13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, որ միավորված եք Քրիստոս Հիսուսով,
Շնորհավորում եմ ամենքիս այսօրվա բազմախորհուրդ տոնի կապակցությամբ, որ ամեն տարի, հունվարի 13-ին, նշում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին: Ուրախ եմ կրկին տեսնել ձեզ մեր եկեղեցու սրբազան հարկի ներքո միախմբված և շտապում եմ ընթերցել ձեզ համար մեր Տիրոջ երկրային կյանքի այն դրվագի մասին, որը հիմք է հանդիսացել այսօրվա տոնի համար և նկարագրված է Ղուկասի Ավետարանում. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21)։
Այո՛, սիրելինե՛ր, Սուրբ Ծննդյան տոների ութերորդ օրն է այսօր և բոլորս միասին, մեծ խնդությամբ նշում ենք մեր Փրկչի Անվանակոչության տոնը:
Երբ բառարանում փնտրում էի «անուն» բառի իմաստն ու նշանակությունը, մի շարք հետաքրքիր բացատրությունների հանդիպեցի, որ այժմ կընթերցեմ ձեզ համար: Այնտեղ մասնավորապես նշվում է, որ անունը ճանաչողության և շփման համար անհրաժեշտ միջոց է: Առարկաներն ու դրանց հարակցությունը մատնացույց անելով՝ անունները լեզուն կապում են իրական աշխարհի հետ: Իսկ անձնանունն այն բառն է, որ ծառայում է առանձին մարդուն նշելու համար, և անհատական կարգով նրան է տրվել, որպեսզի հնարավոր լինի դիմել նրան, ինչպես նաև նրա մասին խոսել այլոց հետ: Այնուհետև նշվում է, որ մարդու կյանքում շատ մեծ դեր ունի անձնանունը, քանի որ յուրաքանչյուր մարդ հենց այդ անունով է կոչվում և այդ պատճառով էլ նրա գործած բարի և չար գործերը հայտնի են դառնում հենց այդ անվան շնորհիվ: Եվ այստեղ մի պատմություն հիշեցի, որ լավագույնս ներկայացնում է վերը նշվածը:
Պատմում են, որ ճակատամարտերից մեկի ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացին նկատում է, որ իր զինվորականներից մեկը, ով նույնպես Ալեքսանդր անունն էր կրում, անընդհատ փորձում է խուսափել մարտից ու փախուստի դիմել: Այնժամ զայրույթով դիմում է նրան՝ ասելով. «Կամ հաղթահարի՛ր վախկոտությունդ, կամ անունդ փոխի՛ր, քանզի չես համապատասխանում դրան և մոլորության մեջ ես գցում մարդկանց»:
Ոչ ոքի համար բացահայտում արած չեմ լինի, սիրելինե՛ր, եթե ասեմ, որ հնում մարդիկ մեծ նշանակություն էին տալիս անուններին: Եվ յուրաքանչյուր քաղաքակրթության մեջ անունները ձևավորվում էին՝ հիմնվելով ժամանակի ու տեղի պատմական, մշակութային և ավանդական արժեքների վրա: Մարդիկ ձգտում էին այնպիսի անուններով կոչել իրենց զավակներին, որոնցում ամփոփված հատկանիշները ցանկանում էին տեսնել նրանց մեջ: Եվ զավակներն էլ, մեծանալով, ձգտում էին իրենց տրված անունների արժանի կրողները լինել:
Անունների կարևորությունը երևում է Աստվածաշունչ մատյանի առաջին գրքից իսկ, որտեղ կարդում ենք. «Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը լավ է, և Աստված լույսը բաժանեց խավարից։ Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը կոչեց գիշեր։ … Աստված ստեղծեց տարածությունը, որով Աստված տարածության ներքևում եղած ջրերը անջրպետեց տարածության վրա եղած ջրերից։ Աստված տարածությունը կոչեց երկինք։… Աստված ցամաքը կոչեց երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց ծով» (Ծննդ. 1:3-11)։ Այնուհետև տեսնում ենք, սիրելի՛ հավատացյալներ, որ Աստված Ադամին տվեց կենդանիներին ու թռչուններին անուններ տալու պատիվը՝ ընդգծելով անվան դերն ու նշանակությունը: Այս է ցույց տալիս նաև Նոր Կտակարանի առաջին գրքի սկիզբը, որն սկսվում է Հիսուս Քրիստոսի ազգաբանությամբ՝ թվելով բոլոր սերունդների անունները:
