին հեղվեց երանելի առաքյալների վրա: Աղոթքում խնդրանք է մատուցվում մասնակից լինել աստվածային պարգևներին և արժանի՝ մեղքերի թողությանն ու Սուրբ Հոգու շնորհներին:
Իսկ Հովհաննես Արճիշեցին ծածուկ այս աղոթքը մեկնելիս նշում է՝ քանի դեռ ընծաները չէին բերվել սեղանի վրա, քահանայի բոլոր աղոթքներն ուղղված էին Քրիստոսին: Իսկ երբ ընծաները բերվում են սեղանի վրա, քահանան խոսակցությունը փոխելով դիմում է Հորը և մեր փոխարեն Քրիստոսին է նվիրում Հորը: Այստեղ նույնպես շեշտվում է Քրիստոսի մեծ սերը, որից ելնելով, Նա Իր անձը զոհեց: Այստեղ ևս խնդրվում է մասնակից լինել աստվածային պարգևներին:
Սարկավագի քարոզից հետո քահանան էլ իր կողմից ասված ծածուկ աղոթքից հետո, արդեն բարձր ձայնով կարդում է «Որպէսզի արժանաւոր եղիցուք…» աղոթքը: Ժողովուրդն ասում է ՝ «Ամեն», իսկ քահանան խաղաղություն է տալիս ժողովրդին, ժողովուրդը պատասխանում է. «Եվ քո հոգու հետ»: Սարկավագն ասում է. «Աստծուն երկրպագեցեք», ժողովուրդը պատասխանում է. «Տեր, Քո առաջ»: Խաղաղության համար պետք է աղաչենք Տիրոջը, և Նրան երկրպագությամբ շնորհակալ լինենք այն ամենի համար, որ տվեց մեզ քահանայի միջոցով:
Այնուհետև հաջորդում է քահանայի ամենից ոգեշունչ և գեղեցիկ աղոթքներից մեկը՝ «Խաղաղութեամբ քով, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է քան զամենայն միտս եւ զբանս, ամրացո զմեզ եւ աներկիւղ պահեա յամենայն չարէ…» աղոթքը: Խոսրով Անձևացու մեկնության համաձայն՝ այս հատվածը դիվահարների համար է սահմանված: Քանի որ դիվահարները, որ եկեղեցուց դուրս էին գտնվում, այս ժամին սարկավագների կողմից ներս էին բերվում և կանգնեցվում ժողովրդի առաջ, իսկ երբ քահանան այս աղոթքն էր կարդում, ամբողջ ժողովուրդը պաղատանք էր մատուցում նրանց համար: Խնդրվում է նաև, որ Քրիստոս նրանց փրկություն շնորհի ՝ պահպանելով Իր խաղաղությամբ, որ վեր է ամեն մտքից ու խոսքից, քանի որ չի հասկացվում մտքով և չի պատմվում խոսքով, այլ գերազանցում է հրեշտակների և մարդկանց իմացականությանն ու բանականությանը: Աղոթքի շարունակության մեջ ասվում է. «Հաւասարեա զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս Քո, որք հոգւով եւ ճշմարտութեամբ Քեզ երկիրպագանեն»: Այս խոսքերն աղաչում են, որ դիվահարները մաքրվեն պիղծ դևերից, Սուրբ Հոգին ընդունեն և հավասարվեն ճշմարիտ երկրպագուներին, ովքեր Հոգով և ճշմարտությամբ են երկրպագում Աստծուն: Սակայն քանի որ այժմ այս աղոթքը բոլորի համար է ասվում, խոսքերի նախկին իմաստը փոխվել է, միևնույն ժամանակ չկորցնելով իր նախկին իմաստը, քանի որ մեղքի յուրաքանչյուր փորձություն չարից է:
Ապա պատարագիչը ժողովրդին տեառնագրելով ասում է. «Տէր Աստուած օրհնեսցէ զամենեսեան»:
Այս աղոթքից հետո սարկավագը հանում է պատարագչի սաղավարտը, պատարագիչ քահանան հանում է նաև իր հողաթափերը, իսկ եթե պատարագիչը եպիսկոպոս է, հանում է խույրը, նաև եմիփորոնը, արտախուրակներն ու մյուս զարդերը և փոխում շուրջառը: Եթե մինչ այդ պատարագիչը թագով ու այլ զարդերով խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսի անձը, ապա այժմ, իբրև խոնարհ մի սպասավոր, պատրաստվում է կատարել Սուրբ Խորհուրդը:
Խաղաղություն, մեղքերի թողություն, ճշմարիտ հավատի ու սիրո մեջ հաստատուն մնալու համար զորություն և շնորհ հայցող աղոթքներով եզրափակվում է Սուրբ Պատարագի երկրորդ մասը՝ Ճաշու պաշտոնը կամ Երախայից (չմկրտվածների) Պատարագը:
Օգտագործված գրականության ցանկ՝
1. Հովհաննես Արճիշեցի, «Մեկնություն Պատարագի», Սբ. Էջմիածին, 1999թ.
2. Վաչե ծ. վրդ. Իգնատիոսյան, «Մեր Ս. Պատարագը», Երևան, 1999թ.
3. Պատարագ, Գանձարան աղօթից ի ժամ սրբոյ խորհրդոյ Հաղորդութեան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2002թ.
4. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.
5. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.
6. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյեան, «Համառօտ մեկնութիւն Պատարագամատոյցի Հայաստանեայց Առաքելական ուղղափառ եկեղեցւոյ», Փարիզ, 1999թ.
7. Խորէն աւագ քահանա Փէհլիվանեան, «Համառօտ բացատրութիւն տօնից եւ ծիսից Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Սբ. Եկեղեցւոյ», Կ. Պոլիս, 1898թ.
8. Վազգեն Ա կաթողիկոս, «Մեր Պատարագը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1988թ.
9. Վահե սարկավագ Թորոսյան, «Արդի պատարագամատույցի ծածուկ աղոթքները հայ մեկնողական գրականության մեջ», մագիստրոսական թեզ, Սբ. Էջմիածին, 2015թ.
10. Պատարագամատոյց Հայաստանեայց եկեղեցւոյ (Գրաբար-Աշխարհաբար)
11. Պատարագամատոյց, ըստ արարողութեան Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2002թ.
12. Մանկական քրիստոնեական հանրագիտարան, Երևան, 1998թ.
13. Խորհրդատետր Սրբոյ Պատարագի ըստ ծիսի Առաքելական Սուրբ եկեղեցւոյ Հայաստանեայց, Վաղարշապատ, 1880թ.
14. Նորայր արքեպիսկոպոս Պողարեան, «Ծիսագիտութիւն», Նյու Յորք,1990թ.
15. Սարգիս քհնյ. Սարգիսեան, «Սուրբ Պատարագի խորհուրդը», Il Mistero Della Santa Messa, 1980թ.
16. Խոսրով Անձևացի, «Սուրբ Պատարագի մեկնություն», Սբ. Էջմիածին, 2001թ.
17. «Քրիստոնեական», Երևան, 1994թ.:
Կազմեց Կարինե Սուգիկյանը