Արժանավոր մուտք Աստծու տաճար

Արժանավոր մուտք Աստծու տաճար | Arjanavor Mutq Asttsu Tachar

«Տե՛ր, ո՞վ կարող է Քո տուն մտնել, կամ ո՞վ պիտի բնակվի Քո սուրբ լեռան վրա» (հմմտ. Սաղմ. 14.1)։

Սա մեր հոգևոր կյանքի համար անհրաժեշտ հարցում է: Այդ հարցումն ընթերցում ենք Սուրբ Գրքում և պատասխանն էլ հենց այնտեղից ենք ստանում:

Ո՞վ կարող է մտնել Տիրոջ հարկի տակ. Տիրոջ տուն մտնելու համար կարևոր են մի շարք բարոյական պայմաններ, որոնց գործադրումը խիստ անհրաժեշտ է մեր հոգևոր կյանքում: Հնում մարդիկ, բնակվելու համար այն երկրում, որտեղ կաթ ու մեղր էր հոսում, պարտավոր էին իրենց պտուղների ու բերքի երախայրիքով ներկայանալ Աստծուն (տե՛ս Եզեկ. 45.6), իսկ Աստծու խորանում բնակվելու համար նույնքան կարևոր էր հոգալ պանդխտի, որբի և այրու կարիքները՝ նրանց վիճակը բարելավելու համար:

Այդ մասին մարգարեի պատգամը հստակ է (Բ Օր. 26.13-14): Բավական չէր միայն զոհերով ու ծիսական արարողակարգերով զբաղվելը, հարկ էր անհրաժեշտաբար կատարել Տիրոջ պատվիրաններն ու չմոռանալ աստվածպաշտությունը: Իսրայելին սակայն խոչընդոտում էին նյութական մտածումները և սգի ու մեռելների վերաբերյալ ավելորդ ծիսակատարությունները, ուստի Իսրայելը երբևէ չէր կարողանում բնակվել Տիրոջ հարկի տակ, այլ Աստծու տաճարի լուսեղեն կամարի «հովանավորությունն» էր միայն կրում:

Իսրայելը կարող էր մտնել ճշմարիտ ու հոգևոր երկիր՝ միմիայն կատարելով այն բարոյական պահանջները, որոնց գործադրումը հրամայել էր Ինքը՝ Աստված: Տաճար մտնողները կարող էին ուտել «սուրբ հացը» միայն այն ժամանակ, երբ «նրանք և նրանց զավակները կսրբանային իրենց գործերով» (Ա Թագ. 21.6):

«Նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, իր լեզվով ճշմարտություն է խոսում: Չի զրպարտում, ընկերոջը վատություն չի անում։ Մերձավորներից նախատինք չի ստանում, իսկ չարագործն անարգված է նրա աչքում: Այդպիսին փառաբանում է բարեպաշտներին, վաշխառություն չի անում, իրավունքի դեմ կաշառք չի վերցնում: Ով անում է այս, նա հավիտյան չի սասանվի» (Սաղմ․ 14.2-6):

Բարոյական հաստատուն գծեր․ ահա՛ թե ինչն է մեզ արժանի դարձնում մտնելու Աստծու տաճար, բնակվելու այնտեղ և պարզ ճակատով բարձրանալու այն «սուրբ լեռը», որտեղ ապրում է Ինքը՝ Աստված։ Հնում մարդիկ տաճարների դարպասներին համանման պատգամներ էին փորագրում, որպեսզի աղերսարկուները չհամարձակվեին հանպատրաստի մտնել այն նվիրական Տունը, որտեղից հույս ունեին ստանալ հոգու փրկությունը։ Այնտեղ մտնելու համար նոխազների արյունը կամ շքեղ ծեսերը բավարար չէին։ Մարգարեն պահանջում է մարդկային ներքին տաճարի «կահավորում» և պատրաստություն՝ Սուրբ Հոգու տաճար լինելու։

Այսօր էլ՝ քրիստոնեական Նոր Ուխտում, Աստծու տուն մտնելու պայմաններն անփոփոխ են մարդու համար։ Աստծու խորանից նույն արգելքն ու նույն պատգամն է հնչում․ «Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է» (Ելք 3․5)։ Այս պատգամը գեղեցկորեն պատշաճում է նաև բոլոր քրիստոնյաներին։

Բոցակեզ մորենու լույսով վառված լապտերը ձեռքին պետք է մոտենալ Աստծու տանը, որի շեմը չոտնակոխած՝ քրիստոնյան պիտի մտածի՝ արդյո՞ք նա համապատասխանում է բարոյական այն պայմաններին, որոնք Աստված պահանջում է․ չէ՞ որ առանց այդ պայմանները կատարելու անհնար է մեղքերի թողության և հոգու փրկության հույս ունենալ։

Հարկ է գիտենալ, որ երկնային մխիթարությունն իր զվարթարար ցողը հեղում է միայն այն ժամանակ, երբ աշխարհում մարդկային «սրբացում» է տեղի ունենում։ Փրկիչը Հորն ուղղված խոսքերում յուրայինների մասին ասում էր․ «Նրանք այս աշխարհից չեն, ինչպես Ես էլ աշխարհից չեմ: Սրբացրո՛ւ նրանց Քո ճշմարտությամբ, որովհետև Քո խոսքը ճշմարտություն է: Ինչպես Դու Ինձ ուղարկեցիր աշխարհ, Ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ: Եվ Ես Ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ» (Հովհ․ 16.19)։ Աշակերտների հետ քրիստոնյաները ևս պիտի սրբացվեն ճշմարտությամբ։

«Սրբացած» քրիստոնյաների հետ սակայն, ըստ Եկեղեցու օրինադրության, մեղավորները ևս խոստովանությամբ և ապաշխարությամբ կարող են Տիրոջ տուն մտնել և արժանանալ երանավետ փրկությանը։  

Կարող է այնպիսի կարծիք ձևավորվել, ըստ որի, հոյակերտ տաճարի գեղեցկությունից գեղարվեստական հաճույք ստանալով, մարդիկ կարող են իրենց ներսում հոգևոր կյանք «կառուցել», կամ էլ, քաղցրալուր մեղեդի կամ պերճախոս քարոզ լսելով, կարող են իրենց մեջ արթնացնել Աստծու սերը։ Կամ էլ թե, հոգևոր նկար կամ խորհրդավոր դրվագ տեսնելով, կարող են ցնծալ հոգևոր բերկրանքով։ Եվ կամ, հիացմունքով սրտառուչ բանաստեղծություն ունկնդրելով, կարող են դեպի Աստված բարձրացնել իրենց սրտերը։

Սակայն եթե հոգևոր տեսանկյունից դիտարկենք, կտեսնենք, որ այդ մտածումներն ընդունայն են, քանի որ արդեն բնության մեջ սփռված են ամեն տեսակի գեղեցկություն ու շքեղություն, և մարդիկ դրանք բնությունից են յուրացնում ու պատշաճեցնում իրենց կյանքին։

Ո՛չ շենքի հոյակերտությունը, ո՛չ երգի քաղցրությունը և ո՛չ էլ նկարի արվեստականությունը չեն կարող ապահովել այն արդյունքը, որից պիտի ծնունդ առնի հոգու փրկությունը։ Որևէ քանդակագործի կամ նկարչի գաղափարի ուժգնությունը, որքան սքանչելի մարմարե քանդակ կամ կտավ էլ արարի, ոչինչ է քրիստոնյայի փրկության համեմատ, նույնիսկ եթե այդ գլուխգործոցը ներշնչված լինի բարեպաշտական զգացումներով։

Գեղարվեստական արժեքը չի կարող «ապահովել» հավատացյալի՝ Աստծու տաճար արժանավոր մուտքը։ Քրիստոնյա մարդը, դեռ տաճարից ներս չմտած, մի շարք բարոյական պարտականություններ պիտի ստանձնի։ Մարդ, եթե իր հանդուգն քայլերն ուղղի դեպի տաճար առանց այդ պարտականությունները կատարելու, չի կարող «օգտվել» ո՛չ տաճարի լուսաշող կանթեղներից և ո՛չ էլ խորանի պերճախոսությունից։

Այդ փրկարար պայմանների հետ հարկ է տաճարի սեմի առջև լրջորեն խորհելու անհրաժեշտ պահանջը ևս «բավարարել», առանց որի մուտքը տաճար ապարդյուն է, քանի որ, ինչպես ասում է Պասկալը, «եթե մարդ իր կյանքի ընթացքում ինքն իրեն անդրադառնալու «կարիքը» չի զգում, նա բոլորովին զուրկ է բարոյական սկզբունքներից»։ Մարդ պիտի ճանաչի իր անձն ու միայն այդպես մուտք գործի Տիրոջ տուն։

Ուզո՞ւմ ես հստակատես մտքով ու հանգիստ խղճով բարձրանալ «Տիրոջ լեռն» ու «սրբավայրը», ուրեմն պիտի մեկընդմիշտ գիտենաս, որ հարկավոր են «սուրբ ձեռքեր» ու «անբիծ սիրտ», անհրաժեշտ է լինել «բարի» և «անսուտ» (հմմտ․ Սաղմ․ 23.3-4)։

Ուրեմն այն հավատացյալները, որոնք բավարարում են այդ անհրաժեշտ պայմանները և ջանում են բարոյական սկզբունքներով արժանանալ փրկությանը, միայն նրանք են «արժանավոր մուտք» ունենում Աստծու տաճար, ուստի իրավամբ «Տիրոջից օգնություն պիտի ստանան և ողորմություն՝ Աստծուց» (հմմտ․ Սաղմ․ 23.5)։

 

Մկրտիչ եպս. Աղավնունի, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

28.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․