Արդ, կրկին անդրադառնանք այսօր տոնելիք այն քաղցրահունչ սրբասուրբ անվանը ու տեսնենք, թե ինչ է այն նշանակում մեզանից յուրաքանչյուրի համար: Նախ, դառնալով «Հիսուս» անվան ակունքներին, տեսնում ենք, որ այն եբրայական Եէշուա կամ Հեսու անվան հունական տարբերակն է, որ նշանակում է «Աստված փրկում է» կամ «Աստված փրկություն է»: «Քրիստոս» անվանումը եբրայերեն «մեսիա» բառի հունական թարգմանությունն է, որ «օծյալ» է նշանակում: «Էմմանուել»-ն էլ Տիրոջ ևս մեկ հրաշալի անունն է, որ եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Աստված մեզ հետ է»: Այժմ մեկ անգամ ևս կընթերցեմ ձեզ համար Տիրոջ անունների սքանչելի բնորոշումները, որպեսզի հնարավորություն ունենաք ողջ հոգով ընկալելու և ապրելու դրանք: Այսպիսով սիրելինե՛ր, «Աստված փրկում է», «օծյալ է» և «Աստված մեզ հետ է»: Զգացի՞ք այն հզոր ուժն ու վստահությունը, որ Տիրոջ լոկ անունն է պարգևում: Այո՛, մարդացյալ Աստված լավագույնս է համապատասխանում Իր Սուրբ անվանը, քանզի Իր կյանքը զոհեց մեղքի ճիրաններից մեզ փրկելու համար, և Իր երկրային կյանքի կատարյալ սիրով ու ողորմածությամբ լեցուն ընթացքով և համբարձումից հետո Սուրբ Հոգու շնորհները լիաբուխ կերպով մեզ վրա հեղելով ցույց տվեց, որ Աստված իսկապես մեզ հետ է: Այս իրողությունն է, որ յուրաքանչյուր պարագայում ուժ է տալիս մեզ՝ Հիսուս Քրիստոսի հետևորդներին, որ քրիստոնյա ենք անվանվում: Այս լուսակիր անունն է, որ լուսավորում է հուսահատության խավար զնդանը և դրա կործանարար կապանքներից ազատվելու թևեր է պարգևում: Այս կենարար անունն է, որ բժշկում է հոգու և մարմնի ախտերն ու կյանք պարգևում մահվան պաղ շունչը ծոծրակին զգացածին: Այս հզոր անունն է, որ պաշտպանում է թշնամու ծուղակի մեջ հայտնվածին, սրբում այրու արցունքները, բարձրացնում որբի գլուխը, մխիթարում սգավոր սիրտն ու ոտքի կանգնեցնում կյանքի հարվածներից ծնկածին: Եվ վերջապես սա այն անունն է, որ հավատարմության խորհրդանիշն է հանդիսանում և զորավիգ է բոլոր իրեն ապավինողներին:
Հույն վանականներից մեկի մասին պատմում են, որ երբ նա գիրք ընթերցելիս հասնում էր «Հիսուս» անվանը, ապա այլևս չէր կարողանում շարունակել ընթերցանությունը՝ իրեն համակած հզոր զգացումների հորդման պատճառով: Դավիթ թագավորի համար փառահեղ, հուսադրող, պահապան ու փրկիչ էր Աստծո անունը և այդ են վկայում սաղմոսների բազմաթիվ գլուխները, որոնցում արքան գովերգում է Տիրոջ անունը (Սղմ. 8:1, 9:11, 19:2, 53:3 և այլն): Պետրոս առաքյալի համար «երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք 4:12) բացի Հիսուս Քրիստոսի անունից: Պողոս առաքյալի համար «Աստված… նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու» (Փիլ. 2:9-11)։ Սակայն մինչ քրիստոնյաների հալածիչ Սողոսը դարձի կգար, կդառնար Պողոս առաքյալ և վերոհիշյալ տողերը կգրեր, Տիրոջ անվան հետ կապված ևս մեկ հիշատակություն ենք գտնում Տիրոջ և սուրբ Անանիա առաքյալի երկխոսության մեջ, երբ Տերը Սողոսի մասին ասում է. «նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և իսրայելացիների առաջ. քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքան պետք է չարչարվի իմ անվան համար» (Գործք 9:14-15)։ Եվ վերջապես, Քրիստոս Իր անվան մասին ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ իմ անունով իմ Հորից ուզեք, պիտի տա ձեզ» (Հովհ. 16:23):
Այժմ հերթը մերն է, սիրելի՛ քրիստոնյաներ: Ժամանակն է ինքներս մեզ հարցնելու, թե ինչ է մեզ համար Աստծո անունը: Ինչ է մեզ համար նշանակում, երբ ասում ենք. «Քրիստո՛ս իմ, Հիսո՛ւս իմ»: Այս սուրբ անունն արտասանելիս արդյո՞ք սիրտդ Նրա լույսով է լցվում, սիրելի՛ հավատացյալ, հոգիդ քաղցրանո՞ւմ է Նրա սիրով և դու ամբողջանո՞ւմ ես Նրա մեջ: Ի՞նչ ես զգում, երբ Տիրոջ անունն ես արտասանում: Զգո՞ւմ ես դրա սրբությունը, ինչպես, որ տերունական աղոթքի մեջ ես խնդրում, որ սուրբ լինի: Պահպանո՞ւմ ես այդ սրբությունը, ինչպես հենց Տերն Ինքն է Մովսեսի միջոցով պատվիրել տասը պատվիրաններում: Հարցրո՛ւ քեզ այդ մասին Սուրբ Պատարագից հետո: Թող շուրթերդ երկյուղածությամբ արտասանեն «Հիսուս Քրիստոս» անունը, իսկ ինքդ սպասիր սրտիդ արձագանքին: Իսկ ես կաղոթեմ Տիրոջը, որպեսզի Իր սուրբ անվան հզոր մեծությունը բաց անի ձեզանից յուրաքանչյուրի համար: Դրա անուշաբույր քաղցրությամբ վերացնի ձեր հոգու դառնությունը և ամեն անգամ այս անունն արտասանելիս կամ լսելիս՝ ուղղվեն թուլացած ուսերդ, փայլեն խամրած աչքերդ և մեծագույն ցնծությամբ հոգիդ երգի. «Եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսմհետէ մինչև յավիտեան», ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան