Երեխաների հոգևոր վերածնունդը

- Հա՛յր, երեխաների դաստիարակության համար միայն ծնողնե՞րն են պատասխանատու:

- Հիմնականում ծնողները: Քանի որ նրանց դաստիարակությունից է կախված, թե երեխաները կդառնա՞ն արդյոք լավ հոգևորականներ, մանկավարժներ և այլն: Այնուհետև, իրենց հերթին, նրանք նույնպես կօգնեն թե՛ իրենց և թե՛ մնացած այլ երեխաներին: Պետք է նաև նշել, որ երեխաների դաստիարակության հարցում մեծ պատասխանատվությունը մայրն է կրում, այլ ոչ թե՝ հայրը:

Եթե այն ժամանակահատվածում, երբ երեխան դեռ մոր որովայնում է գտնվում, ծնողներն աղոթում են և ապրում հոգևոր կյանքով, ապա երեխան օրհնված է ծնվում: Եվ եթե նրանք օգնեն նրան հոգևոր կերպով, ապա նա օրհնյալ մարդ կդառնա և իր հերթին կօգնի հասարակությանը՝ թե՛ եկեղեցում ծառայելիս լինի, թե՛ պետական մարմիններում, թե՛ մեկ այլ տեղ: Մենք բոլորս պետք է օգնենք երեխաներին, որպեսզի նրանք ճիշտ մարդիկ մեծանան, որպեսզի հաջորդ սերունդներին էլ մի քիչ թթխմոր մնա: Չէ՞ որ այժմ ամեն ինչ տանում է նրան, որ նույնիսկ թթխմոր էլ չմնա: Իսկ եթե չմնա, ապա ինչի՞ դա կհանգեցնի:

Ծնողները, երեխա ծնելով և նրանց մարմին տալով, պետք է հնարավորինս նրանց հոգևոր վերածննդին էլ աջակցեն: Որովհետև, եթե մարդը հոգևոր զարթոնք չապրի՝ ապա նրան դժոխային տանջանք է սպասում: Արդյունքում, ծնողները պետք է ուսուցիչներին թողնեն այն՝ ինչ իրենք չեն կարող անել իրենց երեխաների համար: Այդ պատճառով էլ մեր եկեղեցին աղոթում է «ծնողների և ուսուցիչների» համար: Սակայն կան նաև հոգևոր հայրեր: Այդ մարդիկ կարող են սեփական երեխաներ չունենալ, բայց երեխաների դաստիարակության հարցում նրանց օգնությունն ավելի արդյունավետ է, քանի որ նրանք աշխատում են երեխաների հոգևոր զարթոնքի ուղղությամբ:

Ուզում եմ ասել, որ բոլորը, ամեն մեկը յուրովի, ամեն մեկն իր օրինակով, պետք է օգնի, որպեսզի երեխաները հոգևոր վերածնունդ ունենան, որպեսզի խաղաղությամբ այս կյանքն ապրեն և գնան Դրախտ: Եթե երեխաները հոգևոր մարդիկ դառնան, ապա նրանց պետք չեն լինի ո՛չ չարիքը զսպող օրենքներ, ո՛չ էլ նման այլ բաներ. «Բայց այս բանը թող իմանա, որ արդարների համար չէ օրենքը, այլ՝ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների» (Ա Տիմ. 1:9): Օրենքն անօրենների համար է նախատեսված: Հոգևոր իշխանությունն ավելի վեր է կանգնած, քան մարդկային իշխանությունները:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

11.05.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․