Անարդարությունն Աստծո ցասմանն է արժանանում

Մեծ բան է, եթե մարդն Աստծո օրհնությունն ունի: Դա մի իսկական հարստություն է: Այն, ինչ օրհնված է՝ կանգուն է և չի քանդվում: Իսկ այն, ինչ օրհնություն չունի՝ կանգուն չի մնում: Անարդարությունը մեծագույն մեղք է: Բոլոր մեղքերը մեղմացուցիչ հանգամանքներ ունեն, անարդարությունից բացի: Այն Աստծո ցասմանն է արժանանում: Ի՜նչ սարսափելի բան է: Նրանք, ովքեր անարդարացի են վարվում մյուսների նկատմամբ՝ կրակ են հավաքում իրենց գլխին: Մարդիկ ինչ-որ անարդարություն են գործում և ահա՛ նրանց հարազատներից մեկը մահանում է, բայց նրանք չեն հասկանում, թե ինչու: Այսքան անարդարություն գործող մարդիկ ինչպե՞ս կարող են հաջողություն ձեռք բերել: Այդպես վարվելով նրանք սատանային իրավունք են տալիս իրենց վրա իշխելու և դրանից հետո նրանց կյանքում հիվանդություններ, դժբախտություններ և այլ չարիքներ են պատահում… Եվ (այդ դժբախտությունների հոգևոր պատճառները չհասկանալով) բժշկության աղոթք են խնդրում են քեզանից:

Չարիքների մեծ մասն անարդարություններից է գալիս: Օրինակ, եթե մարդիկ անարդարությամբ են իրենց հարստությունը կուտակում, ապա մի քանի տարի իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, իսկ այնուհետև անարդարությամբ հավաքած ողջ միջոցները բժիշկների վրա են ծախսում: Սաղմոսների մեջ գրված է. «Արդարի քիչն ավելի լավ է, քան մեղավորների մեծ հարստությունը» (Սղմ. 36:17)։ «Ջրի բերածը ջուրն էլ կտանի»,- ասում է ասացվածքը: Կեղծիքի միջոցով կուտակվածը կորչում է, հեռանում: Շատ հազվադեպ ու շատ քչերի հետ է պատահում, երբ հիվանդությունները, սնանկացումը և այլ դժվարություններ Աստծո կողմից թույլ տված փորձության հետևանք են: Այդպիսի մարդիկ մեծ վարձք են ստանալու Աստծուց և սովորաբար այդպիսի փորձություններից հետո ավելի հարուստ են դառնում, ինչպես Հոբի* պարագայում էր: Իսկ բացի այդ, շատ ննջեցյալների մարմիններ հողում չեն քայքայվում հենց այդ պատճառով՝ այդ մարդիկ կյանքում ինչ-որ անարդարություն են գործել**:

 

* Տես Հոբի Գիրքը:

** Սուրբ Աթոս լեռան վրա և Հունաստանում, ընդհանրապես, ննջեցյալների աճյունները, թաղումից 3-4 տարի անց, հանում են գերեզմանից, լվանում ոսկորներն ու տեղավորում հատուկ դամբարաններում: Եթե ննջեցյալի մարմինը քայքայված չի լինում, ապա կրկին թաղում են ու նրա հոգու հանգստության համար աղոթքներն ավելացնում:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

14.03.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․