Առաքինություն, որ մշտապես հարստացնում է

Քրիստոնեական առաքինությունների գագաթը համարվող սերը լիացնում է և հարստացնում, նրա առկայությամբ ամեն ինչ փոխադարձաբար լրացվում է: Երբ մարդն ատում է, խլում է իրենից ինչ-որ մի բան, իսկ երբ սիրում է, հարստանում է նրանով, ում սիրում է: Աստված, Ով ունի կատարյալ սեր, հարուստ է: Եկեղեցու հայրերը միաձայն են այն հարցում, թե նա, ով միայն իր մասին է հոգ տանում, անտեսելով իր նմանին, կհայտնվի ավետարանական անպտուղ թզենու վիճակում (Մատթեոս 21:19): Երբ աստվածային սիրո շուրջ մեծ թվով մարդիկ են համախմբվում, ապա թզենիները սկսում են պտղաբերել, ապա և մեծանում է հարստացողների թիվը: Սիրո օրենքն որդեգրած Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է հարստացնել իր կյանքը:

Մարտի 8-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն Ալեքսանյան Լիլիթին (31 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Լիլիթն իր երկու անչափահաս աղջիկների հետ վարձակալությամբ է բնակվում Չարբախի 4-րդ փողոցի 29 բնակարանում: Հինգ տարի է, ինչ Լիլիթի ամուսինը կալանավորված է և ընտանիքի ողջ հոգսը նրա ուսերին է: Լիլիթը մշտական աշխատանք չունի, իսկ ընտանեկան նպաստով կարողանում է միայն տան վարձը վճարել: Ընտանիքի մայրը նշեց, որ այս տարիների ընթացքում շատերին է դիմել օգնության խնդրանքով, իսկ արձագանքել է և աջակցել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Լիլիթն անչափ շնորհակալ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց, հոգևոր հովվից և աջակից անձից:

 

 

Կարինե Սուգիկյան

08.03.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․