Աղոթքը «դատ է դատաստանից առաջ»

- Հա՛յր, սուրբ Հովհաննես Սանդուղքն ասում է, որ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»:

- Այդպես էլ կա: Երբ մարդը ճիշտ է աղոթում, այնժամ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»: Հոգևորապես առողջ մարդըը, եթե աղոթքը սկսելիս զգա, որ սիրտը քարացել է, կսկսի դրա պատճառը փնտրել, որպեսզի վերացնի: «Ինչո՞ւ եմ ինձ այսպես զգում,- կհարցնի իրեն:- Միգուցե դատե՞լ եմ ինչ-որ մեկին կամ ընդունել՝ դատելու միտքը և չեմ էլ նկատել: Միգուցե հպարտության մի՞տք է եկել կամ ինչ-որ ցանկություն ունեմ, որն ինձ թույլ չի տալիս Աստծու հետ շփվել»:

- Իսկ եթե նա ոչինչ չգտնի՞:

- Բացառված է, անպայման ինչ-որ բան եղել է: Եթե արխիվը քրքրի, այսինքն՝ ինքն իրեն խորությամբ քննի, ապա գործը կգտնի և իր մեղքը կհասկանա:

- Ինքն իրեն կքննի՞, թե՞ կխոստովանի Աստծուն:

- Ի՞նչ խոստովանի, եթե չգիտի, թե ինչ է արել: Նախ պետք է ինքդ քեզ քննես: Իսկ եթե այդ ժամանակ էլ մարդը ոչինչ չգտնի, թող ծնկի գա, երկու-երեք անգամ երկրպագի ու ասի. «Տե՛ր Աստված, հաստատ ինչ-որ բանում մեղք եմ գործել: Լուսավորի՛ր միտքս, որպեսզի հասկանամ, թե հատկապես՝ ինչում»: Բավական է միայն այդպես ասի, և խոնարհությունը կցրի գայթակղության մշուշն ու նա պատճառը կգտնի: Մարդու խոնարհությունը տեսնելով՝ Աստված ուղարկում է Իր շնորհն, ու մարդը՝ դրանով լուսավորված, հաստատ հիշում է, թե ինչ մեղք է գործել և ուղղվում է:

- Հա՛յր, մեզ ի՞նչն է օգում Աստծու հետ մշտական հաղորդակցության մեջ մնալ:

- Ներքին, հոգեկան խաղաղությունն է շատ օգնում: Երբ հոգում ամեն ինչ կարգին է, աղոթքն ինքնաբուխ է: Ուստի սրտումդ ոչ մեկի հանդեպ չարիք մի՛ պահիր: Եթե որևէ մեկի մասին անարդարացիորեն ես մտածում, խոստովանի՛ր մայրապետին: Ինչպես նաև վռնդիր յուրաքանչյուր այլ անարդարացի միտք՝ փոխարենը բարին մտածելով: Ճանապարհը բարի մտքերով է մաքրվում և աղոթքը հեշտությամբ է կատարվում:

 

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

12.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․