25 Նոյեմբեր, Բշ
Երկու իմաստասերներ գնացին ոմն ծերի մոտ և խնդրեցին նրան, որպեսզի կենաց խոսք ասի իրենց: Իսկ ծերը լուռ էր: Սակայն նրանք դարձյալ բռնադատում էին ծերին և ասում. «Ոչինչ չե՞ս ուզում խոսել մեզ հետ, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Որ դուք բանասերներ եք` գիտեմ, և որ ճշմարիտ իմաստասերներ չեք` վկայում եմ: Մինչև ե՞րբ եք սովորելու ասել, և չգիտե՞ք, որ պետք է ասածն անել: Գնացե՛ք և սովորե՛ք լռություն, մահվան խոկում, հանդարտություն և զգաստություն»: Երբ լսեցին իմաստասերները, ասացին. «Հիրավի, ա՛յս է աստվածային իմաստությունը, որ ասածը գործով կատարեն, որպեսզի մահվան խոկման միջոցով սպանվեն ախտերը, և նույն գանձը պահվի լռության և հանդարտ զգաստության միջոցով»: Եվ իրենց գլուխները խոնարհելով՝ երկրպագեցին և ամեն ինչում շահած՝ գնացին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016