23 Դեկտեմբեր, Բշ
- Հա՛յր, իսկ ավելի լավ չէ՞, որ գործն ավելի դանդաղ արվի, որպեսզի մարդն իր խաղաղ վիճակը պահպանի:
- Ավելի լավ է: Քանի որ, եթե մարդը հանդարտությամբ է աշխատում, ապա պահպանում է խաղաղությունը, և ողջ օրն օրհնվում է: Ցավոք, մենք դեռ չենք հասկացել, որ երբ ինչ-որ աշխատանք շտապողականությամբ ենք անում, նյարդայնություն ենք ձեռք բերում: Իսկ նյարդայնորեն արվող աշխատանքը չի օրհնվում: Կարիք չկա միանգամից շատ բան հասցնելու նպատակ դնել և միևնույն ժամանակ՝ ապրումներից տառապել: Դա դիվական վիճակ է:
Խաղաղությամբ և աղոթքով արվող ձեռագործ աշխատանքն օրհնվում է, և օրհնվում են դրանք գործածող մարդիկ: Ահա այդ ժամանակ իմաստ ունի, որ վանականներն աշխարհականների խնդրանքով որևէ ձեռագործ աշխատանք են նրանց տալիս՝ իբրև օրհնություն: Եվ հակառակը՝ շտապելով և նյարդայնորեն արված ձեռքի աշխատանքն այդ դիվական վիճակն ուրիշներին էլ է փոխանցում: Շտապելով և անհանգստությամբ արված աշխատանքն աշխարհիկ մարդկանց մեծամասնությանը բնորոշ հատկություն է: Ձեռքի աշխատանքով զբաղված վանականների ալեկոծ հոգիներն այլ մարդկանց ոչ թե օրհնություն, այլ անհանգստություն են փոխանցում: Մարդու վիճակը որքա՜ն է ազդում ձեռքի այն աշխատանքի վրա, որով նա զբաղված է: Նույնիսկ փայտի կտորների վրա է ազդում: Սարսափելի է: Աշխատանքի արդյունքը կախված է նրանից, թե մարդն ինչ վիճակում է եղել, երբ զբաղվել է դրանով: Եթե մարդը նյարդայնանում է, զայրանում ու զազրախոսում, ապա նրա աշխատանքի արդյունքն առանց օրհնության է մնում: Իսկ եթե աշխատելիս որևէ շարական է երգում, աղոթում, ապա նրա աշխատանքն օրհնվում է: Մի աշխատանքը դիվական է դառնում, իսկ մյուսն՝ աստվածային:
Ակնածանքով գործելիս և աղոթքով աշխատելիս՝ միշտ ինքներդ եք օրհնվում, և օրհնվում է այն ամենն, ինչ անում եք: Մարդն իր աշխատանքը, իր ձեռքի գործն օրհնում է, երբ նրա միտքն Աստծո հետ է լինում: Ասենք՝ տուփ եմ սոսնձում ու Հիսուսի աղոթքն ասում. աղոթում եմ և միաժամանակ աշխատում ի փառս Աստծո: Նպատակս աշխատանքի մեջ շտապելը, մի կույտ տուփ պատրաստելն ու հետո անհանգստությունից տառապելը չէ: Դա դիվական վիճակ է: Այդ նպատակով չէ, որ մենաստան ենք եկել, այլ որպեսզի ինքներս օրհնվենք և օրհնենք այն, ինչ անում ենք: Երբեմն, երբ մոռանում ես այդ մասին, քեզ որևէ աշխարհիկ հաստատության ջանասեր աշխատակից ես զգում, որովհետև երբ շտապում ես զանազան գործեր կարգավորել, մոռանում ես Քրիստոսին քեզ հետ վերցնել: Իսկ երբ աշխատանքին աղոթքով ես լծվում, ապա քեզ Քրիստոսի սպասավորն ես զգում: Այդ պատճառով էլ Հիսուսի աղոթքը գործին կցիր, որպեսզի և՛ դու օրհնվես, և՛ օրհնվի այն, ինչ անում ես: Գիտե՞ս Աստված ինչպես է օրհնում մարդուն: Գիտե՞ս, թե որքան բարիք և օրհնություն է ուղարկում մեզ:
- Հա՛յր, իսկ եթե մարդը մտային աշխատանքով է զբաղված, օրինակ՝ թարգմանություններով, ապա ինչպե՞ս կարելի է աղոթք անել, որպեսզի արվող աշխատանքն օրհնվի:
- Թեկուզև չես կարող աշխատանքի ընթացքում աղոթել, բայց քանի որ աստվածային մթնոլորտում ես ապրում, և եթե միտքդ Աստծո հետ է, ապա աշխատանքն օրհնվում է, նույնիսկ եթե մտային է: Եթե մարդը հոգևոր վիճակում է գտնվում, ապա դա նրան շատ է օգնում: Նա չի ձգտում իմաստն իր դատողության օգնությամբ գտնել, այլ դրան հասնում է աստվածային օրհնությամբ:
- Իսկ ի՞նչ անեմ, եթե նման հոգևոր վիճակում չեմ գտնվում, սակայն պետք է նմանատիպ աշխատանքով զբաղվեմ:
- Այդժամ զբաղվիր դրանով, բայց աղոթիր, խնդրիր Աստծուն, որպեսզի լուսավորի քեզ: Որքան հնարավոր է ջանա, որ քո թարգմանած գրքերի աստվածային իմաստները հենց քեզ օգնեն: Եվ երկյուղածությամբ աշխատիր: Մեկ-երկու ժամը մեկ ընդմիջում արա մի քանի րոպե և Հիսուսի աղոթքն ասա:
- Հա՛յր, թարգմանությունների վրա աշխատելն ընդհանրապես շատ է շեղում ուշադրությունը: Հարկ է լինում բառարանները փորփրել, մեկնաբանությունները կարդալ…
- Իսկ ես ձեզ նախկինում էլ էի ասում. թարգմանությունների ժամանակ հիմնականում օգնում են սեփական հոգևոր փորձառությունը և մաքուր մտքերը, որոնք մարդուն շնորհի անոթ են դարձնում: Այդժամ աստվածային մտքերի վերածումները ստույգ են և բխում են աստվածային լուսավորումից, այլ ոչ թե դատողությունից, բառարանից ու թանաքամանից: Ուզում եմ ասել, որ քեզ պետք է գլխավորի՝ աստվածայինի մեջ հաստատես, այլ ոչ թե երկրորդականի՝ մարդկայինի:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի