Անցորդի վրա հարձակված խուլիգանը

- Պատկերացրու,- մի օր ասաց հայր Պորֆիրիոսը,- որ հանգիստ քայլում ես փողոցում, և մի ուրիշ մարդ էլ է հանգիստ գնում իր գործերով։ Մեկ էլ հանկարծ դանակը ձեռքին մի խուլիգան է դուրս թռչում նրբանցքից, հարձակվում այդ մարդու վրա, սկսում ծեծել նրան, մազերից քաշել ու, վերջապես, թողնում է նրան մայթին ընկած՝ արնաքամ լինելու։ Այդ տեսարանից կզայրանա՞ս այդ վիրավոր մարդու վրա, թե՞ կխղճաս նրան։

Հայր Պորֆիրիոսի հարցն ինձ փակուղի մտցրեց, և ես էլ իմ հերթին հարցրի նրան․

- Ինչպե՞ս կարելի է զայրանալ վիրավոր մերձավորի վրա, որը դարձել է խուլիգանի զոհը։ Նման միտք անգամ չի անցնում գլխովս։ Իհարկե, կխղճամ նրան ու կփորձեմ օգնել ինչով որ կարող եմ։

- Դե ուրեմն,- շարունակեց հայր սուրբը,- յուրաքանչյուր մարդ, որ վիրավորում, վնասում է քեզ, զրպարտում, այս կամ այն կերպ անարդարացիորեն է վարվում քեզ հետ, քո մերձավորն է, որ ընկել է չարագործի՝ սատանայի ձեռքը։

Ո՞րն է ճիշտ։ Ի՞նչ պիտի անես, եթե որևէ մեկը զրպարտում է քեզ։

Դու պետք է տխրես նրա համար, ցավ ապրես, խղճաս նրան և ջերմեռանդորեն աղոթես Աստծուն, որ Նա, մի կողմից, զորացնի քեզ փորձության այդ դժվարին ժամին, իսկ մյուս կողմից՝ ողորմի քո եղբորը, որը դարձել է չարանենգ բանսարկուի զոհը։

Աստված կօգնի և՛ քեզ, և՛ քեզ նեղացնողին։ Որովհետև եթե այդպես չվարվես, այլ ընդհակառակը, զայրանաս եղբորդ վրա, հակահարձակ լինես, ապա սատանան, որ նստած է նրա վզին, կթռչի քեզ վրա ու պար կբռնի երկուսիդ վրա էլ։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

19.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․