Ապաշխարողների արձակման կարգը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ավագ հինգշաբթին իր արարողակարգերի առատությամբ տարբերվում է Ավագ շաբաթվա մյուս օրերից: Այս օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում վաղ առավոտյան կատարվում է «Կարգ ապաշխարողաց»-ը, այնուհետև, ի հիշատակ Վերջին ընթրիքի, Ս. Պատարագ է մատուցվում և օրն ավարտվում է ոտնլվայի և խավարման արարողություններով:

Թեև Ավագ հինգշաբթի օրն աշխատանքային էր, բայց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին վաղ առավոտյան բազմամարդ էր: «Կարգ ապաշխարողաց»-ի ներկաները մասնակից եղան ապաշխարողներին թողություն տալու մի յուրահատուկ ծիսակարգի, որ բաղկացած էր ապաշխարության սաղմոսներից, շարականներից և աղոթքներից:

Մեծի պահոց ապաշխարության, խոկման և աղոթքի երկար ճանապարհ անցածներն, այս հատուկ կարգին մասնակցելով, արձակում ստացան, որպեսզի մասնակից դառնան Ս. Պատարագին: Արարողակարգի ընթացքում հնչած երեսունմեկերորդ սաղմոսն սկսվեց հետևյալ երանիներով. «Երանի՜ նրան, ում մեղքերին թողություն տրվեց, և ում բոլոր հանցանքները ծածկվեցին: Երանի՜ այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում, և որի բերանում նենգություն չկա»: Ներկաները երիցս ապաշխարության շարականի այս տողերով Տիրոջը դիմեցին՝ Քո առջև ընկած աղաչում եմ, Փրկիչ և Բարերար, խնայիր ինձ՝ մեղավորիս, և ողորմի՛ր ինձ՝ բազմամեղիս:  

Տիրոջ առջև ծնկի եկածների միասնական աղոթքն էր առ Տեր. «Եվ արդ, մենք՝ Քո ծառաներն ու ժողովուրդը, Քո հոտի գառները՝ Քո Միածին Որդու արյան գինը, ժողովվելով սուրբ եկեղեցու գավթում, խոնարհվելով՝ հայցում ենք բազմագութ ու առատ մարդասիրությունդ և խնդրում Քո քաղցրությունից մեր մեղքերին քավություն և թողություն»:

«Ապաշխարության արձակման կարգը հերթական առիթ և հնարավորություն է մեղավոր մարդուն ապաշխարությամբ և զղջումով՝ մաքրվելու և սրբվելու իր մեղքերից և արժանորեն մոտենալու Տիրոջ մարմնին, որ հենց Ինքը Քրիստոսն է: Մարդ, որ արարվել էր Աստծո կողմից հավիտենական կյանքի համար, խաբվելով չարի խաբեպատիր խոսքից, մահվան ենթարկվեց: Բայց Աստծո ողորմածությունն ու գթասրտությունը չէր կարող մարդուն թողնել մահվան ճիրաններում և այդ սիրո և ողորմածության արգասիքն եղավ Բանի մարդեղացումը: Քրիստոս եկավ ոչ թե մարդուն դատապարտելու, այլ  կորածին գտնելու: Մարդ արարածին դեպի հավիտենություն տանող ճանապարհի խոչընդոտներն երկուսն են՝ մարմինը և աշխարհը: Ուստի չտրվենք ոչ մարմնական և ոչ էլ աշխարհիկ գայթակղություններին, փորձենք աստվածահաճո կյանքով ապրել՝ նորոգվելով Քրիստոսով: Եվ այսօրվա ապաշխարության արձակման կարգը փրկության տանող առաջնահերթ պայմանն է»,- այս խոսքերով ներկաներին դիմեց խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը:

«Կարգ ապաշխարողաց»-ն ավարտվեց Ս. Հովհան Ոսկեբերանի օրհնության և Ս. Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդությունից առաջ» աղոթքներով: Վերջինս հորդոր էր ներկաներին՝ զգուշությամբ մոտենալու Ս. Հաղորդության խորհրդին:

 

Կարինե Սուգիկյան

13.04.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․