25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Անչափ ուրախ եմ, որ այսօր՝ Նոր Տարվա առաջին օրը, մեր Երկնավոր Հոր տանն ենք հավաքվել ու մի համերաշխ ընտանիքի պես ենք նշում այս տոնը: Թույլ տվեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս ուղղել ձեզ և ձեր ընտանիքներին՝ Ամանորի այս հրաշալի տոնի առթիվ, և Աստվածային սերն ու բարեշնորհությունը մաղթել ամենքիս:
Տոնի անունն ինքնին ենթադրում է, սիրելինե՛ր, որ միմյանց ուղղված մաղթանքների մեջ անպայման «նոր» բառը պիտի հնչի: Եվ այդպես էլ կա: Միմյանց շնորհավորելիս նոր կյանք, նոր ուրախություն ու հաջողություններ ենք մաղթում, տարին սկսում ենք «նորի» ակնկալիքով: Եվ ինչպես յուրաքանչյուր օր, Ամանորն էլ իր խորհուրդն ունի և կարծում եմ կարևոր է, որպեսզի մենք՝ քրիստոնյաներս, մեզ համար հստակեցնենք, թե արդյո՞ք մեզ համար էլ այն ուղղակի հանդիսությունների ու խրախճանքի ևս մեկ պատրվակ է միայն, թե՞ ավելի խորն ու կարևոր իմաստ ունի: Այսօր, երբ արդեն անցյալում է մնացել 2015թ.-ը և մեր առջև 2016-ի դեռևս չգրված, ձյունաճերմակ էջերն են բացված, հարկ է, որ հարց տանք մեզ, թե ի՞նչ պատմություն ենք պատրաստվում գրել այնտեղ և ինչ է մեզ համար նշանակում այս տոնն ու նրանից ակնկալվող «նորը»:
Ղուկասի ավետարանում նկարագրված Տիրոջ առակներից մեկն այն անմիտ մեծահարուստի մասին է, ով որոշեց քանդել իր հին շտեմարանները, ավելի մեծերն ու նորերը կառուցել ստացված առատ բերքի համար, ու դրանից հետո էլ ուրախության մեջ վայելել իր վաստակած հանգիստը: Սակայն Աստված նրան ասաց. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու» (Ղուկ. 12:20)։ Այսօրվա շատ ու շատ մարդկանց պես, սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, այս մեծահարուստն էլ մտածում էր իր նյութական բարիքների ավելացման ու նորացման մասին միայն և ամենևին հաշվի չէր առել, որ Աստծո դատաստանի առջև կանգնած ժամանակ Աստված նրա հոգու նորացման մասին էր հարցնելու, այլ ոչ թե՝ ունեցվածքի:
Սիրելինե՛ր, ինչպես գիտենք Սուրբ Գիրքը բաղկացած է Հին և Նոր կտակարաններից և նորացավ այն մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով: Աստվածորդու երկիր գալով նորացավ նաև ժամանակը և մարդ արարածին էլ հնարավորություն ընձեռնվեց հրաժարվելու իր մեջ ապրող հին մարդուց ու ամեն օր Տիրոջով նորանալու: Աստծո Միածին Որդին երկիր եկավ, ուսուցանեց, չարչարվեց, խաչվեց, թաղվեց ու հարություն առավ, որպեսզի իր սիրելի մարդկությունը հնարավորություն ունենա ձերբազատվել իր մեջ բնակվող ու հազարամյակներ շարունակ իրեն կեղեքող հնից՝ ադամական մեղքից:
Մեղքին, գայթակղություններին, կրքերին ու տարատեսակ մոլորություններին տրվելն է, որ մարդուն պահում է հնի կապանքների մեջ: Եթե նայենք այժմյան աշխարհին, ապա տրտմություն կապրենք, քանի որ ոչինչ չի նորանում լավ իմաստով, այլ գնալով ավելի ու ավելի վատն է դառնում: Եվ եթե մենք էլ ուժեղ չգտնվենք մեղքի դեմ մղած մեր պայքարում, ամեն ջանք չգործադրենք կատարյալ ու անմեղ Մարդուն՝ Հիսուս Քրիստոսին նմանվելու համար, ապա թեկուզ ամեն օր էլ Նոր տարի նշենք, միևնույն է վերածնունդ չենք ունենա:
Մի իմաստունի հարցնում են, թե ո՞րն է մարդու կյանքի ամենակարևոր ժամանակը, ո՞վ է ամենանշանակալից մարդը նրա կյանքում և ո՞ր գործն է ամենակարևորը: Իմաստունը պատասխանում է. «Կյանքի ամենակարևոր ժամանակը ներկայիս պահն է, քանի որ անցյալն արդեն անցել գնացել է, իսկ ապագան դեռ չի եկել: Կյանքի ամենանշանակալից մարդը նա է, ով այժմ դիմացդ կանգնած է ու դու ես ընտրում նրան բարիք կամ չարիք պատճառել: Իսկ կյանքիդ ամենակարևոր գործն այս պահին, այդ մարդուն տալն է այն ամենը, ինչ կարող ես…»:
Այսինքն, սիրելի՛ հավատացյալներ, ամեն ինչ մեզնից, փոխվելու մեր որոշումից ու մեր ունեցած պատասխանատվության զգացումից է կախված: Մենք՝ քրիստոնյաներս, այս աշխարհում ապրելով՝ ձգտում ենք նրանից դուրս լինել ու ներկայի մեջ ապրում ենք հավիտենության համար: Սա այն քարքարոտ ու փշոտ ճանապարհն է, որ միայն Քրիստոս Հիսուսով կարող ենք հաղթահարել, երբ նորանանք ու վերափոխվենք Նրա մեջ: Այս նպատակով էլ Աստված Իր Եկեղեցին հաստատեց աշխարհի մեջ, որպեսզի Աստվածորդուն իր գլուխն ունենալով՝ հավաքի ու միավորի Աստծո հոտը՝ դեպի փրկություն ուղղորդելու համար: Մարդն արարվել էր անմահության ու հավիտենության մեջ ապրելու համար, և Բարեխնամ Հայրն Իր Եկեղեցում է հաստատել այն բոլոր միջոցները, որ անհրաժեշտ են մեր մաքրագործման, լուսավորման, հավատքի մեջ հաստատ մնալու ու դեպի հավիտենական երանություն ընթանալու համար: Եկեղեցին մեզ անդադար կոչ է անում դուրս ելնելու մեր ախտերի անդունդից ու դեպի վեր, դեպի Երկինք, դեպի Քրիստոս շարժվելու: Գիտեմ, թե որքան դժվար է հին մարդու համար այդ վերելքը, որքան դժվար է պահպանել նվաճած հոգևոր բարձունքները, այդ պատճառով էլ Եկեղեցին շարունակում է իր հորդորները չերկնչելու դժվարություններից, հարատևելու աղոթքի մեջ ու որպես փրկարար փարոս մեր առջև ունենալու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Մենք պետք է համախոհ լինենք Քրիստոսի ու Իր Եկեղեցու հետ, սրտի խոնարհությամբ ընդունենք Աստծո ու Սուրբ Հայրերի խոսքերը: Պետք է համարձակություն ունենանք ճանաչելու ինքներս մեզ, ազնվությամբ ու անվախորեն քննելու մեր հոգիները, խստությամբ տեսնելու նրանցում բույն դրած կրքերը, մեղավոր սովորություններն ու ի սրտե զղջալու: Ամեն օր պետք է աշխատենք մեր սխալների վրա, սիրելինե՛ր, ամեն օր ուղղվենք, նորանանք և այդ ամենն իհարկե աղոթքի ուղեկցությամբ ու դրա շնորհիվ Աստծուց ստացած զորությամբ: Պողոս առաքյալն այս մասին ասում է. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես 4:22-24)։ Իսկ կորնթացիներին ուղղված նամակում գրում է. «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (Բ Կորնթ. 5:17)։
Հին մարդուց նորի վերափոխվելու սկիզբը դրվում է Սուրբ Մկրտության խորհրդի ժամանակ, սիրելինե՛ր, երբ հին մարդը վերածնվում է նոր կյանքի համար և, եթե նա զերծ է մնում մահացու մեղքերից ու պահպանում է իր մեջ Մկրտության միջոցով ստացած շնորհները, ապա այդ նորացման ընթացքը չի դադարում: Իսկ հակառակ պարագայում, երբ մարդն ընկնում է մահացու մեղքի մեջ, ինչպես արդեն նշեցի վերևում, կրկին հնարավորություն է ստանում վերափոխվելու, բայց արդեն անկեղծ զղջումի ու ապաշխարության խորհրդի շնորհիվ, Փրկչական Մարմնին ու Արյանը հաղորդակցվելու շնորհիվ: Եվ, եթե կրկին ստացել ենք այդ բարենորոգ հոգեվիճակը, ապա ջանք չխնայենք, սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, այն մեր մեջ պահպանելու ու զարգացնելու համար: Վստահ եղե՛ք, սիրելինե՛ր, որ եթե նոր կյանքի ձգտման այդ սերմն արդեն արմատավորվել է ձեր սրտերում, ապա հոգատարությամբ խնամելու դեպքում, այն պիտի ավելի աճի, փարթամանա ու աստվածային իմաստության, բարոյական գեղեցկության, հավատքի ամրության ու ներքին ուրախության պտուղներով զարդարի ձեր հոգիները: Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե ինչպիսին է այդ հոգին պարուրող արտաքինը՝ հիվանդ, թշվառ, ծեր կամ անօգնական: Երբ ժամանակը գա Աստծո դատաստանի առջև կանգնելու, մի կողմ նետելով այդ արտաքին պատյանը՝ ներքին մարդն է կանգնելու Ամենակալի առջև ու այդ ժամանակ է ի հայտ գալու առաքինություններով է արդյոք այն զարդարված, թե՝ չապաշխարած մեղսավոր ախտերից առաջացած խոցերով:
Արդ, ձգտենք հոգևոր առումով նորանալուն, սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, և վստահ լինենք, որ նորի այդ փափագը մշտապես հագեցվելու է Բարեխնամ Հոր կողմից, քանի որ հոգևոր կյանքը՝ Քրիստոս Հիսուսով, իր էությամբ արդեն իսկ նոր է: Միմյանց և այլոց հետ կիսվենք մեր ունեցած նորով, նրա տված ուրախությամբ ու երանությամբ: Թող այս տարվա հոգևոր նվերները բազմապատիկ անգամ ավելի լինեն նյութականներից: Թող Ամանորի տոնական շունչը փոխադարձ սիրով ու նվիրումով բուրի, երանավետ խաղաղությամբ լցնի ձեր հոգիներն ու տները: Թող Աստծո Ամենախնամ Աջը պահապան լինի մեր հայրենիքի սահմանները պաշտպանող քաջարի զինվորներին և բազմաչարչար այս հողը խաղաղ երկնքի հանգստությունը ձեռք բերի նոր տարում: Մաղթում եմ, որպեսզի այս տարին միասնության ու համերաշխության, հոգևոր ձեռքբերումների արգասաբեր տարի լինի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Աստծո շնորհը, սերն ու խաղաղությունն ամենքիդ այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան