Ապրել՝ նշանակում է սիրել

Սեպտեմբերի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի Չարենցի 591 հասցեում բնակվող Մկրտչյան ընտանիքին: Սոցիալապես անպահով վիճակում հայտնված ընտանիքն այժմ երեք հոգուց է բաղկացած. երեխաների հայրը դատապարտվել է 2.7 տարվա ազատազրկման, մայրը լքել է երեխաներին և 56-ամյա Գրիգորյան Նինելի ուսերին է ծանրացել իր երկու թոռների՝ Թամարայի (13 տ.) և Գրիգորի (12տ.) խնամքը: Տիկին Նինելը մթերային խանութում վաճառողուհի է աշխատում և իր վաստակած գումարի, նաև երեխաներին հատկացվող թոշակի միջոցով է փորձում լուծել ընտանիքի կարիքները: Երեխաների տատիկն ասաց, որ որդին արդեն մեկ տարուց ավել է, ինչ ազատազրկման մեջ և հույսով է, որ շուտով ընտանիքը ոտքի կկանգնի:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար): Տիկին Նինելն իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին:

Քրիստոնեական կրոնի հիմքը սերն է: Ապրել՝ նշանակում է սիրել, քանի դեռ կա սերը, կյանքը չի դադարում: Եկեղեցու հայրերը միաձայն նշում են, որ միայն իր մասին հոգ տանողը և Տիրոջը ու իր մերձավորին անտեսողը կհայտնվի անպտուղ թզենու վիճակում (Մատթեոս 21:19): Սիրող անձը փոխադարձաբար լիանում է և հարստանում՝ ի տարբերություն նրա, ով ատում է՝ իրեն զրկելով: Սիրող անձն իր մեջ կրում է աստվածային, ամենաբուժիչ ուժը, որով բուժում և ուրախություն է պատճառում տանջված հոգիներին: Սիրող անձի համար բարու առկայությունն ուրախություն է, իսկ բացակայությունը՝ տանջանք, քանի որ իր համար կյանքի իմաստ է գնալ դեպի Սիրո Աղբյուրը սիրո անվերջանալի արահետով:

 

 

Կարինե Սուգիկյան

15.09.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․