18 Հունվար, Շբ
Տարին հասնում է իր լրումին: Նոր թվականը հուշում է, որ Նոր տարվա սեմին ենք արդեն, և մեկ տարի ևս անցավ ժամանակի գիրկը: Ակամայից մարդ մտածում է ժամանակի մասին, ժամանակի, որ բաժանված է դարերի ու տարիների, ամիսների և շաբաթների, օրերի ու րոպեների, ժամանակի, որ իր սահող ընթացքի մեջ մշտապես նորոգվում է: Այս նորոգումը մարդուն խորհելու առիթ է ընձեռում կյանքի և արժեքի, ժամանակի և անցողիկի մասին: Հայտնի ճշմարտություն և փորձված իսկություն է, թե ոչ ոք չի կարող խուսափել աշխարհի բնական ընթացքից, և կյանքի անիվը հետադարձ ճանապարհ չունի: Ժամանակը հարաբերական չգո գոյություն է, և այդ հարաբերական չգո գոյության մեջ պարտավոր ենք ապրել: Ամենամեծ բարիքը, որ Աստված մեզ տվեց, կյանքն է: Աստված մեզ կյանք պարգևեց ապրելու համար, իսկ ինչպե՞ս ապրել այդ կյանքը: Հստակ է այն, որ աստվածապարգև կյանքը պետք է լավագույնս ապրենք: Արարչագործության պսակն ու Աստծո պատկերը կրող անձը պետք է գիտակցի իր մեծ արժանիքը, և դրան համապատասխան կյանք ու ընթացք ունենա: Որքան գեղեցիկ է, որ գիտակցում ենք այդ հնարավորությունը: Կյանքն ապրել իմաստությամբ նշանակում է կյանքի նկատմամբ անտարբեր չլինել, իսկ կյանքն ապրելու չափանիշը Քրիստոս Ինքն ուսուցանեց. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան, և կյանքը լինի առավել լեցուն» (Հովհ. 10:10): Առավել լեցուն կյանքին արժանանալու համար Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Մոռացե՛ք ձեր հին ինքնությունը, այսինքն՝ ձեր նախկին ապրելակերպը, որ ապականված էր խաբուսիկ ցանկություններով, վերանորոգվեցե՛ք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը, եղե՛ք նոր մարդ՝ ստեղծված Աստծո պատկերի համաձայն, և ճշմարիտ կյանքն ապրեցե՛ք արդարությամբ և սրբությամբ» (Եփես. 4:22-25): Ըստ եկեղեցու հայրերի՝ յուրաքանչյուր անձ իր ծննդյան օրից իր մեջ կրում է հին մարդուն: Հին մարդուն, որին հատուկ է հպարտանալը, ծաղրելը, ստելը, տրտնջալը, բարկանալը, չարին չարով պատասխանելը և այս ամենով մխիթարվելը, որը սիրում է մարդկային փառքը, որը տեսնում է այն, ինչ ժամանակավոր է և ինչը կարող է իրեն հարստություն, մարմնական և ժամանակավոր փառք ու պատիվ բերել: Նա չի սիրում, երբ իրեն խրատում են, հանդիմանում, բայց և միևնույն ժամանակ չի ամաչում մերձավորին վիրավորելուց, դատելուց և զրպարտելուց: Նա սիրում է իր մեջ այն, ինչն ատում է ուրիշի մեջ: Այսինքն՝ հին մարդու մեջ թաքնված է ամեն անօրինություն, մեղք, կուրություն: Քանի որ «Մարդու ներսից, այսինքն՝ սրտից են ելնում չար մտածումները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չար բաներն են, որ մարդու ներսից ելնելով՝ պղծում են նրան» (Մարկ. 7:21-22): Հին և նոր մարդու էությունը երկու միմյանց հակադիր վիճակներն է մարդու մեջ, առաջինը գտնվում է մեղքի իշխանության տակ, երկրորդը, հոգեպես նորոգվելով, նոր կյանք է ապրում ճշմարտության և արդարության մեջ: Նոր մարդ լինել, նշանակում է՝ Քրիստոսի նկարագիրն ունենալ (Հռոմ. 13:14) և առաքյալի հետ միասին ասել՝ ես չէ, որ ապրում եմ, այլ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ (Գաղ. 2:20):
Հին մարդուց հրաժարվելով՝ ձգտենք դեպի նոր մարդը, որն ունի աստվածային, երկնային և սուրբ պատկեր: Որքանով որ մահանում է հին մարդը, այնքանով կենդանանում է նոր մարդը: Մարդու հոգին նման է հայելու: Ինչպես հայելու մեջ արևն ավելի պարզ է երևում, երբ այն մաքուր է, այնպես էլ մարդու հոգում հավիտենական Արևն է պարզ երևում, երբ հոգին մաքուր է մեղքերից: Նոր տարին իր խորհրդով ու նշանակությամբ Աստծո կողմից տրված մի նոր հնարավորություն է. որպես հոգով նորոգված մարդ՝ կրկին մուտք գործենք Տիրոջ այգին, որտեղ կրկին հնարավորություն ունենք՝ ժամանակն իմաստավորելու, աճելու և հավատքի պտուղներ տալու: Երկնավոր Հայրը ևս մեկ հնարավորություն, ևս մեկ առիթ է ընձեռում բոլորիս:
Գայանե Սուգիկյան