«Ամենամեծ ուրախությունը, Աստծուն միավորվելով, մերձավորին ծառայելն է»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, հունվարի 21-ին աջակից եղավ Մկրտչյան բազմանդամ կարիքավոր ընտանիքին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Լիդիային (61 տ.) հանձնեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի կողմից տրամադրված դրամական աջակցություն՝ 100 ԱՄՆ դոլար:

Տասը անդամներից բաղկացած կարիքավոր ընտանիքը բնակվում է Շիրազի փողոցի 30/8 հասցեում: Տիկին Լիդիան երկու դուստր ունի և մեկ որդի: 22-ամյա որդին տառապում է աուտիզմով: Դուստրերից մեկն ընտանիք է կազմել և իր ամուսնու ու երկու զավակների հետ բնակվում է հայրական տանը՝ բնակարան չունենալու պատճառով: Մշտապես զբաղված լինելով տղայի խնամքով՝ տիկին Լիդիան չի կարողացել աշխատել: «Մեր ընտանիքում միայն ամուսինս և աղջիկս են աշխատում, փեսաս աշխատանք է փնտրում, իսկ տղայիս հաշմանդամության, մորս և սկեսուրիս թոշակների գումարներով փորձում ենք մեր ընտանիքի նվազագույն կարիքները հոգալ: Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, որ իր գործունեությամբ օգնում և աջակցում է մեզ նման կարիքավոր ընտանիքներին»,- ասաց տիկին Լիդիան:

Յուրաքանչյուր առաքինություն ծնում է զոհաբերություն: Բարձրագույն առաքինությունը՝ սերը, ծնում է կատարյալ անձնազոհություն, ինչն էլ դեպի հավիտենական կյանք տանող կարևորագույն ուղին է: Սերը զոհաբերում է իրեն, և զոհաբերությունը սիրո համար միայն պարգև է և ոչ կորուստ:

«Ամենամեծ ուրախությունը, Աստծուն միավորվելով, մերձավորին ծառայելն է: Ամենամեծ վիշտը ծառայելն է ինքդ քեզ և եսասիրությանդ հետ մահանալը»,- ասել է վանական Սիմեոն Աթոսացին:

 

 

Կարինե Սուգիկյան

21.01.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․