1 Հունվար, Դշ, Սուրբ Ծննդյան պահքի Գ օր
- Հա՛յր, իսկ ի՞նչ անի կինը՝ ում ամուսինը հոգևոր կյանքով չի ապրում:
- Թող իր ամուսնուն Հիսուսին վստահի ու աղոթի, որպեսզի նրա սիրտը մի քիչ փափկի: Ժամանակի ընթացքում Հիսուսն աննկատելիորեն «դեսանտ» կիջեցնի նրա սրտում, և ամուսինը կսկսի մտածել (կարևորի մասին): Իսկ հենց ամուսնու սիրտը մի փոքր փափկի՝ կինը կարող է խնդրել նրան, օրինակ՝ իրեն մեքենայով մինչև եկեղեցի տանել: Պետք չէ համոզել նրան, ասելով. «Ախր ինչո՞ւ եկեղեցի չես գալիս», այլ պետք է միայն խնդրել. «Եթե դժվար չէ, կարո՞ղ ես ինձ մինչև եկեղեցի տանել»: Իսկ նրան մինչև եկեղեցի տանելով, հնարավոր է, որ ամուսինն ասի. «Դե քանի որ, արդեն այստեղ եմ, ես էլ մտնեմ Աստծո տաճարն ու մի մոմ վառեմ»: Եվ բացառված չէ, որ հետագայում կամաց-կամաց հոգևոր աճ կունենա:
- Հա՛յր, իսկ կնոջ խոստովանահայրը կարո՞ղ է որևէ կերպ ամուսնուն ևս օգնել:
- Երբեմն, ամուսնուն օգնելու համար, խոստովանահայրը պետք է հոգևոր աշխատանք տանի կնոջ հետ: Իսկ հետո այն ամեն լավը, որ կինն ունի՝ ամուսնուն էլ կփոխանցվի: Եթե նա բարի սիրտ ունի, ապա Աստված կօգնի նրան փոխվել:
Կանացի բնության մեջ ակնածանքը դրված է: Իսկ, եթե ամուսինը նախ անտարբեր է լինում Եկեղեցու նկատմամբ, այնուհետև հոգևոր կերպով «խելքի է գալիս», ապա հոգևոր առումով վստահորեն առաջ է ընթանում, իսկ կինը նրա ետևից չի հասցնում: Կարող է նաև այնպես պատահել, որ կինն սկսի նախանձել նրան, որովհետև ինքը հոգևոր առումով դոփում է միևնույն տեղում: Այդ պատճառով, նման դեպքերում ես ամուսիններին խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել: Քանի որ, տե՛ս, թե ինչ է կատարվում: Որքան ամուսինը առաջ է գնում հոգևոր առումով, այնքան կինն ավելի է հակառակվում նրան, եթե հոգևոր կյանքով չի ապրում: Օրինակ, եթե ամուսինն ասում է. «Ուշանում ենք, վեր կաց, որ եկեղեցի գնանք», ապա նա պատասխանում է. «Ինքդ էլ գնա: Ոչ, դու ինձ չես հասկանում, չէ՞ որ ես շատ գործ ունեմ անելու…»: Կամ, եթե ամուսինն ասի, օրինակ. «Ինչո՞ւ լամպը չի վառվում», կամ ինքը ցանկանա վառել հանգած լամպը, ապա դրանով կխոցի նրա եսասիրությունն ու կինը կսկսի բղավել. «Ի՞նչ է, պատրաստվում ես քահանա՞ դառնալ: Թե՞ վանական»: Նույնիսկ կարող է այսպես հակաճառել նրան. «Ընդհանրապես ինչո՞ւ ենք այս լամպը վառում: Ավելի լավ կլիներ այդ ձեթը մի ինչ-որ աղքատի տայինք»: Այո-այո, նա կարող է նույնիսկ այդտեղ հասնել: Մինչև բողոքական հիմարություններ: Իհարկե, հետո կինն՝ ինքն է վշտանում այն բոլոր արդարացումների համար, որ ասել է, սակայն, միաժամանակ շարունակում է վշտանալ այն հոգևոր զարգացման համար, որ տեսնում է իր ամուսնու մեջ: Այդ պատճառով էլ, նման դեպքերում, հազար անգամ ավելի լավ է, որ լամպը հանգած մնա, քան ամուսինը վառի այն:
Եվ ահա, ընտանիքը քայքայումից պահպանելու համար՝ ես ամուսիններին խորհուրդ եմ տալիս. «Երբ կինդ հանդարտ կլինի, նրան այսպես ասա. «Գիտե՞ս, երբ ես եկեղեցի եմ գնում, աղոթում եմ, ծնրադրում կամ ինչ-որ հոգևոր գիրք եմ կարդում, ապա ես դա մեծագույն ակնածանքից չէ, որ անում եմ: Այլ որովհետև այդ ամենն ինձ պահում է, արգելակում և թույլ չի տալիս, որ այս սարսափելի հասարակության հոսանքը, որի մեջ ապրում ենք, ինձ իր ետևից տանի: Թե չէ գիտես, որ ինձ այնպե՜ս կմոլորեցնեն ու կտանեն այդ բոլոր ընկերախմբերն ու գինետները…»: Եթե ամուսինն այսպես է հարցը դնում, ապա կինն ուրախանում է և նույնպես կարող է փոխվել և անցնել նրանից՝ հոգևոր առումով: Իսկ հարցն այլ կերպ դնելով՝ նա սարսափելի կերպով չարացնում է նրան և անպիտան վիճակի հասցնում: Նրանք կարող են նույնիսկ մինչև ամուսնալուծության հասնել: Եթե ամուսինը ցանկանում է կնոջն օգնել հոգևոր առումով, ապա թող ջանա նրա համար կապ ստեղծել մի ընտանիքի հետ, որը հոգևոր կյանք է վարում, որտեղ մայրն ու կինը երկյուղածություն ունեն, որպեսզի նա ցանկանա ընդօրինակել նրանց:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի