24 Դեկտեմբեր, Գշ
Ասում են, թե մի մռայլադեմ ասպետ, ով վերադարձել էր խաչակրաց արշավանքից իր հայրենի գերմանական գյուղը, ծնկի է գալիս իրենց գյուղի լճակի մոտ, նայում պարզկա ու կապուտակ լճակի մեջ արտացոլվող իր դիմագծերին ու ասում.
- Ո՞վ է այս մռայլ մարդը, որ լճակի միջից նայում է ինձ:
Տե՛ր Աստված, հոգիս խաղաղ չէ: Հասա իմ նպատակին, տեսա սուրբ քաղաքը, հաղթեցի թշնամուն և վերադարձա, սակայն կարծես ինքս ինձ չեմ գտնում ու չեմ հասկանում, թե ինչու եմ այսքան տկարանում:
Արագ շրջվում է և տեսնում, որ երկու ասպետ սրերով միմյանց դեմ մարտնչում են: Նրանցից մեկը սայթաքում և ընկնում է, գլխից դուրս է թռչում սաղավարտը, և մռայլադեմ ասպետը քար կտրած տեսնում է, որ ընկած մարդն ինքն է:
Պատյանից հանում է սուրը և դեմ հանդիման կանգնում մյուս ասպետի առջև` պաշտպանելու ընկածին: Իր դիմաց կանգնած զորականը դանդաղ հանում է սաղավարտը, և մռայլադեմ ասպետը մատնվում է շփոթմունքի, քանի որ կրկին տեսնում է, որ ինքն է...
Նրան է մոտենում մի վանական ու ասում.
- Ինչո՞ւ ես սուրդ հանել այս ամայի դաշտում ու միայնակ մարտի սպասում: Չե՞ս տեսնում, որ հոգիդ ու մարմինդ միմյանց դեմ են մարտնչում, թշնամաբար ես նայում նրանց:
Հաշտվիր և՛ հոգուդ, և՛մարմնիդ հետ, շնորհակալ եղի՛ր նրանցից ու քո ջերմագին սերը հաղորդիր նրանց` ներողություն խնդրելով նրանց տառապանք ու ցավ պատճառելու համար:
Դու չպետք է մարմնիդ ու հոգուդ դեմ պայքարես, այլ մեղքի դեմ:
Երբ մարդ կորցնում է ներքին խաղաղությունը, հիվանդանում է, իսկ աստվածային սերն անգին դեղ է, որ բժշկում է...
Հովհաննես Մանուկյան