Աշխատանքի հանդեպ սերը

- Հա՛յր, որոշ մարդիկ ինչո՞ւ են ձանձրանում աշխատանքի ժամանակ:

- Միգուցե նրանք չե՞ն սիրում իրենց աշխատանքը: Կամ էլ միգուցե աշխատանքի ժամանակ անընդհատ միևնույն բանո՞վ են զբաղված: Հաճախ որոշ արտադրություններում, օրինակ՝ արտադրամասում, որ դռներ ու պատուհաններ է արտադրում, մի վարպետն առավոտից երեկո տախտակներ է իրար կպցնում, մյուսն անընդհատ ապակի է տեղադրում դրանց մեջ, երրորդն ամեն օր մածկում է դրանք: Այդ մարդիկ անընդհատ միևնույն միօրինակ գործողությունն են կատարում, իսկ տերը շրջում ու վերահսկում է նրանց: Եվ դա մեկ օր չէ, որ շարունակվում է, ոչ էլ՝ երկու: Իսկ անընդհատ միևնույն բանն անելը ձանձրացնում է: Հնում այդպես չէր. ատաղձագործը շինարարներից չորս պատ էր ստանում և պարտավոր էր տիրոջը պատրաստի տուն հանձնել: Նա պետք է հատակը պատրաստեր, դռներն ու լուսամուտները տեղադրեր, մածուկ քսեր ապակիներին և այլն: Այնուհետև նա անցնում էր տարբեր պտուտակաձև սանդուղքներին, նրբաձև ճաղաշարերին, հետո այդ ամենը ներկում էր, այնուհետև հերթը հասնում էր պահարաններին, դարակներին… Իսկ վերջում անցնում էր կահույքի պատրաստմանը: Եվ եթե նույնիսկ մեկ վարպետը չեր զբաղվում այդ ամենով, միևնույն է, նա գիտեր, թե ինչը ոնց անել: Անհրաժեշտության դեպքում հյուսնը կարող էր նույնիսկ տանիքը կղմինդրապատել:

Այսօր շատ մարդիկ տանջված են, որովհետև չեն սիրում իրենց աշխատանքը: Նրանք ժամացույցին են նայում և անհամբերությամբ սպասում են տուն գնալու ժամին: Իսկ եթե մարդը հոգատարություն ու ջանադրություն զգա աշխատանքի նկատմամբ և անտարբեր չլինի դրա հանդեպ, ապա որքան ավելի աշխատի, այնքան կբորբոքվի նրա ջանասիրությունը: Հետո մարդն այնքան է տրվում աշխատանքին, որ երբ գնալու ժամանակը գալիս է, զարմանքով հարցնում է. «Ինպե՞ս թռավ ժամանակը»: Նա մոռանում է ուտելու, քնելու, ամեն ինչի մասին: Եթե նույնիսկ ոչինչ չի կերել, միևնույն է քաղց չի զգում և եթե նույնիսկ չի քնել, ապա՝ քունը չի տանում: Եվ ոչ միայն չի տանում՝ նա ուրախանում է, որ չի քնում: Նա չի տանջվում քաղցից կամ քնի պակասից. աշխատանքն այդպիսի մարդու համար տոնակատարություն է:

- Հա՛յր, ենթադրենք, որ երկու հոգի միևնույն աշխատանքն են կատարում: Ինչո՞ւ է մեկը դրանից հոգևոր օգուտ ստանում, իսկ մյուսը՝ հոգևոր վնաս:

- Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես են նրանք անում այդ աշխատանքը և ինչ ունեն իրենց մեջ: Եթե մարդ խոնարհությամբ ու սիրով է աշխատում, ապա այն ամենն (ինչ անում է) լուսավորյալ կլինի, մաքրագործված, բարեբեր ուրախությամբ լի, և նա իր մեջ ուժերի ներքին վերականգնում է զգում: Իսկ եթե նա հպարտանա այն մտքով, որ ուրիշներից լավ է աշխատում, ապա՝ կարող է որոշակի բավարարվածություն զգալ, սակայն այդ բավարարվածությունը չի լցնում նրա սիրտը, որովհետև հոգին (հոգևոր) ծանուցում չի ստանում, հանգստություն չի ունենում:

Դրանից բացի, եթե մարդ իր աշխատանքն առանց սիրո է անում, ապա հոգնում է: Օրինակ՝ եթե մեկն իր աշխատանքը չի սիրում և այն ավարտելու համար պետք է սար բարձրանա, ապա այդ սարի տեսքը միայն նրա ողջ ուժերը քամում է: Իսկ մեկ ուրիշն, ով այդ նույնն ի սրտե է անում՝ թռչելով է բարձրանում սարի գագաթը՝ ինքն էլ դա չնկատելով: Օրինակ, եթե մարդը մարգերն է փխրեցնում կամ բանջարանոցն ի սրտե է մշակում, ապա նա կարող է մի քանի ժամ, առանց հոգնելու, աշխատել՝ ուշադրություն չդարձնելով, որ արևն այրում է: Իսկ եթե մարդը սրտանց չի աշխատում, ապա անընդհատ կանգ է առնում, հորանջում է, բողոքում շոգից և տառապում է:

- Հա՛յր, աշխատանքը կամ գիտությունը կարո՞ղ են մարդուն այնքան կլանել, որ նա անտարբեր դառնա իր ընտանիքի և այլ պարտականությունների նկատմամբ:

- Աշխատանքն ուղղակի պետք է սիրել. պետք չէ սիրահարված լինել դրան: Եթե մարդը չսիրի իր աշխատանքը, ապա կրկնակի կհոգնի՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Իսկ եթե նա հոգեպես հոգնած լինի, ապա ֆիզիկական հանգիստն էլ նրա ուժերը չի վերականգնի: Հոգեկան հոգնածություն. ահա թե ինչն է ուժասպառ անում մարդուն: Ի սրտե աշխատելով և ուրախություն զգալով՝ մարդ չի կորցնում իր հոգեկան ուժերն ու ֆիզիկական հոգնածությունը նույնպես անհետանում է: Ես մի գեներալի եմ ճանաչում, ով նույնիսկ շարքային զինվորի գործ է անում: Գիտե՞ք, թե որքա՜ն սրտացավ է զինվորների նկատմամբ: Ինչպես հայրը կլինի: Եվ գիտե՞ք, թե ի՜նչ ուրախություն է ապրում: Այդ մարդն իր պարտականությունն է կատարում և ուրախանում է: Մի անգամ, կեսգիշերին նա դուրս եկավ Էվրոսից*, որպեսզի Լարիսա գնա Սուրբ Աքիլիոսի** հիշատակության օրը և ժամանակին հասնի Սուրբ Պատարագին, չնայած, որ կարող էր ավելի ուշ գնալ և մասնակցել միայն հոգեհանգստին: Սակայն նա որոշեց ավելի շուտ գնալ, որպեսզի պատվի Սրբին: Այդ մարդն ամեն ինչ սրտանց է անում:

Այն հաճույքը, որ զգում է իր աշխատանքը բարեպաշտորեն կատարող մարդը՝ բարի հաճույք է: Այդ հաճույքն Աստված է տվել, որպեսզի Իր արարածը չհոգնի: Դա հոգնածության միջոցով՝ ուժերի վերականգնում է:

 

* Էվրոս – գետ հյուսիս-արևելյան Հունաստանում, Թուրքիայի հետ սահմանին:

** Աքիլիոս Լարիսացի Լուսավորչի (մոտ. 330թ.) հիշատակության օրը, որ նշվում է մայիսի 15-ին:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

30.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․