Մի անգամ եղբայրներն աբբա Հովսեփի ներկայությամբ խոսակցություն սկսեցին սիրո մասին: Ծերն ասաց.
- Մենք չգիտենք, թե սերն ինչ է: Բայց ես սիրո մի օրինակ կպատմեմ ձեզ. աբբա Ագաֆոնը մի դանակ ուներ, որն անհրաժեշտ էր ձեռքի աշխատանքներ պատրաստելու համար: Մի անգամ եղբայրներից մեկը հյուր եկավ նրան ու դանակը տեսնելով՝ գովեց այն: Աբբան անմիջապես սկսեց համոզել նրան, որ այդ դանակն իրենից որպես նվեր ընդունի, և թույլ չտվեց դուրս գալ իր խցից, մինչև որ չհամոզեց:
Եպիսկոպոս Իգնատի Բրյանչանինովի մեկնաբանությունը.
Պետք է հաշվի առնել այն փաստը, թե որքան դժվար էր անապատի խորքերում կրկին ձեռք բերել աշխատանքի համար այդքան անհրաժեշտ դանակը, որն իր ապրուստը հայթայթելու միակ միջոցն էր: Նման մոտեցման դեպքում է միայն հնարավոր ըստ արժանվույն գնահատել վանականի արարքը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի