23 Դեկտեմբեր, Բշ
Դեկտեմբերի 26-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով «Զորավոր» երիտասարդաց միության «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական հանդիպման հյուրն էր՝ ԵՃՇՊՀ-ի դիզայնի ամբիոնի դասախոս, բեմադրիչ, ռեժիսոր, երգիծանկարիչ, «Արևավիշապ» միջազգային փառատոն-մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ Սուքիաս Թորոսյանը: Բանախոսության թեման էր՝ «Երգարվեստ և դիզայն»:
«Երգարվեստը ծնվել է մարդու հետ և եղել է նրա մշտական ուղեկիցը: Հայ երգի զուլալ ակունքին ձգտողն ընդվզում է՝ տեսնելով այսօրվա երաժշտության տենդենցը: Իսկ այդ տենդենցն առաջարկում է հեշտ միջոցներով ինչ-որ բան վաստակել, որը վաղ թե ուշ հոգևոր վակուումի է բերում: Դա այն վիճակն է, որ մարդն անոթի է, բայց սնվում է իր համար ոչ պիտանի սնունդով, իսկ երաժշտությունն իր ազդեցությունն է թողնում, այն կարող է և՛ շինել, և՛ քայքայել»,- ասաց բանախոսը:
Պրն. Թորոսյանը նշեց, որ Աստված հայ ազգին առատապես է շնորհաբաշխել և ստանալով հանդերձ ՝ հայը կարողացել է նաև տալ: Իսկ այդ տաղանդաշատ շարքից նա անդրադարձավ Գոհար Գասպարյանին, Լուսինե Զաքարյանին, Տիգրան Չուխաջյանին, ովքեր երաժշտության տիեզերական համակարգում մեծ արժեքներ են արարել: Օրինակ՝ արևելքն արևմուտքին կապող երաժշտական կոթողի հիմնադիրն է հանդիսանում կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանը՝ հիմնելով հայ ազգային օպերան:
Հայ երաժշտության զարգացման հետ կապված՝ բանախոսն ասաց, որ եկեղեցուց սկիզբ առած հոգևոր երաժշտությունն է այն կապող թելը, որ հասել է մինչև մեր օրերը: Նույնիսկ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններում է նկատելի հոգևոր երաժշտությունը: Նրա Սովետական Հայաստանի օրհներգը, որ կարծես ձոն լինի Հայաստանին նվիրված, շարականի համար նախատեսված սխեմայով է գրված:
Իսկ արվեստում առաջ եկած հոգևոր վակուումի պատճառները, ըստ բանախոսի, հստակ է. «Արվեստագետն անիմաստ փնտրտուքների մեջ է հայտնվում և արժեքազրկվում է նրա ստեղծագործությունը, երբ բացակայում է հոգևոր կապը: Այսօր մեծ պահանջ կա հոգևոր սննդի և մարդիկ սկսել են անդրադառնալ իրենց մեջ առաջ եկած հոգևոր վակուումին»:
Իսկ դիզայնի հետ կապված պրն. Թորոսյանը ներկայացրեց, որ այդ տերմինն ընդամենը մեկդարյա գործածություն ունի և նշանակում է գծել: Դարերի ընթացքում հայն ապրել մի ձևի մեջ, որ կոչվել է ոչ թե դիզայն, այլ կարգ ու կանոն՝ երդիկով տուն, ճաշասենյակ, ննջասենյակներ, ախոռ: Մեր ազգային հագուստը, կենցաղի և բնության պահանջից ելնելով, ըստ Հայաստանի շրջանների, տարբեր է եղել: Ապա հավելեց. «Դարերով մշակված այս ձևը հարյուր տարվա մեջ ավերեց հայը՝ առանց գիտակցելու, թե ինչ վնասների առջև է կանգնելու: Այդ շրջանի թե՛ տան և թե՛ հագուստի ձևավորումներն այսօր գիտնականները համարում են ամենահանճարեղը. ճիշտ վայրում կառուցված բնակարաններ, ճիշտ դասավորվածություն, ճիշտ երաժշտություն»:
Իսկ այն հարցին, թե ո՞րն է այսօրվա աններդաշնակության պատճառը: Բանախոսը պատասխանեց. «Գիտությունը ծառայելու փոխարեն ավելի առաջ գնաց, քան փիլիսոփայությունը, ճարտարապետությունը, կերպարվեստը: Այսօր տեխնիկայի դարում մարդը դարձել է տեխնիկայի գերի: Եվ այս ամենի վատ անդրադարձը նկատելի է մշակութային կյանքում: Ցավոք, չունենք այն դպրոցը, որի միջոցով հնարավոր կլիներ հինը վերականգնել: Այսօր էլ գիտնականները հասկանում են, որ սխալ ուղով են գնացել՝ փնտրելով եվրոպական ձևը: Անգամ իրենք՝ եվրոպացիներն են ասում, որ որպես զարգացման ձև հունականն իրենց դեպի փակուղի է տարել, այնինչ պետք է հայկականն ընտրեին, որ արմատներով ավելի գրագետ, հին և խորն է եղել: Եթե մշակույթը Նարեկացու, այլ ոչ թե Դանթեի ճանապարհով գնար, այսօր մարդկությունն ավելի հզոր կլիներ և հոգևոր ավելի մեծ պաշար կունենար: Մարդիկ այդ ճանապարհով չգնացին, ընտրեցին ավելի հեշտ ձևը՝ դեկորատիվը»:
Բանախոսությամբ երիտասարդներն ամրագրեցին իրենց սրտում, որ թե՛ արվեստի բնագավառում և թե՛ առօրյա կյանքում հոգևոր վակուումից դուրս գալու ելքը լուծում է եկեղեցին, որ աղբյուրն է այն անաղարտ հոգևոր սննդի, ինչի պակասը զգալի է այսօր:
Բանախոսության ավարտին երիտասարդներն իրենց հարցերն ուղղեցին բանախոսին: Ապա «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը շնորհակալություն հայտնեց պրն. Թորոսյանին հետաքրքրաշատ բանախոսության համար՝ նշելով, որ այսօր ևս մեկ առիթ ունեցանք արժևորելու մեր ազգային և հոգևոր արժեքները: Շարունակելով իր խոսքը՝ Տեր Հայրն ասաց. «Ճիշտ երգարվեստը և դիզայնը ներդաշնակություն են, որ պարգևել է մեզ մեր Երկնավոր Տերը: Եվ ապրելով ներդաշնակության մեջ՝ մեր կյանքն էլ կդառնա ներդաշնակ»:
Կարինե Սուգիկյան