25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր հարցրեց հայր Մակարիոսին և ասաց. «Ի՞նչ են քաջությունն ու աղոթքը, հա՛յր»: Ասաց ծերը. «Քաջությունն ու աղոթքն այն են, երբ մեկը հաղթում է ամեն տեսակ փորձությունների, որոնք գալիս են նրա վրա թե՛ դևերից, թե՛ մարդկանցից, ինչպես գրված է. «Համբերելով համբերեցի Տիրոջը, և նա լսեց իմ աղոթքները» (Սաղմ. ԼԹ 2): Քանզի բարի են աղոթքները, բարի է և փորձություններին համբերելը, որպեսզի Տերը օգնի մեզ, և ձեռնամուխ լինենք բարի գործերի, քանի որ կրոնավորին խորթ է եղբոր վրա բարկանալը, խորթ է նաև ընկերոջը տրտմեցնելը, այլ պետք է նախ անել և հետո՝ սովորեցնել: Եվ պարտ է ունենալ կատարյալ խոնարհություն` ըստ առաքյալի, որ ասում է. «Առակ ու նշավակ եղանք ողջ աշխարհին» (Ա Կորնթ. Դ 13), և թե` «Մենք հիմարներ, իսկ դուք` իմաստուններ, մենք անարգներ, իսկ դուք` փառավորներ» (Ա Կորնթ. Դ 10). արդ, դրա համար էլ պետք է խնդանք` մինչ անարգվում ենք, և միշտ փրկություն համարենք վշտերն ու և տուժանքները, որ հանուն Աստծո են գալիս մեզ վրա: Եվ ինչպես Պետրոս առաքյալն է ասում. «Եթե արհամարհվեք Քրիստոսի անվան համար, երանելի եք դուք, և Աստծո Հոգին է բնակված ձեր մեջ» (Ա Պետ. Դ 14): Ուրեմն, եթե դա այդպես է, ապա պետք է ցնծանք, երբ արհամարհված լինենք Տիրոջ անվան համար, ինչպես ասվում է. «Ուրախանում էին, երբ Տիրոջ անվան համար անարգվում էին» (Գործք. Ե 41): Չգիտե՞ք, որ որդիները պարտավոր են հայրերին նմանվել. նույնպես և մենք պետք է նմանվենք Քրիստոսի առաքյալներին, ովքեր Ավետարանով ծնեցին մեզ: Եվ եթե նրանց որդիներն ենք, պարտավոր ենք նաև գործերով նրանց նմանվել, քանզի երբ նրանք անարգվում էին, ուրախանում էին, երբ զրպարտվում էին, մտքով չէին սասանվում, և երբ լսում էին հրեաներից, թե սրանք իրենց աղանդներով ու դյութանքներով ամբողջ աշխարհը խառնեցին, այս ամենից ոչ միայն չէին տրտմում, այլև ուրախանում էին և անիծող ներին՝ օրհնում: Եվ այս ամենը գրվեց նրա համար, որ ընթերցենք և նրա՛նց նմանվենք, և երբ հանդիպեն մեզ չարիքներ կամ անարգանք, երբ տուժենք, ծեծվենք կամ զրպարտվենք, կամ սուտ վկայություններ լինեն մեր դեմ, այս գիտությամբ և հույսով ցնծանք ամբողջ սրտով՝ իբրև բազում պատիվներ շահած, որով արժանի լինենք հաղորդակից լինելու առաքյալների, մարտիրոսների և բոլոր հայրերի ճգնություններին: Եթե վշտերին հաղորդակից լինենք, փառքին էլ հաղորդակից կլինենք: Սրանք պարտավոր է գործադրել ամեն մի քրիստոնյա, քանզի սա համընդհանուր օրենք է, որպեսզի աշակերտները լինենք սրանք քարոզողների: Առավել ևս կրոնավորները, որոնք աղքատ են և կամովին հրաժարված են աշխարհից և նրա բոլոր գործերից, պարտավոր են անել այդ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016