23 Դեկտեմբեր, Բշ
9․ Օտարասէ՛րք լինել՝ ընդ միմեանս առանց տրտնջելո՛յ։
Առանց տրտնջալու օտարասե՛ր եղեք միմյանց հանդեպ։
Եվ ապա, քանի որ շատերն իրենց սիրելիներին սիրում են, մտերիմներին ողորմում, մինչդեռ օտարներին անտեսում են, ուստի Պետրոս առաքյալն ասում է. «Առանց տրտնջալու օտարասե՛ր եղեք միմյանց հանդեպ»։
Բոլորին սեփական անձի պես սիրելը մեծ բարիք է, Աստծու պատվիրանների լրումը, սակայն հատկապես օտարներին սիրելն ու հարկի տակ ընդունելը, նրանց կարիքները հոգալն է մեծ գովասանքի արժանի: Չէ՞ որ մեր Տերը Դատաստանի մեծ օրը հրապարակում խմբված հոգնաբեկ բազմության միջից հենց օտարասերներին է դիմելու՝ ասելով. «Օտար էի, և Ինձ ձեր հարկի տակ ընդունեցիք»:
Եվ քանի որ նա, ով ընդունում է օտարին, նաև ըստ անհրաժեշտության նրա քաղցն ու ծարավն է հագեցնում, ուստի հայտնապես մեծագույն գովասանքի է արժանի այդպիսի մեկը: Եվ որովհետև շատերը, որ կատարում են սիրո պատվիրանը՝ սիրելով օտարներին, միևնույն ժամանակ, սակայն, ձանձրացած տրտնջում են, դրա համար էլ երանելի Պետրոսը շեշտում է. «Առանց տրտնջալու», որպեսզի այդպիսով մարդ ամբողջական ու դեռ կրկնապատիկ վարձատրության արժանանա, մեկը՝ օտարին խնամելու համար իր գործադրած ջանքերի, իսկ մյուսը՝ հոժարամտության համար:
Որովհետև նա, ով տրտնջում է, ինչքան էլ իր հարկի տակ ընդունի օտարներին, ինչքան էլ ծախս տեսնի նրանց համար, ինչքան էլ հոգ տանի նրանց մասին, միևնույն է կորցնում է իր վարձը: Արդարև նախատելի է ամեն մի բարեգործություն, որ ուղեկցվում է տրտնջոցով, ուստի հարկ է մարդասիրությունից դրդված բարիք գործել, սեփական կամքով և ոչ թե «հարկադրաբար»:
Սա է պատվիրում նաև Պողոսը, երբ խոսում է սիրո մասին: «Ամեն բան առանց տրտնջալու և քրթմնջոցի արեք,- ասում է առաքյալը, և դարձյալ սաստում է,- մի՛ տրտնջացեք, ինչպես նրանցից ոմանք արեցին և կորսվեցին սատակչի ձեռքով»: Եվ եթե նրանք, ովքեր կերակրի պատճառով տրտնջացին ու այդպիսի մեծ դատապարտության արժանացան, ապա փրկվելու ի՞նչ հույս կարող են ունենալ նրանք, ովքեր տրտնջում են իրենց այցելած հյուրերի «պատճառով», մանավանդ եթե վերջիններս աղքատ ու տառապած են և Քրիստոսին են «քայլեցնում» իրենց հետ:
Ուստի, մեզ հյուր եկած աղքատին կամ օտարին տեսնելով, պարտավոր ենք նրան ընդունել այնպես, ինչպես Քրիստոսին կընդունեինք, և ըստ այդմ խնամել ու դարմանել այդ հյուրին, քանի որ այդժամ Ինքը՝ Քրիստոս է մեր ձեռքից շնորհ ընդունում: «Քաղցած էի,- ասում է Փրկիչը,- և Ինձ կերակուր տվիք, ծարավ էի, և Ւնձ ջուր տվիք, օտար էի, և Ինձ ձեր հարկի տակ ընդունեցիք»:
Իսկ եթե մեկը մարգարեին իբրև մարգարե է ընդունում, մարգարեի վարձ է ստանում, ուստի եթե մեկը օտարին ընդունում է Քրիստոսի անունով, ասես հենց Քրսիտոսի՛ն է ընդունում, և Քրիստոսից էլ վարձատրության է արժանանալու:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը