Արդյո՞ք մեր թզենիները պտղազարդ են

Սեպտեմբերի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակում, Հայրապետյան Քրիստինեին (39 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Քրիստինեն իր երեք զավակների հետ բնակվում է ք. Էջմիածնի Շահումյան փ. 79 շ., 13 բն. հասցեում: Չորս տարի է, որ Քրիստինեն ամուսնալուծվել է և ընտանեկան նպաստի ու իր աշխատավարձի գումարներով դժվարությամբ է կարողանում հոգալ իր ընտանիքի կարիքները: Քրիստինեն նշեց, որ իր զավակներից երկուսը հաճախում են Հայ Միասնության Խաչի Մաչանենց արվեստաց դպրոցի ինովացիոն կենտրոն: Հայրապետյան ընտանիքի մայրը շնորհակալություն հայտնեց Վարդանյան ընտանիքին՝ աջակցելու համար:

Բարեգործությամբ ապրելու մասին է հիշեցնում ավետարանական հետևյալ պատմությունը. երբ Քրիստոս անցնում էր Բեթանիա քաղաքով, քաղց զգաց և ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ մոտեցավ նրան, բայց տերևներից բացի վրան ոչինչ չգտավ: Նա թզենուն ասաց՝ այսուհետև հավիտյան պտուղ չունենաս: Եվ նույն պահին թզենին չորացավ (Մատթ. 21:18-21): Այս պատմության իմաստներից մեկը հետևյալ կերպ է բացահայտել Ս. Եփրեմ Ասորին. Մովսես մարգարեի գրած Հնգամատյանի օրենքների հիմքում արդարությունն է, որն արտահայտվում էր կարիքավորի հանդեպ ողորմածությամբ: Եվ այդ ողորմածության օրենքի համաձայն՝ դաշտերում և այգիներում բերքահավաքի ժամանակ բերքից մի բաժին էին թողնում, որպեսզի կարիքավորները կարողանային հավաքել և հագեցնել իրենց քաղցը: «Երբ քաղես քո այգին, քաղից հետո ճռաքաղ չանես, դա թող պատկանի եկվորին, որբին ու այրուն, որպեսզի քո Տեր Աստվածը քեզ օրհնի քո բոլոր այն գործերում, որոնք ձեռնարկում ես» (Երկրորդ Օրենք 24:19-21): Այն թզենին, որից Հիսուս ուզում էր պտուղ քաղել և չկար, նշանակում էր, որ ծառի տերը ողջ բերքը հավաքել էր: Նույնիսկ ծառի գագաթի մեկ չորացած պտուղը կվկայեր այն մասին, որ թզենու տերը հիշել էր աղքատներին, բայց թզենու վրա պտուղ չկար: Մովսեսի կողմից հաստատված այս օրենքն այսօր չի գործում, բայց Հին ու Նոր կտակարաններին ծանոթ քրիստոնյան, որ ապրում է աստվածային պատվիրանների համաձայն՝ կհասկանա, որ թզենու պատմությունը հորդորում է իրեն ողորմած լինել: Միշտ էլ կգտնվի թեկուզ փոքր հնարավորություն՝ մերձավորին օգնելու, այսինքն՝ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք իր թզենին պտղազուրկ չթողնի:

 

Կարինե Սուգիկյան

06.09.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․