13 Սեպտեմբեր, Կիր
Խոստովանության խորհուրդն առանց ապաշխարության ակնարկության սխալ է. մինչ խոստովանության խորհրդի իրականությունը ապաշխարության խորհրդի մեջ է, որը ամբողջանում է քահանայի առաջ խոստովանությամբ։ Ապաշխարությունը պարզապես քրիստոնյայի կյանքն է մեր մեջ, այն Ավետարանի պատգամն է, փրկության կոչն է, վերադարձն է Երկնավոր Հոր գիրկը, Աստծո սիրո բացահայտումն է, Քրիստոսի պատվիրանին հնազանդումն է, այն սրբերի գործն է, քանի որ մշտապես ձգտում են լինել Քրիստոսի նման, չեն դադարում ապաշխարումից իրենց ողջ կյանքում։ Այն մշտական փոփոխություն է. «Փառքից փառք» (Բ Կորնթ. 3։18) Սուրբ Հոգու ներգործությամբ։
Ապաշխարությունն ու խոստովանությունը զուգընթաց են, որովհետև ապաշխարությունը սկսվում է՝
Առաջին․ Անձի առջև խոստովանություն։ Անկեղծ ապաշխարությունը բխում է հետևյալ արտահայտությունից. «Ապա խելքի եկավ և ասաց. “Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ» (Ղուկ. 15: 17), և այն միշտ սկսվում է պատվիրանով. «Ինքներդ ձեզ քննե՛ք, թե հավատի մե՞ջ եք։ Ինքներդ ձեզ փորձե՛ք։ Կամ չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է. միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ» (Բ Կորն. 13:5 – Նոր Արարատ թարգմանություն): Եթե մարդը չխոստովանի իր խղճի առաջ, որ ինքը մեղավոր է Աստծո, մարդկանց և Եկեղեցու հանդեպ, ապա նրա խոստովանությունը որևէ նշանակալի արժեք չի ունենում։
Մարդը կարող է բացահայտ խոստովանել իր մեղքը, բայց չզգալ դրա ծանրությունը կամ չզղջալ կատարվածի համար, ինչպես արեց Սավուղ թագավորը Սամուել մարգարեի առջև. «Սավուղը Սամուելին ասաց. մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ և քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և նրա ձայնին անսացի։ ... մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու Իսրայելի առաջ ինձ պատվի՛ր, եղի՛ր ինձ հետ, և ես կերկրպագեմ Տիրոջը՝ քո Աստծուն» (Ա Թագ. 15:24-30): Եվ սակայն նրա ապաշխարությունը անկեղծ չէր, և նրա խոստովանությունը միայն արտաքնապես էր։ Եվ ինչը, որ նրա համար արժեք ուներ՝ մարդկանց առջև իր արժանապատվությունն էր, և նրա խոստովանության մեջ արդարացումներն ու պատճառաբանություններն են տեղ գտնում։ Այդ իսկ պատճառով լսում ենք Աստծո ձայնը, որ ասում է. « ... մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց ... » (Ա Թագ. 16:1):
Անձի առջև խոստովանությունը ապաշխարության և փոփոխության սկիզբն է և կարիք ունի մշտական քննության՝ Ավետարանի պատվիրանների լույսի ներքո, որպեսզի մարդը չխաբի իր անձը՝ կարծելով, որ կատարյալ է. «Որովհետև ասում ես. "Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ"։ Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես» (Հայտ. 3:17 - Նոր Արարատ թարգմանություն):
Երկրորդ․ Աստծո առջև խոստովանություն: Չկա ապաշխարություն առանց աղոթքի։ Աղոթքն ապաշխարության շարունակական գործն է և դրա անկեղծ արտահայտումը։ Ապաշխարողը չի դադարում թողություն և փոփոխություն խնդրելուց՝ ասելով. «Ով Տե՛ր, ներիր ինձ… Ով Տե՛ր, ապաշխարիր ինձ… Ով Տե՛ր, փոխիր ինձ»։ Դրանով մաքրում է անցյալի մեղքերի հաշիվը և խնդրում է ապագայի համար նոր կյանք Աստծո օգնությամբ՝ զերծ մեղքից և մաքրության հանդեպ տենչով։
Երբ Նաթան մարգարեն հանդիմանեց Դավիթ մարգարեին նրա շատ մեղքերի համար, Դավիթը խոստովանեց նրա առջև իր մեղքը, սակայն չդադարեց արցունքներով աղոթքից. «Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ և անօրենություններս քավի՛ր քո առատ գթությամբ։ Ամբողջովին լվա՛ ինձ իմ անօրենություններից և սրբի՛ր ինձ իմ մեղքերից։ Իմ անօրենությունները ես անձամբ գիտեմ, և իմ մեղքերն իմ առջև են միշտ։ Տե՜ր, միայն քո դեմ մեղանչեցի և քո առջև չարիք գործեցի, հետևաբար արդար ես խոսքիդ մեջ և հաղթող՝ դատաստանիդ մեջ» (Սաղմ. 50:3-6):
