3 Դեկտեմբեր, Գշ
Իսպանական քաղաքներից մեկում մի երիտասարդ արվեստագետ իր նկարները տանում է նկարիչների հրապարակ, որպեսզի բոլորին ցույց տա իր ստեղծագործությունները: Մայթին ողորմություն խնդրող մուրացկանին մանրադրամ է տալիս և ուրախանում, քանի որ մուրացկանը վերափոխվում է հրեշտակի ու ընկերակցում ճանապարհին:
Նկարիչը պարծենում է.
- Ինձ քրիստոնյա եմ համարում. հասկացել եմ, որ շատ մեղքեր եմ գործում, միշտ աշխատել եմ պահել պատվիրանները, զղջալ ու ապաշխարել, բարեպաշտ կյանքով ապրել, ողորմած լինել, որովհետև գիտեմ, որ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է Աստծո դատաստանի ժամանակ:
Հասնում են նկարիչների հրապարակին, երիտասարդը շփոթված նայում է շուրջբոլորը և շարունակում.
- Բայց այստեղ, իբրև նկարիչներ, հավաքված են այն մարդիկ, որոնց չեմ սիրում: Ահա այս մեկն ինձ դառնություն է պատճառել, մյուսին իր բնավորության պատճառով չեմ սիրում: Մեկ ուրիշը խաբել է ինձ, մյուսը վատություն արել: Իսկ այս մեկին ընդհանրապես արհամարհում եմ, մյուսին էլ չեմ հասկանում և այսպես շարունակ:
Այնուհետև արվեստագետը պտտվում է հրապարակում ու զարմացած ասում հրեշտակին.
- Եվ նրանք բոլորն ինձանից ավելի լավ նկարներ են ստեղծել, բայց նկարներում ամենուր ես եմ պատկերված, սակայն այնքան խիստ, անողորմ, նույնիսկ երբեմն էլ դաժան: Բայց ես այդպիսին չեմ, չէ՞: Իսկ քո ձեռքին ինչո՞ւ վրձին ունես. Դո՞ւ էլ ես նկարիչ:
Հրեշտակը պատասխանում է.
- Մտածում էիր, որ ողորմած լինել պարզապես նշանակում է բարեգործություն անել ու գումա՞ր բաժանել. Հիշիր, թե ի՞նչ է ասվում <<Հայր մեր>> աղոթքում <<Թող մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին...>>: Այս նկարներում արտահայտված է հոգուդ իրական պատկերն ու վիճակը: Աստված ինձ ուղարկեց և եկա քեզ հետ, որպեսզի պարզ ու մաքուր կտավ գտնեմ և այս վրձնով Աստծո շնորհներով զարդարեմ, բայց քանի դեռ չես ներել, բոլոր այս կտավներն էլ լեփ-լեցուն են պատկերներով և դրանց վրա նկարել չեմ կարող: Սուրբ Հոգին մաքուր ու սպիտակ կտավներ է փնտրում, որպեսզի նրանց վրա Իր անպատմելի շնորհներով ստեղծագործի...
Հովհաննես Մանուկյան