Սուրբ Մարկոս Ճգնավորն ասում է. «Եթե ուզում ես անարատ խոստովանություն մատուցել Աստծուն, ապա մի՛ հիշիր նախկին մեղքերդ իրենց մանրամասություններով, այլ քաջությամբ հիշիր դրանց հետևանքների դառնությունը»։
Երրորդ․ Մարդկանց առջև խոստովանություն: Կան մեղքեր, որոնք գայթակղեցնում են ուրիշներին, կամ վիրավորում նրանց, կամ պատճառում են նրանց վնաս՝ հոգեպես, հոգեբանորեն և ֆիզիկապես։ Անձի և Աստծո առջև խոստովանելուց անհրաժեշտ է, որ լինի խոստովանություն այն մարդկանց առջև, որոնց իրավունքի հանդեպ սխալվել ենք, ինչպես ասում է Քրիստոսը. «Եթե զոհասեղանին քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե եղբայրդ քո դեմ ոխ ունի, թո՛ղ քո ընծան, գնա՛, նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ, քո ընծան մատուցի՛ր» (Մատթ. 5:23-24):
Ինչպես Դավիթ մարգարեն արեց Աբիաթար քահանային. «Դավիթը Աբիաթարին ասաց. այն օրը գիտեի, որ Դովեկ Ասորին անպայման կհայտնի Սավուղին։ Քո հոր տան բոլոր զոհված մարդկանց համար ես եմ մեղավոր։ Նստի՛ր ինձ մոտ և մի՛ վախեցիր, քանի որ որտեղ ինձ համար տեղ փնտրեմ, քեզ համար էլ կփնտրեմ, և դու ինձ մոտ ապահով կլինես» (Ա. Թագ. 22:22-23):
Եվ իմաստություն չէ, որ մարդկանց առջև բացահայտենք մեր սրտի բոլոր գաղտնիքները, որպեսզի առավել ևս չգայթակղվեն մեզնով։ Մարդիկ գուցե չհանդուրժեն իմանալ մեր ներսում գտնվող ապականությունը, և մենք գուցե չհանդուրժենք հայտնել բոլորին ինչը կա մեր ներսում: Սակայն, առնվազն ներողություն խնդրենք նրանցից, ում նկատմամբ հստակորեն սխալվել ենք, ինչպես օրինակ, ամուսնու ներողություն խնդրելը իր կնոջից, հոր ներողությունը՝ իր զավակներից, ընկերոջ ներողությունը՝ իր ընկերոջից, և ծառայի ներողությունը՝ իր տիրոջից։ Եվ եթե կա հնարավորություն սրբագրելու որոշ սխալներ, օրինակ՝ գողացվածի վերադարձը, ապա անհրաժեշտ է դա սրբագրել նախքան թողություն ստանալը։
Չորրորդ․ Քահանայի առջև խոստովանություն: Այստեղ ապաշխարությունը ամբողջանում է խոստովանությամբ Աստծո խորհուրդների տնտեսի առջև․ «Այսպես, մարդիկ թող համարեն մեզ իբրև Քրիստոսի սպասավորներ և Աստծու խորհուրդների տնտեսներ։ Արդ, տնտեսներից պահանջվում է այն, որ նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ լինի» (Ա. Կորն. 4:1-2)։ Ինքնաանկեղծանալուց հետո, ջերմեռանդ աղոթքից հետո, և անկեղծ ներողամտությունից հետո, գալիս է խոստովանությունը քահանայի առջև, որպեսզի վերջինս վերցնի մեղքը և դնի զոհված Քրիստոսի վրա․ «Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։ Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար պատժվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Ես. 53:4-5)։
Մարդը չի օգտվում Խոստովանության խորհրդից, եթե հավատարիմ և ջանասեր չէ ապաշխարության անհրաժեշտ առաջին քայլերին, որ է՝ ինքնահաշվետվությունը, ջերմեռանդ աղոթքը, մարդկանց հաշտությունը, մեղքի թողությունն ու դրա պատճառները, եկեղեցու հանդեպ հնազանդությունն ու հոգևոր պայքարը։
Սուրբ Հովհաննես Սանդուղքն ասում է. «Խոստովանիր քո խաղաղության համար, և կտրիր սրտիդ կրքերը: Խոստովանողը մեծամասամբ կհանգստանա կռվից, և առանց խոստովանության և հնազանդության՝ մեղավորները չեն փրկվում»։
Աբբա Բասիլիոսն ասում է.
«Լավ է չմեղանչես,
Իսկ եթե մեղանչես, լավ է չուշացնես ապաշխարությունը,
Իսկ եթե ապաշխարես, լավ է չկրկնես մեղքը,
Եվ եթե չկրկնեցիր, լավ է, որ իմանաս, որ դա Աստծո օգնությամբ էր,
Եվ եթե իմացար դա, լավ է, որ Իրեն շնորհակալություն հայտնես Իր շնորհքի համար և մշտապես հայցես Նրա օգնությունը»։
Քահանա, բժիշկ Դաուդ (Դավիթ) Լամիի
«Ինչո՞ւ խոստովանությունը. Ինչո՞ւ է խոստովանության խորհուրդը» գրքից
Արաբերենից թարգմանեց Աստվածաբանական գիտությունների դոկտոր Խաժակ սրկ. Նալբանդյանը